Հայկական հալվա. արագ, հեշտ, համեղ
«Հիմա շատ աղանդեր ու քաղցրավենիքներ կան, բայց միևնույն է` տնական հալվային ոչինչ չի հասնի: Երբ հալվա եմ սարքում, հիշում եմ մանկությունս, ու ինձ թվում է` մեր տատերի պատրաստած հալվայի բուրմունքն եմ զգում»,- ասում է Անահիտ Հարությունյանը` խոսելով ավանդական հայկական աղանդերի մասին: Հալվան հայկական ընտանիքներում սովորաբար պատրաստում են Տյառնընդառաջի, Զատկի և այլ տոների ժամանակ: Ալյուրի սպիտակ գույնն աստիճանաբար մգանում է: Անահիտը գդալով ճկուն շարժումներով այս ու այն կողմ է տանում ալյուրը: Ասում է, որ նախընտրելի է փայտե գդալով աշխատելը: «Երբ ալյուրը գույնը փոխում է ու կարմրում, ավելացնում ենք կես բաժակ ձեթ` շարունակելով խառնել, միաժամանակ նաև կես բաժակ շաքարավազ»,- ասում է Անահիտը` շարունակ խառնելով թավայի մեջ եղած զանգվածը: Ասում է` պետք է այնքան խառնել, մինչև զանգվածը դառնա համասեռ և կպչուն: «Եթե զգում եք, որ իրար լավ չի կպչում, կարող եք նաև մեկ ճաշի գդալ ջուր ավելացնել: Շաքարավազն էլ, եթե քաղցր եք սիրում, կարող եք ավելի շատ լցնել, դե, ըստ ցանկության ու ճաշակի: Ցանկացողները կարող են նաև ծեծած ընկույզ ավելացնել, այն պահին, երբ բոված ալյուրին ավելացնում են ձեթը»,- ասում է նա: Խոհանոցի սեղանին դրված են ափսեները, որտեղ լցվելու է հալվան: Անահիտն ասում է, որ պետք է ափսեների մեջ լցնել տաք վիճակում: Հալվան պետք է սառչի ափսեներում: Մեկ բաժնից երկու միջին չափսի հալվա է ստացվում: Կարելի է ամբողջ հալվան մեկ ավելի մեծ ափսեի մեջ լցնել: Անահիտը գդալով սեղմում է հալվան ափսեների մեջ: Հալվան հանգիստ տեղավորվում է: Վերջում նա պատառաքաղով զարդեր է անում հալվայի վրա ու ասում. «Պատրաստ է, կարող եք ուտել»: Հալվան հիշեցնում է փխրուն թխվածքաբլիթ, որն ուտելիս ասես հալչում է բերանում: Հալվան համով նման է նաև շաքար լոխումի: Հալվայի համար անհրաժեշտ է 2 բաժակ ալյուր 0,5 բաժակ ձեթ 0,5 բաժակ շաքարավազ 100 գ ընկույզ Պատրաստման եղանակը 2 բաժակ ալյուրը լցնել թավայի մեջ և բովել այնքան, մինչև սկսի կարմրել: Կարմրելուց հետո ավելացնել 0,5 բաժակ ձեթ` շարունակելով ամբողջ ընթացքում գդալով խառնել, այնուհետև` 100 գ ծեծած ընկույզ և 0,5 բաժակ շաքարավազ` դարձյալ խառնելով: Երբ դառնում է համասեռ և կպչուն զանգված, լցնել նախուտեստի ափսեի մեջ ու գդալով հարթեցնել: Այնուհետև պատառաքաղով վրան նախշեր անել:
Other Articles in Mama Makes It Better
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 7 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.