Գազի սակագին և խռովությո՞ւն. իշխանությունը չի սպասում ծայրահեղ միջոցներ, իսկ ընդդիմությունը պատրաստ է գլխավոր «սոցիալական խռովությունը»

Գազի սակագին և խռովությո՞ւն. իշխանությունը չի սպասում ծայրահեղ միջոցներ, իսկ ընդդիմությունը պատրաստ է գլխավոր «սոցիալական խռովությունը»

Photolure

Գազի սակագների բարձրացումը կարող է սոցիալական դժգոհության ալիք բարձրացնել:

40 տոկոսով գազի թանկացումը և այլ ապրանքների ու ծառայությունների գների սպասվելիք բարձրացումն առիթ տվեցին հնարավոր սոցիալական խռովության կանխատեսումների: Կառավարության սոցիալական և տնտեսական քաղաքականության խիստ քննադատությամբ հանդես եկավ Դաշնակցությունը, որի պատգամավորները, այդ թվում` տնտեսագետ Արա Նռանյանը, չբացառեցին երկրում սոցիալական պայթյունը:

Գազի թանկացումից և իշխանության անհամարժեք սոցիալական քաղաքականությունից հասարակական դժգոհություններ կարելի է լսել տրանսպորտում, գրասենյակներում, փողոցում: Երիտասարդ չաշխատող մայր Նարինե Ավագյանը նշում է, որ 6 հոգանոց իր ընտանիքում աշխատում է միայն ամուսինը, որը ստանում է 180 000 դրամից (470 դոլար) մի փոքր ավելի:

«Դեռ երկու տարի առաջ դա վատ եկամուտ չէր. բավարում էր թե´ ուտելիքի, թե´ կոմունալ ծառայությունների և թե´ հագուստի համար: Վերջին տարիներին ամեն ինչ թանկացել է: Ստիպված ենք հրաժարվել նոր հագուստ գնելուց, իսկ հիմա պետք է ուտելիքի հարցում էլ խնայենք»,- պատմում է Զովունու բնակիչը:

Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ բանը սոցիալական խռովության չի հասնի, քանի որ կառավարությունը մտադիր է փոխհատուցել գազի սակագների բարձրացումը բնակչության խոցելի խավերի համար: Սակայն ԶԼՄ-ներում արդեն բանավեճ է ծավալվել սոցիալական բողոքի արտահայտման մեխանիզմների առնչությամբ: Մի երկրում, որտեղ չեն գործում արհմիությունները, իսկ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները բավարար ազդեցություն չունեն, սոցիալական բողոքի ուղեկցող կարող են դառնալ քաղաքական կուսակցությունները: Սոցիալական շարժումը գլխավորելու պատրաստակամություն է հայտնում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը նույնպես քննադատում է կառավարության տնտեսական քաղաքականությունը: Կոնգրեսը ներկայացրել է «100 քայլ» տնտեսական բարեփոխումների ծրագիրը, որն անհրաժեշտ են համարում տնտեսական և սոցիալական ճգնաժամից դուրս գալու համար:

Գազի թանկացումը, որն առաջարկել էր այս ոլորտում մենաշնորհ ունեցող «Հայռուսգազարդ» ընկերությունը, տնտեսագետները համարում են Հայաստանի արատավոր տնտեսական կառուցվածքի հետևանք: Երևանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչը` Արիստոմենե Վարուդակիսը, կոչ արեց կառավարությանը հակամենաշնորհային պայքար ծավալել, բարեփոխել հարկային և մաքսային հայեցակարգերը: Նա, ինչպեսև այլ միջազգային փորձագետներ, կարծում է, որ քաղաքական իշխանության հետ սերտաճած մոնոպոլիաները խոչընդոտում են Հայաստանի զարգացումը:

Խորհրդանշական է, որ օլիգոպոլիաներից ձերբազատվելու անհրաժեշտության մասին հայտարարում են նաև իշխանության վերին էշելոններում: Օրերս Պետեկամուտների կոմիտեի ընդլայնված նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բավական կոշտ ձևով հայտարարեց, որ ժամանակն է վերջ տալու հարկային մարմինների կողմից գործարարներին հովանավորելու պրակտիկային:

2009 թվականի ճգնաժամային տարում Հայաստանին միայն արտասահմանյան վարկերի շնորհիվ հաջողվեց խույս տալ սոցիալական պայթյուններից, որոնք կարող էր առաջացնել 14 տոկոս տնտեսական անկումը: Ժամանակին վճարվեցին աշխատավարձերն ու կենսաթոշակները, կատարվեցին պետական սոցիալական ծրագրերը: Այս տարի Հայաստանի վճարունակությունն ավելի նվազեց, և նոր վարկերի ներգրավման մասին նորություններ դեռ չկան: Տնտեսագետները խորհուրդ են տալիս չապավինել արտաքին օգնությանը, առավել ևս, որ արտաքին պարտքն արդեն հասել է ՀՆԱ-ի 46 տոկոսին: Նրանք խորհուրդ են տալիս նոր ռեսուրսներ փնտրել սեփական տնտեսության մեջ, խթանել փոքր ու միջին բիզնեսի զարգացումը` «ի վնաս» մոնոպոլիաների:
Inside Armenianow