Մեղավոր` կիսով չափ. Փաշինյանի պատիժը կրճատվեց կիսով չափ

Մեղավոր` կիսով չափ. Փաշինյանի պատիժը կրճատվեց կիսով չափ

Photolure

Այսօր վերաքննիչ քրեական դատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, արմատական ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մեկ ամիս առաջ սահմանած 7 տարվա պատիժը կիսով չափ կրճատեց:

Հունվարի 19-ին դատարանը 34-ամյա Փաշինյանին մեղավոր էր ճանաչել Երևանում 2008 թ. մարտի 1-2-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ: Սկզբում նա մեղադրվել էր նաև «ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար, սակայն նրա վրայից հանվել էր մեղադրանքը` ապացույցների բացակայության պատճառով:

Փաշինյանի պաշտպանները պնդում էին, թե նա պետք է ազատ արձակվի, քանի որ գոյություն ունեցող մեղադրանքը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել:

Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել թե´ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, թե´ մեղադրող կողմը: Պաշտպանները դատարանից պահանջում էին արդարացնել Փաշինյանին, իսկ մեղադրող կողմը դժգոհ էր «ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մասով արդարացման դատավճռից:

Դատարանն այսօր մերժեց փաստաբանների և մեղադրողների վերաքննիչ բողոքները և կիրառեց միայն համաներման մասին որոշումը:

Եթե նա իր նոր պատիժը մինչև վերջ կրի, ապա Փաշինյանն ազատ կարձակվի հենց Հայաստանի հաջորդ նախագահական ընտրություններից առաջ:
Inside Armenianow