Հայ պատգամավորը ողջունում է ԱՄՆ բանաձևը

Հայ պատգամավորը ողջունում է ԱՄՆ բանաձևը

Photolure

Ռուստամյանի խոսքով՝ բանաձևի ընդունումը սպասելի էր:

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման ընթացքում հնչած ելույթները դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը համարում է «կարևոր դաս», որից պետք է հետևություններ անեն հայ պատգամավորները և հետագայում «ձեռնպահ մնան վավերացման գործընթացից»:

Մարտի 4-ին (հինգշաբթի) ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ և 22 դեմ հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Նման բանաձև նույն հանձնաժողովում նախկինում ընդունվել է երեք անգամ, վերջինը` 2007 թ. հունվարի 30-ին՝ 27 կողմ և 21 դեմ ձայների հարաբերակցությամբ, սակայն հետագայում Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց ԱՄՆ Պալատում և Սենատում ամբողջական քվեարկության վրա:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ասում է, որ բանաձևի ընդունումը սպասելի էր:

«Սակայն կողմերի թիվը շատ ավելի մեծ էր մինչև թուրքական պատվիրակության ժամանումը»,- ասում է Ռուստամյանը:

Ըստ պատգամավորի` նախորդ տարիներին էլ կողմերի թիվն ավելի շատ էր, և մերժման միակ նոր փաստարկը «չարաբաստիկ արձանագրություններն ու կարգավորման գործընթացին չխանգարելն էր, և սա պետք է դաս լինի մեր պատգամավորների համար»,- շեշտում է Ռուստամյանը` բանաձևի ընդունումը համարելով «Հայաստանի առաջին էական հաջողությունը հայ-թուրքական արձանագրությունների ֆոնի վրա»:

Թե բանաձևի ընդունումից ի´նչ դասեր կքաղեն Ազգային ժողովում, Ռուստամյանը դժվարանում է կանխատեսել, սակայն վստահ է, որ «պատգամավորները կազդվեն»:

«Նախ` կասկածում եմ, թե բոլորը (ԱԺ պատգամավորները) նայել են, զգացել են այդ դրամատիզմը: Եթե չեն տեսել, ապա շատ դժվար է լինելու նրանց այդ մթնոլորտը զգալը, բայց, կարծում եմ, կհասկանան, որ շտկումներն անհրաժեշտ են: Եթե թուրքերն են ասում, որ իրենց վավերացման վրա ազդելու է, ի՞նչ է` մեզ վրա չի ազդի՞»,- հարցնում է Ռուստամյանը:

Մինչդեռ ԱԺ մյուս ընդդիմադիր` «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կասկածում է, թե բանաձևը փոփոխություն կբերի:

«Ես, ընդհակառակը, մտավախություն ունեմ, որ այս ոգևորությամբ տեղի տան ճնշումներին և Թուրքիայից էլ շուտ վավերացնեն արձանագրությունները»,-«ԱրմենիաՆաուին» ասում է Սաֆարյանը:
Inside Armenianow