Մարտի 1, երկրորդ տարելից. ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում
«Ժառանգություն» կուսակցության անդամները Մոսկովյան փողոցի իրենց գրասենյակից երթ են սկսել դեպի Մյասնիկյանի հուշարձան՝ ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու 03/08 զոհերի հիշատակին: Այսօր ընդդիմությունը Մատենադարանի մոտ անցկացնելու է մարտիմեկյան զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Նախատեսվող հանրահավաքի պատճառով Երևան տանող բոլոր ճանապարհները ոստիկանության խիստ վերահսկողության տակ են, իսկ ավտոբուսների մուտքը մայրաքաղաք արգելված է: «Իշխանությունները հնարավորինս փորձում են խոչընդոտել,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: - Դեռ անցյալ շաբաթվա ընթացքում մարզերի բնակիչներից ստանում էինք ահազանգեր, որ մեր համախոհներին կանչում են ոստիկանություն «բացատրական զրույցների», որոնց ընթացքում հորդորում են չմասնակցել հանրահավաքին»: Վերջին երկու տարվա ընթացքում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Հայաստանի վերաբերյալ ընդունեց 4 բանաձև` պահանջելով պատշաճ հետաքննություն անցկացնել և բացահայտել սպանությունների մեղավորներին, սակայն դեռ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Ուրբաթ (փետրվարի 26-ին) մարտի 1-ի զոհերի ծնողները նամակով դիմել են ԵԽԽՎ մշտական և մոնիթորինգի հանձնաժողովների անդամներին` հորդորելով առավել անաչառ վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի հարցը քննելիս` շեշտելով, որ դժգոհ են Հայաստանի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ժորժ Կոլոմբիեի աշխատանքից, որոնց «անգործության և անտարբերության պատճառով ՀՀ իշխանությունները հրապարակավ սկսեցին հայտարարել, թե մարտի 1-ի էջը փակված է…»: «Ի~նչ խղճով են փակում մարտի 1-ի էջը, եթե մեր որդիների սպանության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, անգամ այն չորս ոստիկանները («Չերյոմուխա 7» հատուկ միջոցը կիրառած ոստիկանները, որի զոհ է դարձել 3 մարդ), որոնց մեղավորությունը հաստատել են անգամ իշխանությունները, չեն պատժվել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է մարտի 1-ի զոհ 23-ամյա Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.