Մշակույթ 2009. հին ու բարի ռոքը և նոր փառատոները
Այս տարվա մշակութային միտումներից էր լեգենդար ռոք խմբերի, այդ թվում` «Յուրայա Հիփի» համերգային այցերը Հայաստան: Տարին սկսվեց բրիտանական լեգենդար ռոք խմբի` «Ջեթրո Թալի» մայիսյան այցելությամբ, հոկտեմբերին 4000-ից ավելի հանդիսատեսի առաջ համերգ տվեց 40 տարվա պատմություն ունեցող համաշխարհային բրիտանական մեկ այլ լեգենդար խումբ` «Յուրայա Հիփը»: Նույն ամսին «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ռոքի սիրահարներն առիթ ունեցան տեսնելու «Դիփ փարփլ» խմբի մեներգիչ Յան Գիլանին ու «Բլեք սաբաթ» խմբի կիթառահար Թոնի Այոմիին, որոնք եկել էին ՀՀ կառավարության կողմից «Պատվո շքանշան» ստանալու` տարիներ առաջ Սպիտակի աղետի գոտուն օգնելու համար: Նրանք միայն շքանշան են ստացել: Իսկ տարին ավարտվեց արդեն 2010 թ. նախատեսվող խոշոր ռոք ծրագրի հաստատումով`մայիսի 25-ին Հայասատանում համերգ է տալու «Դիփ փարփլ» խումբն իր ամբողջ կազմով` ռոքային հրավառություն կազմակերպելով երկրպագուների համար: 2009 թ. մշակութային տարին ռոքային էր նաև սփյուռքահայության համար. «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս տարի առաջին անգամ մասնակցեց Լոս Անջելեսի ամենամյա հայկական երաժշտության մրցանակաբաշխությանը: Մշակութային տարին վերահաստատեց նաև նախորդ տարիների կոչումներից մեկը`փառատոնային լինելը: Հուլիսից մինչև աշնան վերջը մոտ 30 փառատոն անցկացվեց («Հայֆեստ», «Բաց երաժշտություն» փառատոն, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն, Շեքսպիրյան միջազգային փառատոն, «Արևորդի» բնապահպանական փառատոն և այլն): Այս փառատոների շարքում նորություն էր «Բաց երաժշտություն» փառատոնը, քանի որ առաջին անգամ էր բացօթյա փառատոն անցկացվում`150-ից ավելի մասնակիցներով «Մոսկվա» կինոթատրոնի 800-տեղանոց ամառային բացօթյա դահլիճում: «Սա առաջին փառատոնն էր, որ արվեստագետների համար ստեղծեց լուրջ, առողջ ֆորում, որը բացակայում էր մեր իրականության մեջ»,- կարծում է փառատոնի հեղինակ, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Մաեստրոյի կարծիքով` փառատոնի առանձնահատկություններից մեկը ամենատարբեր ժանրերի`ջազային, դասական, ավանգարդ, ժողովրդական, իմպրովիզացիոն և ռոք երաժշտությունը միավորելու հնարավորությունն էր: Այս ամառ ևս (արդեն 6 տարվա պատմություն ունեցող) «Ոսկե ծիրան» կինոփառատոնը «քաղցր էր». ներկայացված էին 110 ֆիլմեր 40 երկրներից: «Այս փառատոնը հաստատեց իր գոյությունը` մեր կյանքը ևս մեկ անգամ մեկ շաբաթով վերածելով «կինոյի»,- «ԱրմենիաՆաուին» ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 2009 թ. հայ կինեմատոգրաֆիստները նաև առաջին անգամ մասնակցեցին Կաննի միջազգային հեղինակավոր փառատոնի կինոշուկային, որի ժամանակ ներկայացրին 2006-2009 թթ. նկարահանված շուրջ 30 գեղարվեստական, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմեր: Տարին բեղմնավոր էր նաև հայկական բալետի համար. տասնութ տարի դադարից հետո Հայաստանում բեմադրվեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Այն բեմադրելու համար Հայաստան ժամանեց ռուս հանրահայտ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, որի 1968 թ. «Սպարտակ» բեմադրությունը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: «Հեշտ է, երբ տարբեր արվեստագետներ այցելում են Հայաստան ու հեռանում: Շատ ավելի դժվար է, երբ դու խնդիր ունես ստեղծել սեփական արտադրանք, և այդ իմաստով «Սպարտակը» համարում եմ ձեռքբերում, քանի որ նման ներկայացման բացակայությունը մեծ բացթողում էր մեզ համար»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Հասմիկ Պողոսյանը: Նախարարի հրավերով Հայաստանում այժմ արդեն աշխատում է ԱՄՆ-ում «Արկա» բալետի դպրոցի ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը, որը 2008 թ. բալետի թատրոնի խաղացանկը 7 տարվա ընդմիջումից հետո հարստացրեց երկու ներկայացումներով` «Տանգո» և «Վարդանանք»: Այժմ նա մտածում է Հայաստանում նոր բեմադրությունների մասին: Հայաստանի արվեստասեր հասարակությունը երկար էր սպասում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի բացմանը, որի մասին հայտարարվել էր դեռ 2002 թ., ակնկալվում էր` 2007-ին: Այս վիթխարի նախագիծը կոչված էր վերանորոգելու Երևանի Կասկադը, որի վերնամասը պսակելու էր համաշխարհային չափանիշներին համապատասխանող եզակի թանգարանը` հյուրընկալելով բարերար Ջերարդ Գաֆեսճյանի թանկարժեք ապակյա հավաքածուն: Նախագծի վերջնաժամկետից երկու տարի անց գլխավոր թանգարանը դեռ պատրաստ չէր, սակայն մոտ 35 մլն դոլարի ներդրման և «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի տարիներ շարունակ գործադրած ջանքերի շնորհիվ այդ անհրապույր և կիսաքայքայված հետիոտնի սանդուղքներով ու աստիճանահարթակներով Կասկադը վերածվել է տեղաբնակների և զբոսաշրջիկների համար գեղատեսիլ զբոսատեղիի: Հատկապես ուշագրավ է համաշխարհային հռչակ վայելող քանդակագործների, ի թիվս որոնց` Ֆեռնանդո Բոտեռոյի, բազմաթիվ արձաններով զարդարված Թամանյանի պուրակը: Եվ վերջապես, նոյեմբերի սկզբին բացվեց այդ համալիրի առաջին ցուցահանդեսը` ներկայացնելով «Լիբենսկի -Բրիխտովա. Հայաստանի համար» վերնագրված ապակյա ինստալյացիաների հավաքածուն: Հավաքածուի դիզայներն ու ինստալյացիա անողը չեխ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովան է, որն իր հանգուցյալ ամուսնու` Ստանիսլավ Լիբենսկու հետ ստեղծած ավելի քան 100 արվեստի նմուշները տեղ են գտել Գաֆեսճյանի հավաքածուի մեջ: Արվեստի կենտրոնի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն. «Հայաստանի համար» հավաքածուի արվեստի նմուշներից շատերը հիշեցնում են Հայաստանի ավանդական խաչքարերը, որոնք հոգևոր խորհուրդ են հաղորդել աշխատանքներին և իրական կապ ստեղծել արվեստագետների ու այն երկրի միջև, որով նրանք հիացած են: Իսկ Լիբենսկու և Բրիխտովայի կապը Հայաստանի հետ սկսվել էր դեռ 1980-ականներից, երբ արվեստագետները ծանոթացան Հայաստանի մշակույթին ու պատմությանը: 1988 թ. ավերիչ երկրաշարժը խոր ազդեցություն թողեց արվեստագետների վրա, որի արդյունքում ստեղծվեց «Քաղաքի ուրվապատկերը» (1989թ.) եռաքանդակը (տրիպտիխ)»: «Կարծում եմ` Հայաստանի արվեստասեր հասարակությունը կգնահատի և կհասկանա, թե ինչ ենք արտահայտել մեր արվեստով»,- ասաց Յարոսլավա Բրիխտովան` մասնակցելով կենտրոնի, ինչպես նաև ինստալյացիաների հավաքածուի բացման արարողությանը: Տարին եզրափակվեց խոշոր ներդրումով Ճապոնիայի կառավարության կողմից: Այն Հայաստանի ազգային պատկերասրահին կհատկացնի 27 900 000 (306 590 դոլար) ճապոնական իենի չափով տեխնիկական սարքավորումներ, որոնք կնպաստեն այդ հաստատության տեխնիկական հագեցվածությանը, մասնավորապես` արդիական սարքավորումներով և մեթոդներով պահպանման որակի բարձրացմանը: Արդյունքում` գեղանկարները կվերականգնվեն և փայտե նմուշների վերականգնման արվեստանոցի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք կբերվեն: Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության բյուջեն 2008 թ. 7 մլրդ 125 մլն 562 հազար 500 դրամ էր (18 մլն 500 000 դոլար), իսկ 2009 թ.` 8 մլրդ 208 մլն 827 հազար 600 դրամ (21 մլն 300 000 դոլար):
Other Articles in Features
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.