Գրոդնոյից` հաղթանակով. հայկական հոգևոր երգերը հաղթել են միջազգային փառատոնում

Գրոդնոյից` հաղթանակով. հայկական հոգևոր երգերը հաղթել են միջազգային փառատոնում

Photolure

Գեղարդավանքի երգչախումբը արժանանում է Գրան պրի մրցանակի:

Բելառուսում անցկացված հոգևոր երաժշտության միջազգային փառատոնում Հայաստանից Գեղարդավանքի երգչախումբը հինգ երկրների 40 խմբերի շարքում արժանացել է բարձրագույն` Գրան պրի մրցանակի:

Բելառուսի Գրոդնո քաղաքում փետրվարի 11-ին կայացած ուղղափառ հոգևոր երաժշտության «Կոլոժսկի բլագովեստ» 9-րդ մրցույթ-փառատոնին առաջին անգամ մասնակցած հայկական երգչախումբը ներկայացրել է հայկական միջնադարյան հոգևոր երգերից ու հոգևոր երգերի խմբերգային մշակումներից բաղկացած 25 րոպե տևողությամբ ծրագիր:

Մրցույթին մասնակցում էին ուղղափառ` օրթոդոքս, եկեղեցուն պատկանող հինգ երկրներ (Լիտվա, Սերբիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելառուսա), ու թեև Հայաստանը դավանում է Առաքելական քրիստոնեություն, փառատոնին հրավիրվել է բացառության կարգով:

«Հայաստանը և հայ հոգևոր երաժշտությունը ներկայացնելու պատասխանատվությունը, իհարկե, շատ մեծ էր, առավել ևս, որ այն անծանոթ էր հանդիսատեսին, և հպարտ ենք, որ հաղթանակած վերադարձանք և այդ պատասխանատվությունը պատվով կրեցինք»,- ասում է 2001 թ. ստեղծված երգեցիկ խմբի խմբավար Անահիտ Պապայանը:

Ութ հոգուց բաղկացած այս իգական խումբը համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Չեխիայում, սակայն, ինչպես նշում է խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը` իրենց կարևոր նպատակներից է նաև հայ հոգևոր երգը տարածել Հայաստանում:

«Իհարկե, այսօր հեռուստատեսությամբ ու ռադիոյով շատ քիչ է հնչում հոգևոր և դասական երաժշտություն, և բացն ինչ-որ չափով լրացնելու համար ՀՀ մշակույթի նախարարության Հոգևոր երաժշտության կենտրոնը պարբերաբար կազմակերպում է համերգային շրջագայություններ մարզերում»,- ասում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Նավոյանը:

Այդ ծրագրի շրջանակներում երգեցիկ խումբն ամեն ամառ համերգներով հանդես է գալիս Հայաստանի մարզերից մեկում, նման համերգներ է արդեն ունեցել Լոռու, Վայոց ձորի, Արագածոտնի մարզերում, առաջիկայում նախատեսվում է համերգաշար Շիրակի մարզում:
Inside Armenianow