Ապարանի տոնախմբությունը. հայրենակցական միությունը հին նոր տարվա փառատոն է կազմակերպել, իսկ ֆոլկլորը բախվում է իրականությանը

Ապարանի տոնախմբությունը. հայրենակցական միությունը հին նոր տարվա փառատոն է կազմակերպել, իսկ ֆոլկլորը բախվում է իրականությանը

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Նոր տարին Ապարանում` այդ փոքրիկ, սակայն կարևոր քաղաքում (Երևանից 60 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս) սկսվում է այն պահից, երբ փչում է հայկական ավանդական զուռնան, և Ապարանի հրապարակում բռնում են Քոչարի: Եվ Նոր տարին այս օրը հունվարի կեսին է տոնվում:
«Զուռնան ստիպում է հպարտանալ, որ հայ ես ծնվել»,- ասում է Վաչիկ Ստեփանյանը (աջ կողմում)


Ոտքերդ քեզ տանում են դեպի շուրջպարը: Հայտնվում ես անծանոթ մարդկանց կողքին ու նրանց հետ ձեռք ձեռքի տված պարում`երկու անգամ աջ, հետո` դեպի ձախ:

Պարում են երկրի գլխավոր դատախազը, փոխվարչապետը, մարզպետներն ու քաղաքապետները: Չինովնիկների հետ մի շրջանում են շարքային ապարանցիները: Մի պահ մոռացության են մատնվել դժգոհություններն ու խնդիրները, որոնք սովորաբար ուղղվում են պետական պաշտոնյաներին, երբ նրանց ավելի մոտիկից ես հանդիպում:

Զուռնաչիների խումբը եկել էր Արմավիրից` Երևանի մերձակա մեկ այլ արևմտյան մարզից:

«Զուռնան որ փչեց, էլ չես կարող դեմն առնել, մարմինդ պարում է առանց քեզ սպասելու: Զուռնան արթնացնում ա բոլոր քնած գեներդ, ու դու ուղղակի հպարտանում ես, որ հայ ես ծնվել»,- ասում է զուռնաչիների խմբից 85-ամյա Վաչիկ Ստեփանյանը:

Արդեն 15 տարի է` ինչ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը կազմակերպում է «Ապարանյան ձմեռ» տոնախմբությունը: Հունվարի 13-ին (այս տարի` հունվարի 15-ին, 13-ը աշխատանքային օր էր) այստեղ են հավաքվում հանրապետության տարբեր մարզերում ապրող ապարանցիները և միասնաբար տոնում հին նոր տարին:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Հայկազ Նավասարդյանն ասում է, որ իրենց միության կարգախոսը միասնությունն է:

«Լինե´նք միասնական ու կանե´նք լավագույն գործերը»,- ասում է նա:

Հրապարակի մի հատվածում բացվել են հյուրասիրության սեղանները: Ապարանում հյուրընկալվել են հանրապետության տարբեր մարզերը: Նրանք բացել են իրենց հյուրասիրության սեղանները`թոնրի մեջ գառի խորովածով, խաշլամայով, տնական գինիով, թոնրի մեջ թխած կլոր գաթաներով: Հայկական ավանդական խոհանոցը այստեղ է իր ողջ հարստությամբ:

«Շնորհավոր նոր տարի: Սա միայն Ապարանի նոր տարին չէ, սա բոլորինս է: Ու սա մի նոր առիթ է ժողովրդի հետ է´լ ավելի մոտիկից շփվելու: Լավ կլիներ, որ նման միջոցառումներն ավանդական դառնային հանրապետության այլ մարզերում ևս»,- ասում է Ապարանի փոխքաղաքապետ Ժորա Երեմյանը:

Սեղաններին են մոտենում գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, շատ այլ պաշտոնյաներ: Կրկին զրնգում են բաժակները: Հնչում են բարեմաղթանքներ ու լավագույն ցանկություններ:

Զրույցների ընթացքում գինովցած մարդիկ անկեղծանում են մինչև վերջ, պաշտոնյաները մոռանում են չասել այն, ինչ հաստատ չեն ասի ավելի լուրջ վիճակում:

