Բլղուր + միս = իշլի քուֆթա. վարպետության դաս
«Ջուր լցնում ենք այնքան, որ բլղուրը գրեթե ծածկվի, ու լավ հունցում: Ասեմ, որ աղ չենք ավելացնում, իսկ կարմիր պղպեղը պետք է շատ կծու չլինի»,- ասում է իշլի քուֆթայի պատրաստման գաղտնիքները բացահայտած 45-ամյա Մարո Սարգսյանը: Արևելյան խոհանոցի ավանդույթները Մարոն սովորել է մորից, որը Հայաստան է ներգաղթել Սիրիայից: «Դե, իշլի քուֆթան Հայաստան բերել են սիրիահայերը: Այս ուտեստը սովորաբար պատրաստում էին սիրիահայերը: Այդուամենայնիվ, վերջին տարիներին իշլի քուֆթան ավելի շատ սկսեցին պատրաստել նաև տեղացի հայերը: Այսօր այն շատ տարածված է և գրեթե բոլորի տներում ամանորյա սեղանի զարդն է»,- ասում է նա: Մարոն սպասում է, որ բլղուրի հատիկներն ուռչեն: Ասում է, որ դա շատ կարևոր է. «Ուտելու ժամանակ բլղուրի հատիկները չպետք է ատամի տակ ընկնեն»: Մարոն անցնում է գործի: Արդեն թրջված բլղուրին ավելացնում է 1 կգ քուֆթայի ծեծած միսը ու ավելի ուժգին հարվածներով սկսում հունցել այն: Թասում ստեղծված խառնաշփոթը խելքի են բերում Մարոյի ձեռքերը: Աջից` ձախ, հետո` ձախից աջ: Զգացվում է, որ Մարոն մեծ ճիգեր է գործադրում, բայց ժպիտը դեմքին շարունակում է: «Գիտե՞ք, չէ, այս աշխատանքը Սիրիայում տղամարդիկ են անում, որովհետև բավական ուժ է պահանջում: Հունցելը շատ մեծ նշանակություն ունի, սրանից է կախված, թե ինչպիսին կլինի իշլի քուֆթայի համը: Բլղուրը պետք է մերվի քուֆթայի մսին, ինչպես ասում են` քուֆթայի միսը պետք է լավ «ուտի» բլղուրի հատիկները»,- ասում է Մարոն: Խոհանոցի մի անկյունում տավարի մսից նախօրոք պատրաստված միջուկն է: Մարոն բացատրում է, թե ինչպես պետք է պատրաստել այդ միջուկը: «Մեկ չափաբաժնի համար վերցնել 1 կգ աղացած տավարի միս: Մսի վրա ջուր ենք ավելացնում այնքան, որ իրեն ծածկի ու նաև մի քիչ աղ: Երբ միսը խաշվում է և արդեն սկսում է տժտժալ, ավելացնում ենք 1 կգ մանր կտրատած սոխ: Երբ սոխն էլ է եփում, ավելացնում ենք տարբեր համեմունքներ`քիմիոն, սև ու կարմիր պղպեղ` ըստ ճաշակի»,- ասում է նա: Մարոն դադար է տալիս աշխատանքին: Ասում է` սպասենք, որ հունցած բլղուրն ու քուֆթան հանգստանան: Գազօջախից վերցնում է արդեն պատրաստի մսի միջուկը: Իշլի քուֆթա պատրաստելը Մարոյի համար դարձել է եկամտի աղբյուր: Ամանորին նաև պատվերներ է ընդունում: Լինում է` որ մեկ օրում մինչև 300 հատ իշլի քուֆթա է պատրաստում: 100 քուֆթան պատրաստում է երկու ժամում: 300 հատը` վեց ժամում: Եթե պատվեր է ունենում, հնարավոր է` մեկ օրում էլ պատրաստի մինչև 300-500 իշլի քուֆթա: Իշլի քուֆթայի մեկ հատը Մարոն վաճառում է 150 դրամով (գրեթե 70 սենթ): Սուպերմարքեթներում իշլի քուֆթան վաճառվում է մինչև 300-350 դրամ (գրեթե 1 դոլար): «Անցած