Երկու տարի անց. Հայաստանի ընդդիմությունը շարունակում է պահանջել արտահերթ ընտրություններ

Երկու տարի անց. Հայաստանի ընդդիմությունը շարունակում է պահանջել արտահերթ ընտրություններ

Photolure

Երկուշաբթի երեկոյան Երևանում հանրահավաքի ընթացքում բոլոր ելույթ ունեցողները իրենց ցավակցական խոսքն ուղղեցին երկու տարի առաջ այս օրը ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումների հետևանքով զոհված 10 երիտասարդների ընտանիքների անդամներին:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, որի աջակիցները 2008 թ. փետրվարի վերջին վիճահարույց նախագահական ընտրություններից հետո փողոցներում անդադար հանրահավաքներ էին կազմակերպում, կրկին մեղադրեց իշխանություններին անմեղ մարդկանց սպանելու մեջ:

«Եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանությունները մարտի 1-ին ժողովրդի վրա հարձակվելու կարիք չէին ունենա: Այդ սպանդը սկզբից միչև վերջ ծրագրել և իրագործել են իշխանությունները»,- Մատենադարանին հարող տարածքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ասաց Տեր Պետրոսյանը, որը գլխավորում է ընդդիմադիր ուժերի դաշինք Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) (անցյալ տարվա սեպտեմբերից սա ՀԱԿ-ի կազմակերպած առաջին հանրահավաքն էր):

ՀԱԿ-ի անդամ և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց, որ մարտի 1-ին ժողովուրդը պաշտպանում էր ընտրության իր իրավունքը, իսկ իշխանությունը զենքով պաշտպանեց իշխելու իր ցանկությունը:

«Միամտություն է սպասել, որ իշխանությունը կբացահայտի մարտի 1-ը: Մարտի 1-ի բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխության միջոցով»,- ասաց նա:

Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին հայտնեց, որ վերջերս բացահայտվել է պաշտպանության նախկին նախարարի հրամանը, որի համաձայն դեռևս 2008 թվականի փետրվարի 23-ին արդեն կար որոշում «ճզմելու» համաժողովրդական ալիքը:

«Բայց իշխանություններն այդ մասին վերջնական որոշում կայացրին միայն այն բանից հետո, երբ սարսափով նկատեցին պետական համակարգում առաջացող ճաքերը, և մանավանդ, երբ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված բազմամարդ հանրահավաքի մասնակիցները [2008 թ.] փետրվարի 26-ին լքեցին իրենց առաջնորդին և միացան Ազատության հրապարակի ցուցարարներին»,- ասել է առաջին նախագահը` հավելելով, որ այդ հրամանն հատուկ ուշադրության է արժանացել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), և կունենա «լուրջ հետևանքներ»:

Միջազգային հանրության ձեռքում այն կդառնա նախագահ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ամենածանրակշիռ փաստարկը, իսկ Հաագայի դատարանում`Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվելիք քրեական գործի գլխավոր իրեղեն ապացույցը:

Առաջին նախագահը հնչեցրել է հինգ կարևորագույն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը` հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, ժողովրդավարության վերականգնում, օրինականության հաստատում և կոռուպցիայի հաղթահարում։

«Մինչդեռ միջազգային հանրու¬թյանը հետաքրքրում են միայն առաջին երկու խնդիրները, այն է՝ հայ-թուր¬քա¬կան հարաբերությունների բարելավումը և Ղարաբաղյան հակամար¬տու¬թյան կարգա¬վորումը,- ասել է Տեր Պետրոսյանը: - Չեմ ուզում ասել, թե դրանով միջազգային հանրությունը Հայաստանի վատն է ցանկանում կամ նրա դեմ դավ նյութում։ Պետք է ընդունել, որ գերտերությունների վարքը թելադրվում է առաջնահերթություններով, իսկ մնացյալ խնդիրներն ստորադաս¬վում են այդ առաջնահերթություններին»:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի առնչությամբ առաջին նախագահը կարծում է, որ այն մտել է «հանգուցալուծման փուլ»: Նա հավելեց, որ Թուրքիան չի շտապի վավերացնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված արձանագրությունները և չի անդրադառնա այս խնդրին, մինչև ղարաբաղյան խնդիրը չլուծվի:

Երկուշաբթի հանրահավաքում ներկայացվել է «հետմարտիմեկյան ճգնաժամի հաղթահարման ՀԱԿ-ի ժամանակացույցը», որի համաձայն` իշխանությունները պետք է անհապաղ ազատեն քաղբանտարկյալներին, մարտ ամսին վերականգնել մարտի 1-ի սպանությունները քննող անկախ մարմինը` արդեն միջազգային դիտորդների մասնակցությամբ, մինչև ապրիլ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքը վերադարձնել 2008 թ. փետրվարին գոյություն ունեցող տարբերակին, մինչև մայիս անցկացնել անհրաժեշտ մրցույթը և վերաբացել «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը, որը եթերից զրկվել էր 2002 թվականից:

«Մինչև մայիսի վերջ բարեփոխել ընտրական օրենսգիրքը՝ ընտրական գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով: Հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ»,- հայտարարել է ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Հանրահավաքից հետո տեղի է ունեցել երթ դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ երկու տարի առաջ հանրահավաքի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև տեղի էին ունեցել կատաղի բախումներ: Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդիմության մյուս առաջնորդների գլխավորությամբ երթի մասնակիցները ծաղկեպսակներ են դրել 10 զոհերի հիշատակին:

«Ժառանգություն» կուսակցությունն առանձին երթ էր կազմակերպել դեպի Մյասնիկյանի արձանը` դնելով ծաղիկներ և ծաղկեպսակներ մարտիմեկյան զոհերի հիշատակին:
Inside Armenianow