Մտորելով ճգնաժամային 2009-ի շուրջ. հետազոտական կենտրոնը ներկայացնում է ճգնաժամային տնտեսության տարվա վերլուծությունը
Հերգնյանի խոսքով`«արտահանումների խթանումը պետք է գերակայություն դարձնել»: Ըստ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի վերլուծության` վերոնշյալ երեք տարածաշրջաններում Հայաստանից ավելի վատ արդյունք են գրանցել միայն երեք նախկին խորհրդային հանրապետությունները` Լատվիան, Լիտվան և Էստոնիան, որոնք ներկայումս Եվրամիության անդամ երկրներ են: Կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն ասում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հարվածել է աշխարհի գրեթե բոլոր երկրներին, քանի որ այդ աննախադեպ ճգնաժամին պատրաստ չեն եղել ո´չ երկրների կառավարությունները, ո´չ էլ մասնավոր հատվածը: Համաձայն այդ վերլուծության` Հայաստանում ճգնաժամին նպաստել է մետաղի գների անկումը՝ չնայած 2009 թվականի տվյալներով հանրապետության մետաղագործական ոլորտը 7,6 տոկոս աճ է գրանցել: «Ճգնաժամը երևան հանեց տնտեսությունների խոցելիությունները, իսկ դրա խորքային պատճառը ֆինանսական ու իրական հատվածների միջև գլոբալ անհամաչափությունն է, ինչպես նաև անհամամասնությունը հենց ֆինանսական հատվածի ներսում, միջազգային առևտրում»,- ասում է Հերգնյանը: 2009 թվականը Հայաստանը փակեց 14,4 տոկոս տնտեսական անկումով, ինչը համապատասխանում էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և մի շարք միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումներին: Այս տարվա սկզբից տնտեսության դանդաղ, բայց հաստատուն աճ է կանխատեսվում: Տնտեսական անկման բարձր մակարդակի համար ընդդիմությունն իշխանություններին մեղադրեց ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով հակաճգնաժամային քայլեր չձեռնարկելու մեջ: Մասնավորապես, Հայ հեղափոխական դաշնակցությունը կարծիքով` պետք էր կրճատել սոցիալական ծախսերը` արտաքին աղբյուրներից վարկեր վերցնելու փոխարեն: 2010 թվականի համար կառավարությունը նախատեսել է 1,2 տոկոս տնտեսական աճ, որը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ, զգուշավոր կանխատեսում է, քանի որ այն հնարավոր է ավելի բարձր լինի: ԱՄՀ-ն ավելի լավատես է եղել ու կանխատեսել է մինչև 2 տոկոս աճ: Ըստ Հերգնյանի` իրենց վերլուծությունը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ տնտեսության անկումն առավել խորն է, ընթացիկ հաշվի (արտահանման և ներմուծման տարբերությունը) դեֆիցիտ է գրանցվել, ինչը ճգնաժամը տարածելու հիմնական պատճառն է դարձել: «Հայաստանի պայմաններում ամենալուրջ անհամամասնությունը, որը հանգեցրել է անկման, տնտեսության դեֆորմացված կառուցվածքն էր, մասնավորապես այն, որ շինարարությունն անհամեմատ մեծ տեսակարար կշիռ ուներ տնտեսության կառուցվածքում, որը մի քանի անգամ գերազանցում է տվյալ ցուցանիշը մնացած երկրների համեմատ»,- ասում է Հերգնյանը: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը դրական է համարում անցյալ տարի մարտի 3-ին կառավարության` դոլարի «լողացող» փոխարժեքին անցնելու որոշումը, սակայն կարծում է, որ դա ուշացած քայլ էր: Հերգնյանի գնահատմամբ` ընդհանուր առմամբ Հայաստանի կառավարությունը համարժեք չարձագանքեց ճգնաժամին, քանի որ գերակշռում էր այն մոտեցումը, թե ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը, քանի որ Հայաստանի տնտեսությունը լավ ինտեգրված չէ միջազգային շուկային: «Տրանսֆերտներով սնվող շինարարությունը չի կարող կայուն լինել: Արտահանումների խթանումը պետք է գերակայություն դարձնել»,- ասում է Հերգնյանը, ով կարծում է, որ կառավարությունը պետք է ուժեղացնի իր վերլուծական կարողությունները և մշակի ճգնաժամը հաղթահարելու ռազմավարական մոդել:
Other Articles in Crisis
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.