Բանաձև 252. ԱՄՆ-ում եղած հայկական պատվիրակության անդամները հուսով են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը կշարունակվեն

Բանաձև 252. ԱՄՆ-ում եղած հայկական պատվիրակության անդամները հուսով են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը կշարունակվեն

Photolure

Արտակ Զաքարյան, Կորյուն Նահապետյան

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քննարկմանը մասնակցած ՀՀ Ազգային ժողովի երեք հոգանոց պատվիրակության երկու անդամների կարծիքով` ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջին քայլն է արել: Նրանք հորդորել են ամերիկացի օրենսդիրներին շարունակել ճանաչման գործընթացը` չնայած Թուրքիայի կառավարության և թուրքական լոբբիստական կազմակերպությունների լուրջ ճնշումներին:

«ԱՄՆ հայկական կազմակերպությունները և ՀՀ կառավարությունը պետք է ամեն ինչ անեն, որ բանաձևը մինչև այս Կոնգրեսի լիազորությունների ավարտը (2010 թ. նոյեմբեր) դրվի Կոնգրեսի լիագումար նիստի քննարկմանը»,- ասում է հայկական պատվիրակության անդամ Կորյուն Նահապետյանը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին 23:22 ձայների հարաբերությամբ հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: 2000 թ. սկսած արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արդեն 4 նման բանաձևեր են քննարկվել, սակայն ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ էր մասնակցում բանաձևի քննարկմանը: ՀՀ պատվիրակության կազմում էին հանրապետականներ Կորյուն Նահապետյանը, Արտակ Զաքարյանը և դաշնակցական Վահան Հովհաննիսյանը:

ՀՀ խորհրդարանական պատվիրակության մասնակցությունը բանաձևի քննարկմանը Նահապետյանը համարում է հայկական դիվանագիտության հաղթանակը:

«Կարևոր եմ համարում այն, որ ելույթ ունեցող բոլոր կոնգրեսականներից ոչ մեկը, նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին բանաձևի ընդունմանը, չժխտեցին Հայոց ցեղասպանության փաստը»,- ասում է Նահապետյանը:

Խոսելով բանաձևի ընդունումից առաջ և հետո Թուրքիայի կողմից հնչեցված սպառնալիքների մասին` հայկական պատվիրակության անդամներն ասացին, որ նման սպառնալիքներ Թուրքիան արել է նաև ԱՄՆ-ի կողմից նախորդ բանաձևերի ընդունման, ինչպես նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակ, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Inside Armenianow