Եթե դեմ չես, ուրեմն դոնոր ես. մարդու իրավունքների և առողջապահության փորձագետները վիճարկում են օրգանների փոխպատվաստման օրենքը
Երեքշաբթի օմբուդսմանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելու փոխպատվաստման մասին օրենքի 2009 թ. ապրիլին ընդունված փոփոխությունների` Սահմանադրության համապատասխանության հարցը: Փոփոխություններով սահմանվում է, որ փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես դոնոր: Ինչպես պարզաբանում է ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, «եթե մարդը չի հայտնել իր անհամաձայնությունը, նշանակում է` նա համաձայն է դոնոր լինելու, և նրա օրգանները կարող են անարգել օգտագործվել»: «Ովքեր չեն հրաժարվել դոնոր լինելուց, մենք նրանց ճանաչում ենք որպես դոնոր։ Այս ուղին է ընտրել եվրոպական երկրների շուրջ 60 տոկոսը»,- ասում է Բաբլոյանը: Հենց այս դրույթին է դեմ օմբուդսմանը` համարելով այն հակասահմանադրական. «Մարդն ինքն է որոշում և տնօրինում իր մարմնի ճակատագիրը, այդ թվում` որոշում վերջինիս ճակատագիրը մահից հետո: Մինչդեռ վիճարկվող դրույթը սահմանում է, որ մարդն իր մահից հետո հանդիսանում է դիակային դոնոր, եթե իր կենդանության օրոք չհրաժարվի որպես այդպիսին հանդես գալուց, a priori մահից հետո նրա մարմնի ճակատագիրն արդեն իսկ որոշված է»,- գրված է ՍԴ ներկայացված դիմումում: Անկախ իրավաբան Արա Միքայելյանը վստահ է, որ օրենքի «դեմ չես, ապա կողմ ես» տրամաբանությունը դաշտ է ստեղծում բազմաթիվ չարաշահումների համար: «Կարող է մարդն ավտովթարի ենթարկվել, բայց չմահանալ, հնարավոր լինի փրկել, սակայն այս դրույթի առկայությունը հաշվի առնելով` նրանք կարող են չփրկել տվյալ մարդուն, որպեսզի հետագայում օրգանները թանկ գնով վաճառեն` առանց հարազատների համաձայնությանը սպասելու»,- «ԱրմենիաՆաուին» ասում է իրավաբան Արա Միքայելյանը: Սակայն Արա Բաբլոյանը վստահեցնում է, որ այս հարցն օրենքը կանոնակարգում է, և «հայաստանյան բժշկական կենտրոնները չարաշահումներ առ այսօր չեն արձանագրել»։ «Հայաստանում օրենքը շատ խիստ ամրագրում է, որ օրգանը պատվաստվում է միայն անհատույց պայմաններում, այսինքն`օրգանը առքուվաճառքի առարկա չէ»,- ասում է Բաբլոյանը: Մինչդեռ իրավաբան Միքայելյանը հակադարձում է, որ «Հայաստանում այսօր էլ կատարվում են չարաշահումներ, իսկ օրենքի նման փոփոխությամբ դրանք միայն շատանալու են»: Ըստ առողջապահության նախարարության տվյալների`Հայաստանում տարեկան շուրջ հազար փոխպատվաստման վիրահատություններ են կատարվում և արժեն մոտ 15 հազար եվրո, սակայն դոնորը տրվում է անվճար: Պատգամավոր Բաբլոյանը շեշտում է, որ հնարավոր էր կիրառել եվրոպական երկրների փորձը, երբ վարորդական իրավունքի մեջ նշվում է անձի` դոնոր դառնալու համաձայնությունը: «Սակայն մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ դրան, ասում են` դուք ինձ վարորդական իրավո՞ւնք եք տալիս, թե՞ մեռելի թուղթ»,- ասում է Բաբլոյանը:
Other Articles in Health
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.