Երաժշտություն և ճաշակ. շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ քննադատում են ցածրորակ երաժշտությունը

Երաժշտություն և ճաշակ. շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ քննադատում են ցածրորակ երաժշտությունը

Photolure

«Հեռուստատեսությունը դաստիարակող մեծ ուժ ունի»,- ասում է Մանուկյանը՝ հեռուստաընկերություններին հորդորելով այդ ուժն ավելի լավ նպատակների ծառայեցնել:

Հայ երգարվեստի որոշ ներկայացուցիչներ ասում են, որ ռադիոյով և հեռուստատեսությամբ հնչող ցածրորակ և «տաշի-տուշի» երաժշտությունը մարդուն զրկում է մտածելու ունակությունից` փչացնելով նրա գեղագիտական ճաշակը: Այս կարծիքները հնչեցին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Մատնացույց անելով այսօր հեռուստաընկերությունների եթերում ամենաշատ հնչող երգերը, որոնք, մեղմ ասած, բավական պարզունակ են, «Էմփիռեյ» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանն ասաց, որ եթերով հնչող անորակ երաժշտությունը պատվիրատուների, այսինքն` տեսահոլովակի համար գումար ներդնողների ճաշակի արտացոլումն է:

(1993-ին ստեղծված «Էմփիռեյ» խումբը Հայաստանի ամենաճանաչված ու սիրված ռոք խմբերից է: Վերջերս հեռուստատեսությամբ ու համերգներին համեմատաբար քիչ երևացող խումբն այժմ աշխատում է երկու երգի ձայնագրման վրա, որոնցից մեկը գրվել է հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի համար: Իր հաջորդ մարտի ժամանակ Դարչինյանը ռինգ դուրս կգա այդ երգի ներքո: «Էմփիռեյի» երգերն են հնչում նաև տեղական «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվող երկու սերիալներում:)

«Այսօրվա մեր ունեցած երաժշտությունն ուղիղ համեմատական է փող դնողների ինտելեկտուալ մակարդակին: Այսօր պատվիրատուն ստեղծում է այնպիսի երաժշտություն, որը մարդուն զրկում է մտածելու ունակությունից»,- կարծում է Մանուկյանը:

Ըստ նրա` Հայաստանում կա երգիչների մի խումբ, որը պարտադիր ներկա է լինում բոլոր համերգներին, ու նրանց մեծ մասը մտածում է ստեղծել մի այնպիսի երգ, որը հետագայում հնարավոր կլինի օգտագործել խնջույքների ժամանակ:

Երգահան Էդգար Գյանջումյանը ևս հիացած չէ ժամանակակից հայ երաժշտությամբ:

(Գյանջումյանի հայրենասիրական և սիրային բազմաթիվ երգեր, որ գրվել են մոտ տասը տարի առաջ, այժմ էլ շատ սիրված են ժողովրդի կողմից: Թեև երգահանն ասում է, որ ներկայումս էլ շատ է ստեղծագործում, բայց այժմ եթերով անընդհատ հայտնվելն իրեն այնքան էլ չի հետաքրքրում):

Գյանջումյանի խոսքով` իրականությունն այսօր թելադրում է «շատ լուրջ մոտենալ երաժշտությանը»:

Ըստ երգահանի` այժմ մեծ թիվ են կազմում վտանգավոր անհոգություն սերմանող երգերը:

«Դրանք մարդուն այնպիսի տրամադրության մեջ են դնում, ասես կյանքը քեֆ-ուրախություն է, և չեն ստիպում, որ նա նայի իր հոգու խորքը»,- ասում է երգահանը:

«Էմփիռեյի» մեներգիչ Մանուկյանը կարծում է, որ երաժշտություն տարածող հաստատությունները, մասնավորապես` հեռուստաընկերությունները, իրենց եթերն անորակ երաժշտությամբ չլցնելու հստակ քաղաքականություն պետք է ունենան:

«Վատ երաժշտությունը հեռուստաընկերություններին այնքան փող է բերում, որ լավ երաժշտություն չեն հեռարձակում, որպեսզի վատ երաժշտությունը լավ երաժշտությամբ չծածկվի և «իրենց կլիենտներին չկորցնեն»,- ասում է Մանուկյանը, որը կոչ է անում հեռուստաընկերություններին` մտածել իրենց հասարակական դերակատարության մասին, քանի որ «հեռուստատեսությունը դաստիարակող մեծ ուժ ունի»:
Inside Armenianow