Ըստ Թուրքիայի վարչապետի. Հայաստանն արձանագրությունները «վիրահատական միջամտության» է ենթարկել

Ըստ Թուրքիայի վարչապետի. Հայաստանն արձանագրությունները «վիրահատական միջամտության» է ենթարկել

Photolure

Էրդողանի խոսքով՝ եթե Հայաստանը «սխալը չուղղի, կարգավորման ընթացքը կսառեցվի»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ «եթե ՀՀ Սահմանադրական դատարանը չփոխի իր որոշումը, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կսառեցվի»: «ՀՀ Սահմանադրական դատարանը գաղտնի է գործել,- նշել է Էրդողանը հունվարի 21-ին Թուրքիայիում նախատեսված Նախարարների խորհրդի նիստի նախօրեին: - Մենք Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն անմիջապես և առանց փոփոխությունների խորհրդարան ենք ներկայացրել: Արձանագրություններում բառ անգամ չենք փոխել` ցույց տալով մեր անկեղծությունը, իսկ Հայաստանում արձանագրությունները վիրահատական միջամտության են ենթարկվել: Եթե այդ սխալը չուղղվի, ապա գործընթացը կսառեցվի»:

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն այն հարցը դարձավ, որը մոտեցրեց Թուրքիայի պաշտոնական իշխանությունների և ընդդիմության դիրքորոշումները: Դատարանի որոշումը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության և Արևմտյան Հայաստանի մասին Հայաստանի Անկախության մասին հռչակագրի դրույթը փոփոխության ենթակա չէ:

«Պետք է անմիջապես հետ կանչել հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից, անվավեր համարել դրանք և թուրք ժողովրդից ներողություն խնդրել,- հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելին, որը «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևն է:

Հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման մեջ ասվում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը և երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաև արձանագրությունների կատարման շրջանակներում կողմերի իրականացրած ցանկացած այլ քայլեր չեն կարող կասկածի տակ դնել կամ էլ ինչ-որ կերպ վնասել Հայոց ցեղասպանության ճանաչելուն միտված Հայաստանի ջանքերին:

Այսինքն` Սահմանադրական դատարանը ոչ մի նոր բան չի հայտարարել և միայն կրկնել է այն, ինչ քանիցս ասում էր Սերժ Սարգսյանը` արձանագրություններում Ցեղասպանության մասին նախապայմաններ չկան:

Այդ համատեքստում Թուրքիայի դժգոհությունը հավելյալ ապացույց է, որ թուրքերն այլ կերպ են մտածել:
Inside Armenianow