Տնտեսություն 2010. փորձագետների գնահատականները կասկածի տակ են դնում կառավարության խոստումները
Տնտեսության անկման և դանդաղ վերականգնման պատճառներից մեկը համարվում է մոնոպոլացումը և օլիգոպոլիաների առկայությունը: «Սիվիլիթաս» հիմնադրամի 2009 թ. զեկույցում նշվում է, որ իշխանության և բիզնեսի սերտաճումը, արդյունավետ կառավարման դեֆիցիտը, ի թիվս այլ պատճառների, հանգեցրին նրան, որ Հայաստանի տնտեսությունը հազիվ դիմակայեց ճգնաժամի հարվածին: Ըստ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի (նախկին ՀՀ արտգործնախարար)` կառավարության պատասխանը ճգնաժամին ուշացած էր և անհամարժեք: Իսկ ի՞նչ էր առաջարկել կառավարությունը: Պետական միջոցառումների ծրագրում ընդգրկված են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության, խոշոր գործատուներին վարկեր տրամադրելու միջոցով աշխատատեղերի, դրամի լողացող փոխարժեքի քաղաքականության պահպանում, պետական ծախսերի ընդլայնում` արտաքին ֆինանսավորման ներառումով: Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում հանրապետական և տարածաշրջանային նախագծերը` նոր ատոմակայանի կառուցում, ճանապարհային շինարարություն (մոտ 1000 կմ), ի թիվս որոնց` Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցում, որը Վրաստանի սահմանը կկապի Իրանի սահմանի հետ, գյուղական ճանապարհների վերակառուցման ծրագիր, Երևանի քաղաքային տրանսպորտի ծրագիր, Իրան-Հայաստան երկաթգծի ճանապարհի կառուցում, ՀՀ ողջ տարածքում ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագիծ, աղետի գոտու շարունակվող վերականգնում: Ինչպես նաև Հայաստանը մի շարք ուղղություններով` առողջապահության, կրթության, ֆինանսական ծառայությունների և կազմակերպված հանգստի, տարածաշրջանային կամ էլ նույնիսկ համաշխարհային կենտրոնի վերածելու մի շարք «հավակնոտ» մտահղացումներ: Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ներկայացուցիչ Նինկե Օմեսն անցյալ տարվա աշնանը համաձայնել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլի այն կարծիքին, որ ՀՀ տնտեսությունը օլիգոպոլային կառուցվածք ունի: «Կենտրոնացված պլանային տնտեսությունից շուկայականի անցումը երկար գործընթաց է: Արդեն ստեղծվել և գործում են շուկայական մեխանիզմները, սակայն շատ ոլորտներում մրցակցության պակաս կա,- հայտարարել է Օմեսը և հավելել: - Շատ ոլորտներ վերահսկում են մեկ կամ երկու խոշոր ընկերություններ»: «Մենք կպայքարենք օլիգոպոլիաների դեմ, ոչ թե օլիգարխների»,- դեկտեմբերի 25-ին ի պատասխան հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր մոնոպոլիստներն իրականում մեծ մասնաբաժին են ստացել շուկայում ոչ թե իրենց գրագետ տնտեսական գործունեության, այլ իրենց մենաշնորհային կարգավիճակի համար»,- հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արա Նռանյանը: Փետրվարի վերջին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային բարեփոխման ծրագրի`«100 քայլ» նախագիծը, որի հեղինակն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Երկրորդ սերնդի բարեփոխումների ձախողումը հանգեցրեց տնտեսության և եկամուտների բաշխման միանգամայն անցանկալի կառուցվածքի, որի դեպքում երկրի տնտեսական զարգացման գործընթացում ընդգրկված է 15 մարդ և ձեռնարկատիրական ակտիվություն չկա: Մենք պետք է հաղթահարենք դա: Անհրաժեշտ է ոչ թե ստիպել, այլ հրավիրել հարյուրավոր մարդկանց`մասնակցելու երկրի զարգացմանը: Բավարար է, որ պետության ղեկավարն ապացուցի, որ կարող է ազատել հասարակությունը բաշիբոզուկներից, և դա կհաջողվի անել: Կսկսվի ինքնամաքրման բնական գործընթաց»,- ասել է Բագրատյանը: Վարդան Օսկանյանի կարծիքով` անհրաժեշտ է որոշումներ փնտրել նաև տնտեսական ոլորտից դուրս: «Տնտեսական մթնոլորտի բարելավման համար կարելի է օգտվել տնտեսական ճգնաժամից` երաշխավորելով օրենքի գերակայությունը, վերացնելով մոնոպոլիաները, բիզնեսի և իշխանության սերտաճումը և իրականացնելով արդյունավետ ու կանխատեսելի կառավարում»,- ընդգծել է Օսկանյանը:
Other Articles in Economy
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.