Օտարում և վատ նախադեպ. Երևանի վերակառուցման ենթակա նոր հատվածի բնակիչները մտավախություն ունեն արժանանալու նախկին վտարվածների ճակատագրին
Լուժկովին Բեգլարյանը ներկայացրեց Նորագյուղում նախատեսվող «Երևանի բերդ» համալիրի նախագիծը։ Մինչ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոստումներ է շռայլում, բնակիչները մտավախություն ունեն, թե կարժանանան Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների ճակատագրին, որոնց տներն իրացվեցին շուկայական գներից մի քանի անգամ ցածր: Նախորդ շաբաթ Հայաստան այցելած Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին Բեգլարյանը ներկայացրեց Նորագյուղում նախատեսվող «Երևանի բերդ» համալիրի նախագիծը։ Լուժկովը, ով ժամանակին ներդրումներ էր արել նաև Հյուսիսային պողոտայում, այս նախագիծը որակեց «տպավորիչ» ու չբացառեց մոսկովյան գործարարների մասնակցությունն այդ ծրագրին: «Ներկայացված առաջարկները շատ տպավորիչ են: Մենք պայմանավորվածություն ունենք, որ մարտի կեսին Երևան կժամանի շինարարության գծով իմ առաջին տեղակալը` ծրագրով հետաքրքրված գործարարների խմբով, տեղում քննարկելու մոսկվացի շինարարների մասնակցությունն այս նախագծին»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը։ Ըստ նախնական տեղեկությունների` համալիրի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 6 մլրդ դոլար, աշխատանքները կսկսվեն այս տարվա ամռանը, սակայն բնակիչները հուսով են, որ գեղեցիկ համալիրը իրացման «տգեղ նախաբան» չի ունենա: «Մենք չենք վստահում խոստումներին, թե մեզ բնակարան են տալու նույն տեղում: Նույնը Հյուսիսային պողոտայի բնակիչներին էին խոստանում, բայց չարեցին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Մկրտիչ Մարտիրոսյանը` բնակիչներից մեկը, որի վրա նույնպես ազդելու է այդ նախագիծը: Բնակիչների մտավախությունները փարատում է քաղաքապետ Բեգլարյանը` ասելով. «Ամեն ինչ անելու ենք, որ բնակիչներն իրենց տները ուրախությամբ թողնեն»: Իսկ Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն էլ հավատացնում է, որ շուտով սկսվելու է բնակելի թաղամասի շինարարության առաջին փուլը, որի ընթացքում կառուցված 750 բնակարանները տրվելու են միայն նորագյուղցիներին, մինչդեռ իրացվելու է 1500 բնակչի տուն: «Մյուսները ևս անօթևան չեն մնա»,- խոստանում է Դանիելյանը: Սակայն նորագյուղցիները չեն վստահում խոստումներին` աչքի առաջ ունենալով վերջին տարիներին Երևանում իրականացված վերակառուցման նախագծերից տուժածների օրինակը: «Եթե մեզ հետ էլ նույն ձևով վարվեն, հենց հիմա կսկսենք բողոքի ցույցերը, առանց այն էլ շատերը չեն կարողացել սեփականաշնորհել իրենց տները»,- «ԱրմենիաՆաուին» ասում է 37-ամյա Ամալյա Սարուխանյանը, որն իր 80 քմ տունը և 100 քմ հողամասը չի սեփականաշնորհել, քանի որ պահանջվող գումարը չունի: «Չգիտեմ`միտումնավո՞ր է, թե՞ ոչ, բայց այնպիսի գներ են սահմանված, որ ամենաքիչը 400.000 դրամ է (1000 դոլար) հարկավոր տունն ու հողամասը սեփականաշնորհելու համար: Եթե ես ունեմ երեք երեխա և ստանում եմ ընդամենը 35000 դրամ (92 դոլար) նպաստ, ինչո՞վ եմ սեփականաշնորհելու»,- հարցնում է Սարուխանյանը: Երևանի քաղաքաշինական զարգացման ու բնակիչների շահերի այս բախումը սկիզբ առավ 2001 թ., երբ դրվեց Հյուսիսային պողոտայի կառուցման հիմնաքարը: Նոր համալիրներ պետք է կառուցվեն նաև Ֆիրդուսի շուկայի հատվածում և Կոզեռն թաղամասում, այստեղ էլ բնակիչներն ապրում են վախով: «Մենք ապրում ենք օդի մեջ. ո´չ կարող ենք մեր տունը ծախել, ո´չ վարկ վերցնել, ո´չ վերանորոգել, բոլոր տեղերում ասում են` դուք իրացման գոտում եք: Կարծես թե վարձով ենք ապրում, ու դա արդեն տասը տարի է, ու դեռ չգիտենք էլ` նորմալ փոխհատուցում կստանա՞նք, թե՞ ոչ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Կոզեռնի բնակիչ 54-ամյա Աննա Սիմոնյանը:
Other Articles in Economy
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.