Վարորդները բողոքում են. գազի սակագնի բարձրացումը կխաթարի հասարակական տրանսպորտի աշխատանքը
Հիշեցնենք, որ վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է Հայաստանում ռուսական գազի առաքման մենաշնորհային «Հայռուսգազարդ» ընկերության հայտը` բարձրացնել բնական գազի սակագինը: Սակայն ընկերության պահանջած 41 տոկոս բարձրացման փոխարեն հաստատվել է 37,5 տոկոսով թանկացում: Այնուհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կայքէջում (www. www.psrc.am ) հաստատել է, որ թեև «գազի սակագների բարձրացումն անմիջականորեն ազդում է ջէկերում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների վրա, սակայն հնարավոր կլինի խուսափել վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից»: Կայքում ասվում է, որ դա հնարավոր կլինի հիմնականում 2010 թ. մայիսի 1-ից «Երևանի ջէկ» ՓԲԸ-ի շոգեգազային համակցված ցիկլով աշխատող բարձր արդյունավետությամբ նոր էներգաբլոկից ներքին շուկա էժան էլեկտրաէներգիայի առաքման շնորհիվ: Երթուղայինների և տաքսիների ուղեվարձի թանկացման վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն դա նաև անհավանական չեն համարում: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Արսեն Գասպարյանի խոսքով` կանխատեսումներ անելու համար անհրաժեշտ է, որ իրենց նախևառաջ դիմեն գծի տերերը և լուրջ հիմնավորումներ ներկայացնեն գնի բարձրացման վերաբերյալ: «Սակայն այսօրվա դրությամբ նման դիմում չի եղել»: Վարորդների կարծիքով`շատ հնարավոր է, որ գազի գները չազդեն ուղեվարձերի և գծի կամ տաքսի ծառայությունների տերերի գրպանի վրա, բայց իրենք անպայման կտուժեն: «Կասեն` դե, քաղաքապետարանը թույլ չի տալիս գները բարձրացնել, գնացեք արեք ինչ ուզում եք, մենք էլ ստիպված կլինենք նախկին գազի 3000 դրամի (8 դոլար) լիցքավորելու փոխարեն տալ 4500 դրամ (12 դոլար)»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրուցելիս վրդովվեց 40-ամյա Վարդան Համբարձումյանը: Նա ունի 4 երեխա, որոնցից 3-ը` դպրոցական տարիքի են, իսկ ավագ դուստրը սովորում է բժշկական քոլեջում, որի տարեկան վարձը 150 000 դրամ (400 դոլար) է: Տանը միայն ինքն է աշխատում, իսկ օրվա եկամուտը կազմում է մոտ 2000 դրամ (5 դոլար). «Եթե գազի գինը բարձրացրին, ստիպված եմ լինելու նոր աշխատանք գտնել»,- ասաց նա: Այսպես է մտածում նաև 53-ամյա Սամվել Պողոսյանը, ով ասում է, որ վարորդ կաշխատի միայն մինչև գազի գների թանկանալը. «Էլ ո՞վ քո ավտոն կնստի, եթե 600 դրամ (1,6 դոլար) մինիմալ գինը դառնա 1000 դրամ (2,6 դոլար): Ավելի լավ է` գյուղից ձի ու էշ բերենք ու քշենք»:
Other Articles in Business
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.