տարի 500 հատի պատվեր ունեի ու մատներիս ցավից այդ գիշեր չկարողացա քնել,- ասում է նա: - Բայց սիրով եմ պատրաստում իմ հաճախորդների համար»: Մարոյի պատվիրատուների ցուցակում է հայտնի դերասան Սոս Սարգսյանի ընտանիքը: Մարոն անցնում է իշլի քուֆթայի պատրաստման ամենահետաքրքիր փուլին: Նա փոքրիկ գնդիկներ է պատրաստում բլղուրի ու ծեծած քուֆթայի հունցած զանգվածից: Փոքրիկ կլորակի մեջ շատ արագ բութ մատով փոսիկ է բացում, մեջը լցնում արդեն պատրաստի միջուկ ու նորից արագ փակում: Իշլի քուֆթան գրեթե պատրաստ է: Բայց Մարոն դեռ հարդարում է այն: Մատներն այնքան արագ են շարժվում, որ դժվար է անգամ որսալ նրա ձեռքերի շարժումների հերթականությունը: Լցոնված կլորիկները ռմբաձև տեսք են ստանում: Մարոն ասում է, որ մեկ չափաբաժնից գրեթե 90-100 հատ դուրս է գալիս, ինչի համար էլ ծախսում է գրեթե երկու ժամ: «Հարկավոր է կլորիկները շատ ճիշտ պատրաստել: Պետք է փոսիկը շատ նրբորեն բացել, պատերը պետք է բարակ լինեն, որ ուտելուց էլ թեթև լինի: Շատերը դժվարանում են հենց դրանում ու նրանց մոտ հաստ է ստացվում: Մինչդեռ բարակությունը մեծ նշանակություն ունի համի համար: Ու ընդհանրապես, ամեն ինչ նշանակություն ունի համի համար»,- ասում է նա: Երկու ժամից սկուտեղը լցվում է փոքրիկ իշլի քուֆթաներով: Այն վերջնական պատրաստում են երկու ձևով. կարելի է և´ ջրով խաշել, և´ տապակել ձեթի (յուղի) մեջ թավայում: Նայած` ով ինչպես է նախընտրում: Մարոն որոշում է խաշած իշլի քուֆթա մեզ հյուրասիրել: Եռացող ջրի մեջ գցում է մի քանի իշլի քուֆթա: Տասը րոպեից պատրաստ են: Մատուցում է հազարով (մառոլ) ու կիտրոնով: Մարոն ասում է, որ իշլի քուֆթան գցում են նաև թանապուրի (սպաս) մեջ: «Ինչպե՞ս եք թանապուրը պատրաստում: Ասենք` 1 լ մածունը բացում ենք ջրով, հենց սկսում է եռալ, ավելացնում ենք իշլի քուֆթան: Հետո առանձին մանր կտրատած սոխն ենք տապակում յուղի մեջ, ավելացնում կարմիր պղպեղ, մի քիչ անանուխ (նանա): Երբ այդ ամենը եփում է, լցնում ենք թանապուրի մեջ: Անկրկնելի համ է ունենում»,- ասում է Մարոն: Իշլի քուֆթայի վարպետն ասում է, որ այս ուտեստը ամենևին էլ ձմեռային չէ ու կապ չունի, որ մարդիկ այն ավելի շատ Ամանորին են պատրաստում: «Պարզապես իշլի քուֆթայով հյուրասիրում ենք մեր լավագույն հյուրերին: Իսկ Նոր տարուն բոլորս ենք ունենում սպասված հյուրեր»,- ամփոփում է նա: Իշլի քուֆթա պատրաստելու համար հարկավոր է. 1 կգ բլղուր 1 կգ ծեծած քուֆթայի միս 2 ճաշի գդալ քաղցր կարմիր պղպեղ աչքաչափով տաք ջուր
1 կգ տավարի աղացած միս 1 կգ մանր կտրատած սոխ աղը, քիմիոնը, սև և կարմիր պղպեղը` ըստ ճաշակի:
Other Articles in Mama Makes It Better
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.