«Եվրատեսիլ». Հայաստանը պատրաստվում է նախընտրական փուլի թեժ մրցակցությանը` ընտրելու «Եվրատեսիլի» ներկայացուցչին

«Եվրատեսիլ». Հայաստանը պատրաստվում է նախընտրական փուլի թեժ մրցակցությանը` ընտրելու «Եվրատեսիլի» ներկայացուցչին


Հավանական հաղթողներ՝ Եվա Ռիվասը, Ռազմիկ Ամյանը և Էմմին:

Հայտնի համաեվրոպական երգի մրցույթում ներկայանալու նպատակով կիրակի կայանալիք հայաստանյան եզրափակչի թեժ մրցակցությանը իրենց երգերով կմասնակցի տասը երգիչ: Ընտրությունը կատարվելու է հեռուստադիտողի և ժյուրիի համատեղ քվեարկությամբ:

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կհայտարարի մրցույթի հաղթողին, որը և մայիսի վերջին կմեկնի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո` մասնակցելու «Եվրատեսիլ-2010»-ին:

Երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլում կազմկոմիտեի կողմից ընտրված (30 դիմողներից) լավագույն 10 ստեղծագործությունները կհանձնվեն հանրության դատին: Երգիչներն ակտիվ մասնակցում են իրենց երգերի գովազդմանը` հույսով, որ առաջիկա քվեարկությունում կհասնեն բաղձալի հաղթանակի:

Յուրաքանչյուր երգի վերջնական միավորները հաշվարկվելու են ժյուրիի և SMS քվեարկության արդյունքների հիման վրա` 50%:50% հարաբերությամբ։ 12 միավոր կստանա այն երգը, որը ժյուրիի և SMS քվեարկության հանրագումարի արդյունքում կստանա ամենաբարձր միավորը և կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2010»-ում:

Նախընտրական փուլի հիմնական ֆավորիտները երեքն են, այդ թվում` մոսկվաբնակ երգչուհի Եվա Ռիվասը (իսկական անունը` Վալերիա Ծատուրյան): Նրա հիմնական մրցակիցներն են Էմմի-Միհրան զույգը և Ռազմիկ Ամյանը, որոնք բավական երկար ժամանակ հայտնի են հայաստանյան լայն լսարանին: Նախկինում էլ Էմմին մասնակցել է Հայաստանում «Եվրատեսիլի» նախընտրական փուլին, սակայն հաջողություն չի ունեցել:

«Ես պատրաստ եմ հենց վաղը դուրս գալ «Եվրատեսիլի» բեմահարթակ ու ասեմ ավելին` հաղթել»,- ասում է Եվա Ռիվասը, որն աչքի է ընկնում ոչ միայն իր «Ծիրանի կորիզ» երգով, այլև շքեղ տեսքով:

«Ծիրանի կորիզ» երգի հեղինակն է Հայաստանի պետական ջազային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքի հեղինակը` պոետ-երգահան Կարեն Կավալերյանը:

22-ամյա Ռիվասը հայ հանդիսատեսին հայտնի է «Տաշիր» հայկական ամենամյա մրցանակաբաշխությունից, որն անցկացվում է Մոսկվայում, ինչպես նաև Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհը պտուտ էկա» երգի տեսահոլովակով: Ոմանց կարծիքով` Եվա Ռիվասը Հայաստանում վայելում է լուրջ «հովանավորություն», ինչը, հնարավոր է, կազդի հայաստանյան մրցույթի արդյունքների վրա: Երգչի ներկայացուցիչները հերքում են այս խոսակցությունները, սակայն համոզված են Եվայի հաղթանակի մեջ: (Ռիվասը երգչուհու բեմական անունն է: Նա ասում է, որ դա իր հույն նախատատի անունն է, որը նա որոշել է վերցնել իր բեմական կարիերայի համար:)

Կրակոտ, փոքրամարմին 25-ամյա Էմմի Բեջանյանը «Եվրատեսիլ-2010» մրցույթին կմասնակցի ամերիկաբնակ երգիչ Միհրան Կիրակոսյանի հետ, որը հայաստանյան լսարանին հայտնի է տարբեր ալիքներով ցուցադրված իր տեսահոլովակներով: Նրանք կներկայացնեն «Հեյ» երգը, որի բառերի հեղինակը Կիրակոսյանն է, երաժշտության հեղինակը` Վաչե Տեր-Եղիշյանը:

Բոլոր երգերն էլ գրված են ակումբային ոճով և չկա հայկական որևէ տարր: Էմմիի մայրը`երգչուհի Նադեժդա Սարգսյանը, ասում է, որ «Եվրատեսիլը» վոկալի մրցույթ չէ: Նրա խոսքով` ի վերջո, մրցույթում կարևորվում է երգի ընտրությունը, և թե ինչպես են այն մատուցում:

«Որոշել ենք ներկայացնել մի երգ, որտեղ ընդհանրապես բացակայում է հայկական ազգային երաժշտության տարրը: Դրանով մենք ուզում ենք ցույց տալ Եվրոպային, որ մենք, բացի ազգայինից, կարող ենք ներկայանալ ժամանակակից երաժշտությամբ»,- ասում է Սարգսյանը:

Հայ հանդիսատեսին հայտնի մեկ այլ երգիչ` Ռազմիկ Ամյանը, մրցույթում ներկայացնելու է «Իմ սեր» երգը, որի հեղինակն է Վահրամ Պետրոսյանը, բառերը` Վարդան Զադոյանի: Նախընտրական փուլի համար երգիչը փոքրիկ շոու է կազմակերպել, որին մասնակցելու է Սոֆի Դևոյանի պարային համույթը:

«Ինձ համար շատ կարևոր է ժողովրդի կարծիքը. ժողովուրդն է ընտրում մասնակցին: Իսկ «Եվրատեսիլին» մասնակցելը շատ պատասխանատու և բարդ գործ է: Երբեք չգիտես` ինչ կլինի»,- ասում է նա:

Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թվականից և մինչ օրս ունեցել է չորս մասնակից, այդ թվում` Անդրեն, Հայկոն, Սիրուշոն ու Ինգա և Անուշ Արշակյան քույրերը: Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, եղել է Սիրուշոյինը:

«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 25-ին, երկրորդը` մայիսի 27-ին: Եզրափակիչ մրցույթը տեղի կունենա մայիսի 29-ին «Ֆորնեբու արենա» համերգասրահում: Մրցույթին մասնակցելու են 39 երկրներ: «Եվրատեսիլի» կանոնների համաձայն` հաղթող երկիրը մյուս տարի կհյուրընկալի մրցույթը:
Inside Armenianow