Գունային կոդավորում՝ «նարնջագույն», «վարդերի» կամ «ծիրանագույն». barevolution-ը ձևափոխում է Հայաստանում հետընտրական հակամարտության բնորոշումը

Գունային կոդավորում՝ «նարնջագույն», «վարդերի» կամ «ծիրանագույն». barevolution-ը ձևափոխում է Հայաստանում հետընտրական հակամարտության բնորոշումը

Ֆոտոլուր

Նարնջագույն ու վարդագույն հեղափոխությունները հայտնի են հատկապես հետխորհրդային երկրներից մի քանիսում, Հայաստանում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո սկիզբ առած ծիրանագույն barevolution-ը մոտ է նարնջագույնին:


Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի՝ Հայաստանում տեղի է ունենում ընդամենը ընտրական հեղափոխություն, ինչը չի ցանկանում նարնջագույն անվանել:

«Ընտրական հեղափոխություն է կատարվում Հայաստանում, ով ինչ գույն ուզում է թող տա»,- ասում է նա:

Այդուհանդերձ, այսօր հանրահավաքներին ու դասադուլներին մասնակցող երիտասարդների թևերին նարնջագույն ժապավեն է կապված: Բացի ծիրանագույն barevolution-ից, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը հայաստանյան քաղաքական դաշտ ներմուծեց քաղաքական նոր տեխնոլոգիաներ: Հայտնի բարևին հաջորդեցին հետընտրական մարզային այցելությունները, բացօթյա ասուլիսները, հանրահավաքներում բաց քվեարկությունները, երիտասարդ քաղաքացիական ակտիվիստների ելույթները:

Սակայն քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ քաղաքական գործիքների կիրառումը անիմաստ է, եթե բացակայում է քաղաքական գործընթացը:

Համեմատելով 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը այսօրվա ընդդիմության հետ՝ նա «ԱրմենիաՆաուին» ասում է. «Տարբերությունը ոչ թե գործիքների մեջ է, այլ բովանդակային պայքարի: 2008-ին էլ կային մարդիկ, որոնք նարնջագույն փողկապներ էին կապում, հիմա փողկապ չեն կապում, ընդամենը թևկապ են կապում, դա ինչ-որ բան փոխո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե ոչ: Պարզապես 2008-ին հստակ պարզ էր, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ու իր կողմնակիցներն ինչ էին ուզում, այսօր հստակ չէ՝ Րաֆֆին ի՞նչ է ուզում»:

«Ժառանգություն» կուսակցությունից Դավիթ Սանասարյանն ասում է, որ նման շարժումներում արտաքինը և բովանդակայինը կարևոր են, սակայն չի կապում այդ խորհրդանշանները նարնջագույն կամ վարդերի հեղափոխությունների հետ, իսկ barevolution-ը համարում է հաջողված անուն հատկապես երիտասարդության շրջանում:

Հովհաննիսյանի կիրառած գործիքներից հատկապես նոր է համարում վիրավորական ոչ մի նոտա չպարունակող նրա խոսքը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ի տարբերություն 2008-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների:

«Սա չի նշանակում, որ դրա մեջ զիջում կամ խոնարհում կա: Նա ասում է՝ պարտվե՞լ ես, պարտավոր ես ընդունել պարտությունդ: Նոր մշակույթ է մեզանում: Իսկ Րաֆֆիի բարևը շատ ավելի կարևոր սոցիոլոգիական հարցում էր, քան մնացած բոլոր հարցումները»,- ասում է Սանասարյանը «ԱրմենիաՆաուին»:

Եթե 2008-ին հանրահավաքներում Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնացնում էր ղարաբաղցիներին, նաև անդրադառնում մուսալեռցի լինելու իր հանգամանքին, այս ընդդիմությունը փորձում է այդ տարանջատումը վերացնել:

Անցյալ շաբաթ հանրահահաքում ՀԱԿ-ի խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԵՊՀ-ում օրեր առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը քաղաքացիական պայքարի ելած ուսանողների դեմ օգնության էր կանչել «ախալքալաքցիների զորքին» (ջավախքցի ուսանողներին), ասել էր. «Մենք թույլ չենք տալու արցախցուն բաժանել հայաստանցուց, ախալքալաքցուն՝ իջևանցուց։ Ես երևանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի եմ, ղարաբաղցի եմ նույնքան, որքան ախալքալաքցի: Ժողովուրդը երբեք չի պայքարել մեկը մյուսի դեմ, մեր պայքարը բռնության, ապօրինության ու ամենաթողության դեմ է: Եվ ուրեմն սա պայքար է հանուն հայ ժողովրդի միասնության»:

Նույն հանրահավաքում երգահան Ռուբեն Հախվերդյանը ասել էր. «Ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք ա մեզ, ասենք, ղեկավարի»՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին: Սա քննարկումների մեծ ալիք էր բարձրացրել սոցցանցերում ու լրատվամիջոցներում: Քննադատվում էր, որ այդ շարժման մեջ հայտնված արվեստագետը կարող է նման արտահայտություն թույլ տալ:

Դավիթ Սանասարյանն ասում է. «Շարժման գիծը տանում է Րաֆֆին… Պարզապես նման բան են փնտրում, որ միանգամից խփեն»:

Արմեն Բադալյանն էլ համոզված է, որ barevolution-ը այլևս վտանգ չի ներկայացնում: Ըստ նրա՝ «նախագահական ընտրություններ» անվանումով միջոցառումը դե ֆատկո և դե յուրե ավարտվել է՝ ինչին հակադարձելով Սանասարյանն ասում է. «Շարժման զարկերակը մնում է: Րաֆֆին չի գնում առճակատման ճանապարհով, բայց ես կարծում եմ, որ երբ բոլոր ճանապարհները իշխանության կողմից փակվեն, այդ առճակատումը լինելու է: Քաղաքացիները չեն հանդուրժում, որ իրենց ձայները գրպանվել են: Իշխանություններին ձեռք չի տալիս պայքարի նման միջոցը՝ բարևի ու սիրո մեջ, երբ մարդիկ գնալով միանում են մեր շարքերին: Երբ իշխանությունը զգաց, որ կորցնում է, չի դիմանալու և գնալու է բախման»:

ԱրմենիաՆաուի էջերում