«Ֆեյսբուքի» կիրառումը. հոսթելի ներկայացուցչի խոսքով` սոցիալական ցանցերը նպաստում են Հայաստանում խնայողական ճանապարհորդության զարգացմանը

«Ֆեյսբուքի» կիրառումը. հոսթելի ներկայացուցչի խոսքով` սոցիալական ցանցերը նպաստում են Հայաստանում խնայողական ճանապարհորդության զարգացմանը

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Բաբայանն ասում է, որ «Էնվոյ» հոսթելը մեծապես շահել է մարքեթինգի ժամանակակից միջոցներից:

Երևանում գործող հոսթելի ներկայացուցչի խոսքով` «Ֆեյսբուքում» «երկրպագուների էջ» ունենալն օգնել է ներքին և արտաքին շուկայում զարգացնելու բիզնեսը և որպես զբոսաշրջության վայր Հայաստանն ավելի ճանաչելի դարձրել դրսի շուկայի համար: «Էնվոյ» հոսթելի (ընդհանուր կենցաղային հարմարություններով հյուրատուն` www.envoyhostel.am) տուրօպերատոր Գևորգ Բաբայանի խոսքով` իրենք առաջիններից են եղել, որ սոցիալական օն-լայն ցանցերի միջոցով սկսել են գովազդել իրենց ծառայությունը:

(Երբ մոտ երկու տարի առաջ երկրում սկսեց զարգանալ այս ոլորտը, Հայաստանում շատ գործարարներ սկսեցին օգտագործել այս ցանցերը` հաճախորդներ ձեռք բերելու համար:)

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «երկրպագուների էջը» սովորաբար երևում է կայքի աջ անկյունում և առաջարկում դառնալ տվյալ ծառայության, կազմակերպության և այլնի «երկրպագուն»:

2005-ից Երևանում գործող «Էնվոյ» հոսթելի տուրօպերատոր Գևորգ Բաբայանը, որը վերջերս է վերադարձել Իռլանդիայում հունվարի 24-26-ը տեղի ունեցած հոսթելների համաժողովից, ասում է, որ համաժողովի մասնակիցների (400 պատվիրակ աշխարհի տարբեր երկրներից) մեծ մասը «Էնվոյ» հոսթելի մասին գիտեր «Ֆեյսբուքից»: (Բաբայանն ասում է, որ Դուբլինում իր պատվիրակության շնորհիվ «Էնվոյ» հոսթելը նաև գովազդել է Հայաստանը որպես զբոսաշրջության վայր և շուկա:)

Բաբայանը «երկրպագուների էջը» բացել է 2008-ի նոյեմբերին ու արդեն 1029 «երկրպագու» ունի:

«Բացի այդ, հոսթելը շատ պատվերներ է ստանում նաև «Ֆեյսբուքից», այնպես որ, կարծում եմ` սոցիալական ցանցերով փրոմոուշնն (գովազդ) իր արդյունքը տվել է»,- ասում է Բաբայանը (հոսթելն իր էջն ունի նաև «Թուիթեր», «ՄայՍփեյս» սոցիալական ցանցերում):

Ըստ Բաբայանի` սոցիալական ցանցերի` կազմակերպությունների փրոմոուշնի գործում ավելի մեծ դեր ստանալու մասին վկայում է այն փաստը, որ Դուբլինում անցկացված հոսթելների համաժողովի թեմաներից մեկն էլ սոցիալական ցանցերում հոսթելների առաջխաղացումն է եղել:

Երևանում գործող մի քանի հոսթելներից «Էնվոյը» լավագույններից է: Հոսթելներն ավելի էժան պայմաններ են առաջարկում այն զբոսաշրջիկներին, որոնք նախընտրում են «ուսապարկային» զբոսաշրջությունը: Բաբայանն ասում է, որ երբեմն անգամ նրանք, ովքեր կարող են իրենց թույլ տալ թանկ հյուրանոցներում մնալ, նախընտրում են «ուսապարկային» զբոսաշրջությունը և հոսթելները:
Inside Armenianow