Էլեկտրոնային նորարարություն. ՀՀ վարչապետը ներկայացնում է էլեկտրոնային կառավարման ծրագիրը

Էլեկտրոնային նորարարություն. ՀՀ վարչապետը ներկայացնում է էլեկտրոնային կառավարման ծրագիրը

Photolure

Վարչապետ Սարգսյանի խոսքով՝ ծրագիրը էապես կկրճատի կոռուպցիոն ռիսկերը:

Երեքշաբթի (մարտի 2-ին) ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ՀՀ կառավարության մարմիններում ներդրված էլեկտրոնային համակարգը, ըստ որի այսուհետ կառավարությունում և առընթեր մարմիններում շրջանառվող բոլոր փաստաթղթերը լինելու են առցանց տարբերակով և հասանելի ու թափանցիկ:

«Էլեկտրոնային կառավարման ծրագիրը մեզ վերահսկելու գործիք է հասարակության ձեռքին»,- հավաստիացնում է ՀՀ վարչապետը:

Էլեկտրոնային կառավարման համակարգը ներդրվել է պետական 44 մարմիններից 25-ում, այդ թվում` մարզպետարաններում, բոլոր նախարարություններում, նախատեսվում է, որ մինչև 2011 թվականը բոլոր մարմինները կաշխատեն առցանց ռեժիմով:

«Քաղաքացին իր ներկայացրած ցանկացած փաստաթղթի օնլայն տարբերակով կարող է հետևել, իմանալ, թե որ փուլում է գտնվում այն, որ գերատեսչությունում է և, պատասխանի ուշացման դեպքում, հնարավորություն կունենա շատ արագ լուծելու հարցը, քանի որ առցանց պահվելու է տվյալ փաստաթղթի շրջանառության պատմությունը»,- ասում է վարչապետը (փաստաթղթերը ներկայացնելիս քաղաքացիները կստանան 12 նիշից բաղկացած գաղտնագիր, որը հետագայում նրանց հնարավորություն կտա հետևելու իրենց փաստաթղթերի ընթացքին):

Ըստ վարչապետի` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացված 700000 դոլարանոց այս ծրագիրը նախագահ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթներից էր, որն «ընձեռում է պետական կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացման հնարավորություն»:

«Ծրագրի ամենակարևոր դրույթն այն է, որ նվազագույնի է հասցնում պետական ծառայող և քաղաքացի շփումը և էապես կրճատում է կոռուպցիոն ռիսկերը»,- ասում է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

Էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները սկսվել են դեռևս 2007 թ., 2008-ից փորձնական կիրառվել է կառավարությունում և 4 նախարարություններում:

«Ծրագրի շնորհիվ միայն պետական մարմիններում փաստաթղթերի շրջանառության ժամկետները կրճատվում են 20 տոկոսով: Օրինակ` եթե Սյունիքի մարզ մի նամակ ուղարկելը տևում էր մինչև մեկ շաբաթ, ապա այժմ` մի քանի վայրկյան»,- ասում է աշխատակազմի ղեկավար Սարգսյանը:
Inside Armenianow