Կեղծումներ. ըստ պարտված երգչուհու մայրիկի` «Եվրատեսիլն» անարդար էր

Կեղծումներ. ըստ պարտված երգչուհու մայրիկի` «Եվրատեսիլն» անարդար էր

Photolure

Կիրակի անցկացված «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլը հակասությունների մեծ ալիք է բարձրացրել, և նույնիսկ մեղադրանքներ են հնչում, թե քվեարկության արդյունքները կեղծված են:

Մրցույթին մասնակցած հայտնի երգչուհի Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը, ասել է, թե պատրաստվում է դիմել դատարան` վստահեցնելով, որ քվեարկության արդյունքները կեղծված են:

Սարգսյանը պնդում է, որ SMS քվեարկության մեկնարկի պահից ի վեր, 15 րոպե շարունակ, մրցույթի մի քանի մասնակիցների անուններն արգելափակված էին: Հենց սա էլ վճռել է քվեարկության ելքը, ինչի հետևանքով իր դստերից ու մյուս մասնակիցներից գողացվել են իրենց երկրպագուների ձայները:

Կիրակի Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլում ձայների գերակշիռ մեծամասնությամբ (շուրջ 5000 SMS) հաղթող է ճանաչվել նորահայտ երգչուհի Եվա Րիվասը:

Մինչդեռ Էմմի և Միհրան զույգը ստացել է 1400 SMS, ինչը, ըստ Սարգսյանի, անհնար է:

«Հայտնի երգիչներ (նկատի ունի Էմմիին, Միհրանին, Ռազմիկ Ամյանին և այլոց), ովքեր լցնում են մեծ դահլիճներ, ունեն հազարավոր ֆաներ (երկրպագուներ), անհնար է, որ այդքան քիչ ձայն ստանային»,- ասում է Սարգսյանը: Երգչուհու մայրը պնդում է, թե ինքն ապացույցներ ունի այն մասին, որ իր դստեր ու մյուս մասնակիցների ձայները չեն գրանցվել:

Քվեարկության ձայների հաշվարկը վերահսկվել է «Գրանդ Թորնթոն Ամիո» աուդիտորական կազմակերպության կողմից` Հայաստանի հանրային հեռուստատեսության ու «Ինտերմոբ» ՍՊԸ անունից:

«Ինտերմոբ» ՍՊԸ պատասխանատուներին չհաջողվեց գտնել, քանի որ ՍՊԸ-ն գրանցված չէ որևէ իրավաբանական հասցեում, իսկ ՍՊԸ ինտերնետային կայքի կապի բաժնում նշված է միայն էլեկտրոնային փոստի հասցեն:

«Ես արդեն չգիտեմ ինչ ասել, զայրույթն ու անարդարության զգացումը սարսափելի են»,- ասում է երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
Inside Armenianow