Փորձագետ. 90-ականների սոցիալական ճգնաժամն ազդել է ներկայիս ժողովրդագրության վրա

Փորձագետ. 90-ականների սոցիալական ճգնաժամն ազդել է ներկայիս ժողովրդագրության վրա

Photolure

Եգանյանի խոսքով՝ յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա առնվազն երեք երեխա՝ պահպանելու երկրի ժողովրդագրությունը:

Առաջիկա տարիներին ժողովրդագրագետները Հայաստանում կանխատեսում են ծնելիության նվազում, քանի որ այդ տարիներին իր վերարտադրողական տարիքին է հասնում 1990-ականներին ծնված սերունդը:

Հայաստանի անկախության վաղ շրջանը հիմնականում աչքի է ընկել զանգվածային արտագաղթով և սոցիալական պայմանների վատթարացմամբ, ինչն ազդել է երկրի ժողովրդագրության վրա: (Օրինակ` 1999 թ. Հայաստանում ծնվել է 32 հազար երեխա, ինչը կրկնակի քիչ է, քան 1980-ականներին ծնված երեխաների թիվը):

Չնայած այս տխուր կանխատեսումներին` այժմ Հայաստանում նկատվում է ծնելիության աճ: Օրինակ` 2009-ին Հայաստանում ծնվել է 44 466 երեխա, որը 8 տոկոսով ավելի է 2008-ի ցուցանիշից:

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը ծնելիության աճը պայմանավորում է նրանով, որ այժմ իր վերարտադրողական տարիքին է հասել 1980-ականներին ծնված սերունդը: (90-ականների ճգնաժամից առաջ` 1970-1980 ականներին տարեկան գրանցվում էր 75 000-80 000 ծնունդ):

Ըստ ժողովրդագրագետի`առաջիկայում ծնելիության կտրուկ նվազումից խուսափելու համար, հայ ընտանիքներում պետք է ծնվեն միջինը երեք երեխաներ, ինչպես 70-80-ական թվականներին, որն էլ համարվում էր «ժողովրդագրության բարօրության հիմք»:

«Սակայն այսօր մեր մայրական սերունդը իրեն կիսով չափ է վերարտադրում»,- ասում է Եգանյանը`ավելացնելով, որ աժմ վերարտադրական տարիքում գտնվող մեկ զույգի վերարտադրման միջին ցուցանիշը կազմում է ընդամենը 1.4 տոկոս, այնսինքն 1-2 երեխա:
Inside Armenianow