Փաստարկներ` ի նպաստ մշակույթի. դրվատանքի խոսք նախագահ Սարգսյանի հասցեին լոնդոնյան ելույթում Նախիջևանի խնդրին անդրադառնալու համար
«… մշակույթը քաղաքականությունից վեր է, և այդ առումով մեր երկիրն իսկապես կշահի»,- ասում է Կարապետյանը: Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթհըմ հաուս»-ում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ղարաբաղյան համատեքստում անդրադարձել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ավերմանը` արդարացնելով ներկայումս դե ֆակտո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Բաքվից անկախանալու ձգտումը: «Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը,- անցյալ չորեքշաբթի լոնդոնյան իր ելույթում ասել է ՀՀ նախագահը: - Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում` Նախիջևանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք` այն ժամանակվա Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը ուրի՞շ: Այս «ուրիշ» Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջևանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան: Ադրբեջանը արգելեց, որպեսզի այցելեն և տեսնեն ավերված հայկական կոթողները»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր լոնդոնյան ելույթում: Իր ելույթում նախագահ Սարգսյանն անդրադարձավ ադրբեջանցիների վանդալիզմի վերջին օրինակներից մեկին` Նախիջանում գտնվող Ջուղայի հայտնի գերեզմանոցի ավերմանը: Այնտեղ կային 3500 մեծարժեք խաչքարեր հայերեն գրություններով ու ինքնատիպ զարդաքանդակներով: Այսօր Ջուղայից միայն պատկերներ ու հիշողություններ են մնացել: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում է, որ Հայաստանը պետք է ամեն առիթով բարձրաձայնի Ջուղայի խնդիրը: Հուշարձանագետն ասաց, որ ոգևորված է նախագահ Սարգսյանի ելույթով, որում վերջինս անդրադարձավ Հայաստանից դուրս հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին, և նշեց, թե շատ կարևոր է, որ պետական այրերն ամենաբարձր ամբիոններից մշտապես անդրադառնան այդ հարցին: «Աշխարհի հետ հարկավոր է խոսել մշակույթի լեզվով, ինչը քաղաքականությունից վեր է, և այդ դեպքում մեր երկիրը իսկապես կշահի»,- համոզված է Կարապետյանը: «Ժառանգություն» կուսակցությունից Ստեփան Սաֆարյանը «ԱրմենիաՆաուին» ասում է, որ նորմալ է համարում նախագահ Սարգսյանի ելույթը` իբրև փաստի հավաստում, որովհետև Նախիջևանի հայաթափումը Լեռնային Ղարաբաղի ապագա ճակատագիրն էր, և Նախիջևանն Ադրբեջանի վարած քաղաքականության լավագույն օրինակն է: «Հիմա ականջի համար հաճելի է լսել [ելույթը], բայց իրականում ոչինչ չարվեց ժամանակին համարժեք գնահատական տալու համար»,- ասում է Սաֆարյանը` անդրադառնալով Նախիջևանի, մասնավորապես` Ջուղայի դեպքերին: Ջուղայի գերեզմանոցը գտնվում է Ջուղայի արևմտյան կողմում` երեք բլրակների վրա: 10 հազար խաչքարերի մեծ մասը, որոնց գերակշիռ մասը 15-16-րդ դարերի էին, ոչնչացվել է 20-րդ դարի սկզբին: 1970-ականների վերջին դրանց թիվը չէր գերազանցում 3 հազարը: Համաձայն Հուշարձանների և շինությունների միջազգային խորհրդի (ICOMOS)` 1998 թ. Ադրբեջանի ղեկավարությունն ավերել է ևս 800 խաչքար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճնշումների ներքո ավերածությունները կասեցվել են, բայց նորից վերսկսվել 4 տարի անց: «Մինչև 2003 թվականը 1500 տարվա պատմություն ունեցող գերեզմանատունը հողին էր հավասարեցվել»,- գրել է ICOMOS-ը: 1998-1999 թվականներին իրանահայ ճարտարապետներն Արաքսի մյուս ափից լուսանկարել են, թե ինչպես են ադրբեջանցիները բուլդոզերներով ոչնչացնում հայկական մշակույթի հետքերն այդ տարածքում: Ամբողջ տարածքը բետոնապատվել է և վերածվել ռազմական ճամբարի: Կարապետյանն ասում է. «Մի տարածք, որն ամբողջովին մշակույթով է ներծծված, եթե հանձնվում է Ադրբեջանին, մշակութազերծ է լինում»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի փրկված 1500 տարվա քրիստոնեական և նախաքրիստոնեական շրջանի հուշարձաններին` նա նշում է, որ դրանք այսօր արժեք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, քանզի համաշխարհային նշանակության մշակութային արժեքներ են:
Other Articles in Features
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.