Հայաստան-սփյուռք. անկախությունից 20 տարի անց

Հայաստան-սփյուռք. անկախությունից 20 տարի անց


Մարտի 2-ին կավարտվի «Քաղաքական ֆորում-Հայաստան» (PFA) միջազգային կազմակերպության երկրորդ համաժողովը: «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. անկախությունից 20 տարի անց» թեմայով անցկացվող եռօրյա հանդիպմանը մասնակցում են մտավորականներ, ակադեմիկոսներ և քաղաքական գործիչներ: Համաժողովին մասնակցելու հրավեր են ստացել նաև Հայաստանի բոլոր կուսակցությունների, բարեգործական և ազգային կառույցների ներկայացուցիչներ:

Վաշինգտոնում հիմնված «Քաղաքական ֆորում- Հայաստան» հետազոտական կենտրոնը մեկ տասնյակից ավելի երկրների իր աշխատակիցների հետ փորձել է գնահատել Հայաստան-սփյուռք երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և դրանց հեռանկարը: Հայաստանի կյանքում սփյուռքի ներառումը դիտարկվում է երեք տեսանկյունից` տնտեսական զարգացում, բարեփոխումներ կառավարման ոլորտում և հասարակական հատվածում, քաղաքացիական հասարակության զարգացում: Այս բոլոր ուղղություններով «Քաղաքական ֆորում-Հայաստան» կազմակերպության զեկույցում քննադատական գնահատականներ են հնչել:

Հայաստանի և 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով առաջացած աշխարհասփյուռք հայության հարաբերությունները վերջին 20 տարիներին բազմաթիվ քննարկումների առարկա են եղել: 1999, 2002 և 2006 թթ. հրավիրվել են համահայկական խորհրդաժողովներ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք գործակցության հեռանկարները:

«Հայկական աշխարհ» ստեղծելու անհրաժեշտության մասին նշանակման օրից`2008 թ. ապրիլից, խոսում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս նախագծի շրջանակներում արդեն գործում է Համահայկական բանկը, որի հաջողությունների մասին դեռ չի հաղորդվում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի դադարում հայտարարել, որ առանց սփյուռքի Հայաստանը 3 միլիոն բնակիչ ունեցող երկիր է առանց ռեսուրսների, իսկ սփյուռքի հետ`10 միլիոնանոց ազգ` մեծ ներուժով: Քանի դեռ սփյուռքի հետ համագործակցությունն արտահայտվում է երեք հիմնական ուղղություններով` քաղաքական լոբբինգ հօգուտ Հայաստանի, «էթնիկ» ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև խոշոր բարեգործական սոցիալական աշխատանք, որն իրականացվում է հիմնականում «Հայաստան» հիմնադրամի միջոցով: Սփյուռքը Հայաստանում որոշումների կայացման վրա ազդելու քաղաքական լծակներ չունի:

Այն պահից, երբ սփյուռքի զգալի մասը արմատապես դեմ արտահայտվեց առանց Ցեղասպանությունը ճանաչելու և փոխհատուցում վճարելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման` Հայաստանի իշխանությունների նախաձեռնությանը, Հայաստանի և սփյուռքի միջև մոտեցումների տարբերությունն ավելի ակնհայտ դարձավ: Փաստորեն, սփյուռքը լոբբի ունի բազմաթիվ երկրներում, սակայն ոչ Հայաստանում:

Սփյուռքի առաջին արձագանքը` վրդովմունքը, ի հայտ եկավ նախագահ Սարգսյանի 2009 թ. հոկտեմբերին համահայկական ուղևորության ընթացքում, որին գրեթե ամենուր (այդ թվում` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Միջին Արևելքի և Ռուսաստանի հինգ հայաշատ քաղաքներում) դիմավորում էին բողոքի ակցիաներով: Երկրորդ արձագանքը` օտարացումը, արտահայտվեց 2009 թ. 11-րդ ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ, որի ընթացքում հավաքված գումարը 2,5 անգամ քիչ էր նախորդ տարվա ցուցանիշից: Այնուհետև եկավ ինքնակազմակերպման ժամանակը: Սփյուռքն այժմ փորձում է գնահատել իրավիճակը, որպեսզի համապատասխան քայլեր ձեռնարկի: «Ժառանգություն» կուսակցությունը (հիմնել է ծագումով ամերիկացի ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը) առաջարկում է սկսել խորհրդատվություննների շարք սփյուռքի կազմակերպությունների հետ` որպես հայ-թուրքական պատմական դիմակայության լեգիտիմ կողմ:

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը առաջարկում է ստեղծել յուրօրինակ հայկական խորհրդարան, որում ներկայացված կլինեն բոլոր հայկական համայնքներն ու կազմակերպությունները և որը որոշակի իրավաբանական կարգավիճակ կունենար Հայաստանի հետ հարաբերություններում (Սա հետաքրքիր առաջարկ է, քանի որ ենթադրում է ընդհանուր հարթակ սփյուռքի բոլոր կառույցների համար, որոնց միջև տարաձայնությունները նույնպես ազդում են ազգային ծրագրերի արդյունավետության վրա:)

Քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը գրում է, որ «սփյուռքի քաղաքական շրջանակներ են մտել շատ հարուստ մարդիկ, որոնք հետապնդում են խիստ անձնական կամ որոշակի կառավարական կառույցների շահեր»:

Վերլուծաբանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը մտահոգված է սփյուռքի կազմակերպությունների հնարավոր անկախ գործունեությամբ:

«2009 թ. իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մեկ անգամ ևս համոզվեց, որ սփյուռքի շատ շրջանակների դիրքորոշումը վտանգավոր է իր դրության համար, և կասկած չմնաց, որ պետք է շարունակել սփյուռքում անկախ նախաձեռնությունների վերացման կուրսը: Սակայն հայկական սփյուռքն արդեն բավական նախապատրաստված է արմատական բարեփոխմանը, նոր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ձևավորմանը: Հայկական սփյուռքի միջազգային նշանակությունը չի սպառվել, այն կարող է ուժեղանալ, և սփյուռքը կարող է արժանի տեղ գրավել աշխարհում»,- ասում է Մուրադյանը:
Inside Armenianow