2009 թվականը և արձանագրությունները. «ճանապարհային քարտեզից» մինչև մերձեցման փակուղի
Անցնող տարին նշանավորվել է հայ-թուրքական երկխոսությամբ, մինչ մնացած թեմաները, ի թիվս որոնց անգամ ղարաբաղյան հարցը, ենթարկվում և ընկալվում էր այդ ֆոնի վրա: Գործընթացը սկսվել է դեռ հունվարից, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը հետաքրքրված է Մեծամորի ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի մասնակցությամբ: Այս ելույթն 2009 թ. առաջին շոկը դարձավ և սահմանեց տարվա գլխավոր էմոցիոնալ ֆոնը` հայ-թուրքական հարաբերությունները: Այդ ժամանակ շատերը բողոքի ակցիաներ կազմակերպեցին, «որպեսզի թույլ չտան, որ Թուրքիան ներգրավվի Հայաստանի միջուկային գաղտնիքների մեջ»: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, գլխավորը դեռ առջևում էր: Ապրիլին` Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախօրեին, Շվեյցարիայից հանկարծ լուր ստացվեց, որ Երևանն ու Անկարան ինչ-որ «ճանապարհային քարտեզ» են ստորագրել: Բոլոր կարևոր նորությունները միանգամից երրորդ պլան մղվեցին, և աշխարհասփյուռ հայությունը սկսեց զուր ջանքեր գործադրել տխրահռչակ «ճանապարհային քարտեզի» էությունը հասկանալու համար: Գրեթե ողջ վարչական-բյուրոկրատական ապարատը, իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների` Հանրապետական, «Բարգավաճ Հայաստանի» և «Օրինաց երկրի» ներկայացուցիչները, հանկարծ դարձան հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման ամենաջերմ ջատագովները: «Ճանապարհային քարտեզի» աջակիցները դարձավ նաև Հայաստանի գործարար համայնքի մեծ մասը: Այս խավի դիրքորոշումը ևս հասկանալի էր` Հայաստանի սահմանների բացումը դրական ազդեցություն կունենա բեռնափոխադրումների ժամկետների և ծախսերի վրա, իսկ դա խիստ շահեկան է: «Ճանապարհային քարտեզի» ստորագրման փաստի կապակցությամբ կտրուկ քննադատությամբ հանդես եկավ ՀՅԴ կուսակցությունը: Այն հայտարարեց, որ 16 տարի տևած Թուրքիայի շրջափակումը եղել և մնում է պատերազմելու ձև, և անթույլատրելի է թշնամու հետ արձանագրություններ ստորագրել, երբ նա շարունակում է պատերազմը, աջակցում Ադրբեջանին և չի ընդունում 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Մինչ հասարակությունը փորձում էր գլուխ հանել «ճանապարհային քարտեզի» էությունից, Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն ամռան վերջին օրը հասցրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններ նախաստորագրել: Ի տարբերություն «ճանապարհային քարտեզի»` արձանագրությունները հրապարակվեցին, և շատ հարցեր պատասխաններ ստացան. Երևանը պաշտոնապես հրաժարվում էր որևէ տարածքային պահանջներից և պարտավորվում էր ճանաչել գոյություն ունեցող միջազգային սահմանները, իսկ Թուրքիան` ապաշրջափակում էր Հայաստանի հաղորդակցությունները: Արձանագրությունների հրապարակումից հետո Դաշնակցությունը կրկին բողոք բարձրացրեց: Դաշնակցության ակցիային միացան ավելի քան տասնյակ քաղաքական կազմակերպություններ: Բողոքի ալիքը հասավ Լոս Անջելես, Փարիզ, ինչպես նաև ինտերնետ: Արձանագրությունների շուրջ բանավեճերը պառակտեցին Գիտությունների ազգային ակադեմիան. Պատմության ինստիտուտը կտրուկ դեմ արտահայտվեց իշխանությունների վարած քաղաքականությանը, մինչդեռ Արևելագիտության ինստիտուտը աջակցեց դրան: Կոալիցիոն իշխանության կուսակցությունները և գործարար համայնքը համախմբվեցին մեկ «աջակցող կառույցի» մեջ, և նախագահի ու արտգործնախարարի հետ կրկնում էին նույնը. «արձանագրություններում նախապայմաններ չկան, ղարաբաղյան խնդիրը առանձին խնդիր է, Ցեղասպանությունը եղել է»: Հուլիսին, քանի դեռ արձանագրությունների վերաբերյալ զայրույթը իր կիզակետին չէր հասել, Դաշնակցության Հայ դատի կենտրոնական խորհրդի նախաձեռնությամբ Ստեփանակերտում համահայկական խորհրդաժողով անցկացվեց, որին մասնակցեցին աշխարհի 20 երկրներից ժամանած 120 պատվիրակություններ: Իշխանությունների առաջ պահանջ դրվեց` պաշտոնանկ անել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, հնչեցին նաև նախագահին իմպիչմենտ անելու մտքեր: Ի պատասխան Հայ դատի կազմակերպած համահայկական խորհրդաժողովի` հոկտեմբերին մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղևորությունը դեպի ամենամեծ և ակտիվ հայկական սփյուռք ունեցող չորս երկրներ` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Լիբանան: Այցելությունը հարթ չանցավ, և շատ քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացվեցին: Օրինակ` Փարիզում Հայաստանի նախագահին չթողեցին մոտենալ Կոմիտասի հուշարձանին, իսկ Գլենդելում Լոս Անջելեսի հայ համայնքի ավելի քան 10 հազար ներկայացուցիչներ ևս փողոց էին դուրս եկել` բողոքելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ: Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին փաստաթղթերի վերջնական տարբերակները: Արձանագրությունները ստորագրելուց հետո Դաշնակցությունը բաց խորհրդարանական լսումներ կազմակերպեց, որոնք վերածվեցին իշխող խմբակցությունների և ընդդիմադիրների միջև լեզվակռվի: Ավելի ուշ հանրահավաք կազմակարպվեց, որի ժամանակ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Երկրում պետք է փոխել ոչ միայն նախագահին և կառավարությունը, այլև կառավարման ողջ համակարգը»: Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի ներքին լարվածությունը թուլացավ Թուրքիայի պատճառով, երբ պարզ դարձավ, որ արձանագրությունների վավերացման գործընթացը կարող է դադարեցվել, եթե Թուրքիան շարունակի ղարաբաղյան հարցը կապել արձանագրությունների վավերացման հետ: Մի քանի ամիսների ընթացքում Անկարան բազմիցս հայտարարել է, որ առանց ղարաբաղյան խնդիրը լուծելու Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն կարող հաստատվել: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Վաշինգտոն կատարած դեկտեմբերյան այցից հետո, երբ չնայած բոլոր ջանքերին` նախագահ Օբամային չհաջողվեց համոզել Թուրքիայի վարչապետին, վերջնականապես պարզ դարձավ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու ճանապարհին «ղարաբաղյան թեմայից» չի ընկրկի: Բառացիորեն հաջորդ օրը Հայաստանի նախագահը հասկացրեց, որ Հայաստանը կարող է վերանայել ստորագրված արձանագրությունները, իսկ վարչապետն ընդգծեց, որ Երևանը կարող է ոչ միայն չվավերացնել փաստաթղթերը, այլև դուրս գալ բանակցային գործընթացից: Այս անգամ վարչապետ Սարգսյանը ոչինչ չասաց ատոմակայանի մասին: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.