Հայաստանի ընդդիմությունը մեղադրում է գազի մենաշնորհ ունեցող կազմակերպությանը գների ապօրինի բարձրացման համար
ՀԱԿ-ը հասարակությանը կոչ է անում չհամակերպվել «այդ անօրինական բարձրացման հետ» և, որպես համահայցվոր, դիմել դատարան՝ «վիճարկելու որոշման (գազի սակագների բարձրացման) ընդունման իրավական և տնտեսական ապօրինի հիմքերը»։ «Հայռուսգազարդի» (որն ունի մենաշնորհային դիրք Հայաստանում) սակագների բարձրացման հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել էր անցյալ շաբաթվա վերջին (ըստ այդմ` ապրիլի 1-ից մոտ կես միլիոն սպառողներ 1000 խմ գազի համար կվճարեն 132 000 դրամ (347 դոլար)` նախկին 96000 դրամի (252 դոլար) փոխարեն (ձմռան ամիսներին ամսական միջին ծախսը կբարձրանա 10 000 դրամով (26 դոլար): Ընդդիմությունը պնդում է, որ բարձրացումը տնտեսապես հիմնավորված չէ, և «Հայռուսգազարդը» գերշահույթներ է ստանում: «Անհրաժեշտ է ստուգել «Հայռուսգազարդի» ծախսերի հիմնավորվածությունը, ղեկավար անձնակազմի աշխատավարձերի չափը, ֆինանսական միջոցների տնօրինումը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը: Նա ասաց, որ իրենք ուսումնասիրել են «Հայռուսգազարդի» 2010-2011 թթ. ներդրումային ծրագիրը և պարզել, որ այն չափազանց «ուռճացված է ու հանգիստ հնարավոր է կրճատել»: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ վստահեցնում է, թե պետք է պահանջատեր լինել, քանի որ «Հայռուսգազարդը» պետական կազմակերպություն է, և բաժնետոմսերի 20 տոկոսը դեռևս պատկանում է ՀՀ-ին։ «Շատ կարևոր է իմանալ, թե ինչքա՞ն են «Հայռուսգազարդի» ծախսերը։ Մի քանի շաբաթ առաջ «Հայռուսգազարդի» ղեկավարը Լոնդոնում մասնակցել է մի «բուրժուական» միջոցառման (նկատի ունի փետրվարի 11-ին արքայազն Չարլզի կազմակերպած ընդունելությունը), որտեղ ամեն մասնակից տվել է 25 000 ֆունտ ստեռլինգ»,- ասում է Բագրատյանը: «Սա պետական հիմնարկ է, նա մեզ հարցրե՞լ է` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր վճարած գումարով նա մասնակցի բուրժուական միջոցառումների ու հետո էլ բերի այդ ծախսերը մտցնի սակագնի մեջ»,- հարցնում է Բագրատյանը: Մինչդեռ «Հայռուսգազարդի» հասարակայնության հետ կապերի ղեկավար Շուշան Սարդարյանը Բագրատյանի հայտարարությունը համարում է «անհեթեթ»: «Դա («Հայռուսգազարդի» ղեկավարի մասնակցությունը Լոնդոնում կայացած ընդունելությանը) չի համապատասխանում իրականությանը, և այդ հայտարարությունը պարզապես անհեթեթություն է»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սարդարյանը:
Other Articles in Social
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.