Ձկնաբուծություն` արտահանման համար. հայ ձկնաբուծական տնտեսությունները ձգտում են դուրս գալ համաշխարհային շուկա
Հայաստանում ձկնաբուծական արտադրությունը ընդլայնելու և արտաքին շուկա դուրս գալու ծրագրերին խոչընդոտող հանգամանքներ կան: Ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանի խոսքով`այս պահին երկրում արտադրվում է տարեկան 3000-3500 տ ձուկ, հիմնականում` թառափ և իշխան: Սակայն, նրա խոսքով` ձկնաբուծական տնտեսությունների ներուժը շատ ավելի մեծ է. կարող են տարեկան 150-300 հազար տոննա ձուկ բուծել և ապահովել 1,5-2 մլրդ դրամ շրջանառություն: «Սակայն խնդիրը շուկաներն են, որոնց մենք չենք տիրապետում»,- ընդունում է նա: Միության նախագահը նշում է, որ արտահանման հետ կապված խնդիրները ներկայացրել են կառավարություն: Ոլորտը պետական հոգածության կարիք ունի: 1,5-2 մլրդ դրամ շրջանառության դեպքում 400 մլն դրամ մուտք կգործի պետական բյուջե: «Որպեսզի սրանք որպես դատարկ խոսքեր չհնչեն, ասեմ, որ 1 խմ-ից կարողանում ենք 10 կգ ձուկ ապահովել, իսկ եթե ավելի արդիական տեխնոլոգիաներ ներդնենք, մեր հնարավորությունները կհասնեն մինչև 80 կգ-ի»,- ասում է Գևորգյանը: Լեռնային երկիր լինելով հանդերձ` Հայաստանում պայմանները նպաստավոր են ձկնաբուծության զարգացման համար: Ձկնային տնտեսությունները հիմնականում գտնվում են Արարատյան դաշտավայրում, որը հարուստ է խմելու ջրի որակին հավասարազոր բարձրորակ արտեզյան ջրով: Խորհրդային տարիներին Հայաստանում միայն կարպ էին բուծում, իսկ ավելի ուշ սկսեցին նաև իշխան բուծել: Տարեկան արտադրվում էր գրեթե 8000 տ կարպ և 400 տ իշխան: Խորհրդային Միության փլուզումից հետո կարպային տնտեսությունները վերացան: Դրանց փոխարինեցին այն ձկնաբուծական տնտեսությունները, որոնք հիմնականում միայն իշխան էին աճեցնում: 1996 թ. ձկնաբուծական տնտեսությունները տարեկան արտադրում էին 15-20 տոննա իշխան, մինչև 2000 թ.`1500-1800 տոննա: 1998 թ. Հայաստան է ներմուծվում թառափ ձկնատեսակը, և սկսվում է թառափի արտադրությունը: «Մենք պետք է կարողանանք արդիական տեխնոլոգիաներ ներդնել, որը մեզ հնարավորություն կտա տեղում արտադրելու այն արտադրանքը, որն այսօր ներմուծում ենք, ու դեռ ավելին`մենք պետք է արտահանենք: Թառափը հենց այդ ձուկն է, իշխանն էլ: Այս երկու ձկների պահանջարկը շատ մեծ է դրսում»,- ասում է Գևորգյանը: Այդուհանդերձ, արտադրվող երկու ձկնատեսակների հիմնական մասը սպառվում է ներքին շուկայում: Մինչև 2008 թ. արտադրված ձկնատեսակների գրեթե 5-7 տոկոսը արտահանվում էր հիմնականում Ռուսաստան: Սակայն 2009 թ. Ռուսաստանը և Ուկրաինան դադարեցրին հայկական ձկնատեսակների ներմուծումը` խոզի գրիպի համաճարակի և տնտեսական ճգնաժամի պատճառով: Ըստ միության նախագահի` անցյալ տարվա դեկտեմբերից վերականգնվել է արտահանումը Ռուսաստան: Այս ամիս արդեն 3 խմբաքանակ է արտահանվել դեպի ՌԴ, յուրաքանչյուրը` 2 տ ծավալով: Մեկ անգամ էլ նույնքան արտահանվել է Վրաստան: Հիմնականում արտահանվում են դեղին իշխանն ու կարմրախայտը. 1 կգ իշխանը`1600 դրամով (4 դոլար), 1 կգ կարմրախայտը`2500 դրամով (6 դոլար): Այնուհանդերձ, Հայաստանի ձկնաբույծները հայկական ձուկը Եվրոպա ու ԱՄՆ արտահանելու ցանկություն ունեն: Սակայն եվրոպական շուկա մուտք գործելու համար Հայաստանը պետք է համապատասխանի սննդի անվտանգության եվրոպական չափորոշիչներին: «Իսկ դրանք բավական խիստ են: Մեր երկիրը պարզապես չի կարող համապատասխանել այդ չափորոշիչներին, որովհետև մենք տեխնիկական հագեցվածությամբ արդիական լաբորատորիաներ չունենք»,- ասում է Գևորգյանը: Գևորգյանի խոսքով`հայկական ձկնատեսակների պահանջարկ կա և´ ԱՄՆ-ում, և´ Կանադայում: Սակայն օվկիանոսից այն կողմ հայկական ձկնատեսակները հնարավոր է արտահանել միայն ապխտած, մարինացված, պահածոյացված վիճակում: Ձկնաբույծների միության տնօրեն Արթուր Աթոյանն էլ նշում է, որ երկրի բանկերը պետք է մեղմ վարկային քաղաքականություն վարեն, որը հնարավորություն կտա արտադրողներին, ի թիվս որոնց նաև` ձկնաբույծներին, վարկեր վերցնել: Ըստ Աթոյանի` նման վարկերի բացակայության պայմաններում փոքր ու միջին տնտեսությունները ուղղակի գոյատևում են, իսկ խոշորներն էլ համապատասխան ներդրումների բացակայության դեպքում կկանգնեն կրախի առաջ:
Other Articles in Business
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.