Ֆուտբոլ. «Փյունիկը» դուրս է մնում 2012-ի գավաթի խաղարկությունից, հայտնի է դառնում կիսաեզրափակչի քառյակը

Ֆուտբոլ. «Փյունիկը» դուրս է մնում 2012-ի գավաթի խաղարկությունից, հայտնի է դառնում կիսաեզրափակչի քառյակը

Ֆոտոլուր

Տասը տարվա մեջ առաջին անգամ չկարողանալով դառնալ չեմպիոն` երիտասարդացած կազմով «Փյունիկը» դուրս մնաց նաև գալիք մրցաշրջանի գավաթի խաղարկությունից:


Հինգշաբթի 2012 թ. գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպմանը Վարդան Մինասյանի սաները 3:1 հաշվով պարտվեցին «Միկային», որը, ընդհանուր հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, անցավ հաջորդ փուլ (շաբաթավերջին երկու թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով):

2011 թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող «Ուլիսը» չորեքշաբթի 2:3 հաշվով պարտվեց «Արարատին», սակայն անցավ կիսաեզրափակիչ, քանի որ առաջին հանդիպմանը բարձրագույն խմբի առաջնության հետնապահի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակ էր տոնել:

Կիսաեզրափակչի մյուս զույգն է Դիլիջանի «Իմպուլսը» (երկու անգամ 1:0 հաշվով հաղթել է Կապանի «Գանձասարին») ու Գյումրու «Շիրակը», որը մրցապայքարից դուրս թողեց «Բանանցին» (2:1, 0:0):

Գավաթի խաղարկությունը կշարունակվի մինչև գարնան վերջ: Հաղթողն իրավունք կստանա ներկայացնելու Հայաստանը Եվրոպայի երկրորդ հեղինակավոր ակումբային մրցաշարում` Եվրոպայի լիգայում:

ԱրմենիաՆաուի էջերում