Կոտայքի մարզի հյուրասիրության սեղանի մոտ բաժակները պատրաստ սպասում են: Մարզպետարանի աշխատակիցներն ասում են «ԱրմենիաՆաուին». «Ժամանա՞կ եք գտել հարցազրույցի, դոնն ա մոտենում մեր սեղանին»:

Պարզվում է`դոնը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է: Նա շնորհավորում է հին նոր տարին ու ասում. «Ամենագլխավորը, որ յուրաքանչյուրս երջանիկ ապրենք ու գիտակցենք, որ երջանկությունը համերաշխության, սիրո ու խաղաղության մեջ է»:

Հավաքվածների մեջ հստակ տարբերվում են տեղացիները: Ապարանցի Անդրանիկ Մարտիրոսյանը ասում է, որ այսօր ուրախ է, մնացած օրերին` տխուր:

«Ճիշտ է` մի բաժակ խմել ենք, բայց դա կապ չունի, ու ոչինչ, որ հիմա ճիշտ բաներ կասենք: Ոչ աշխատանք ունենք ու ոչ էլ կունենանք: Հազիվ ենք ապրում ու յոլա տանում մեր ընտանիքները»,- ասում է նա:

Իսկ ապարանցի Վոլոդյա Միքայելյանն էլ նշում է, որ այս տոնախմբությամբ թող ապարանցիների աչքին թոզ չփչեն:

«Սրանով իրանք իրանց են ուրախացնում: Կուտեն-կխմեն ու` դեպի Երևան, իսկ ապարանցին էլի կմնա իր հոգսերի ու խնդիրների հետ մենակ: Աշխատանք չկա, ջահելների մեծ մասը կին-երեխա թողել է մեծերի վրա ու գնացել դրսերում փող աշխատելու,- ասում է Միքայելյանը ու շարունակում, - մի նոր տարի են գալիս էստեղ անում ու էլի գարնանը գնում: Այ սենց ա յոլա գնում ապարանցին»:

Փոխքաղաքապետ Ժորա Երեմյանը նշում է, որ Ապարանում վերջին տարիներին բնակչության թիվը 10 000-ից նվազել է շուրջ 7500-ի:

«Պատճառը արտագնա աշխատանքն է: Ցավալի է, որ շատերը ընտանիքներով են գնացել: Ու այս վիճակը բնորոշ է ողջ երկրին, ու ցավալի է մեր պետության համար, որովհետև գնացողների 60-70 տոկոսը հետ գալու մտադրություն չունի»,- ասում է Երեմյանը:

Ու չնայած անկեղծացած ապարանցիների դժգոհություններին` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասում է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Արագածոտնի մարզում 2009-ին համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 46 մլրդ դրամ, ինչը հանրապետությունում երկրորդ ցուցանիշն է: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների`Արագածոտնի մարզում է գրանցվել գործազրկության ամենացածր ցուցանիշը:

Սակայն Ապարանի սոցիալական վիճակի ու գործազրկության մասին ավելի լավ են պատմում խանութների «նիսիայի» ցուցակները:

«Նիսիայի ցուցակ իհարկե ունենք, ինչքան ուզեք, առանց դրա ոնց կլինի: Դե, դժվարությամբ, մի կերպ փակում են, էլի,- ասում է վաճառողուհի Անահիտը: - Բայց մեկ ա` ապարանցին հպարտ ա, թասիբով, հյուրասեր ու շնորհքով: Մենք չենք ճնշվում ու գտնում ենք դժվար իրավիճակներից դուրս գալու ելքը»:

Տոնախմբության կրքերն աստիճանաբար մարում են: Ապարան այցելած հյուրերը բռնում են հետդարձի ճանապարհը: Քաղաքի հրապարակը դատարկվում է: Ապարանը մնում է հեռվում`սպիտակ սավանով ծածկված, գեղեցիկ, հպարտ ու անկոտրում:
Inside Armenianow