252 բանաձևի հետևանքները. ԱՄՆ-ի զիջումը Թուրքիայի հիստերիային խրախուսում է նրա նման վարքագիծը
Հատկապես երբ Միացյալ Նահանգներին կոչ է արվում դատապարտել ուրիշ ժողովուրդների գործած արարքները, հայելին շրջվում է, և հզոր, բայց ոչ անթերի ազգին կոչ է արվում դատապարտել ինքն իրեն: Ավաղ, ձեռքի տակ ավելի քան բավարար նյութ կա ապացուցելու, թե ինչու է սա օրինական, վարկաբեկող գործիք` ընտրված նրանց կողմից, ովքեր ճանճը դարբնի կռանով են սատկացնում: Ջա՞րդ, տեղահանո՞ւմ, վատ վարմո՞ւնք, դավաճանությո՞ւն բնիկ ամերիկացիների [հնդկացիների] հանդեպ: Մեղավոր է: Ընդունել է: Ճանաչել է: Ճնշումնե՞ր, ռասայական խտրականությո՞ւն և մեկուսացո՞ւմ, անգութ վերաբերմո՞ւնք աֆրոամերիկացիների հանդեպ: Մեղավոր է: Ընդունել է: Ճանաչել է: Անմեղ օտարերկրացիների սպանությո՞ւն հանուն սեփական շահերի: Մեղավոր է: Դժբախտաբար, դեռ շարունակում է: (Անցյալ հինգշաբթի օրվա նշանակալից պահերից էր, երբ ելույթով հանդես եկավ կոնգրեսական Քիթ Էլլիսոնը Մինեսոտայից: Նա առաջին մուսուլման կոնգրեսականն է: Բանաձևին կողմ քվեարկելուց առաջ նա հայտարարեց, որ իր գրասենյակն աշխատում է մի բանաձևի վրա, որով ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արվելու դատապարտել իր նախնիներին` ազգային փոքրամասնությունների նկատմամբ պատմականորեն անարդար վերաբերմունքի համար:) Երբ քննադատներն օգտագործում են վերոհիշյալ փաստարկները` իրենց վրդովմունքն արտահայտելու ԱՄՆ անամոթության նկատմամբ, նրանք այնքան էլ հեռու չեն ճշմարտությունից: Սակայն նրանք մոռանում են չափազանց կարևոր մի հանգամանք, որն անմիջական առնչություն ունի միայն ու միայն Թուրքիա-Հայաստան-Ամերիկա հարաբերությունների դինամիկայի հետ: «Վերամբարձ» ճառերի մեջ կորչում է ուշադրության արժանի մի փաստ. մի՞թե բնիկ ամերիկացիները փորձել են լոբբիստների միջոցով ազդել Թուրքիայի խորհրդարանի վրա`ընդունելու սպանությունների, տեղահանությունների և հողերի բռնագրավման մասին բանաձև: Կամ էլ աֆրոամերիկացիները մի՞թե հորդորել են Թուրքիային` հայցելով նրա կարեկցանքն ու մարդկության դեմ գործած հանցագործությունների ճանաչում: Ամենևին էլ ոչ: Եվ եթե ոչ, ապա ԱՄՆ-ին սոսկ քննադատելն այնպիսի մի վարքագծի համար, որի համար այդ երկրի վարչակազմը, իմիջիայլոց, սերունդներ շարունակ զղջացել է ու խղճի խայթ զգացել, համոզիչ փաստարկ չէ: Այլ ազգերը սփոփանք են փնտրում ԱՄՆ աջակցության մեջ, քանզի դա մի երկիր է, որ միջոցներ է ձեռնարկում իր սեփական պատմությունը հաղթահարելու և ոչ թե այն ժխտելու ուղղությամբ: Թուրքիայի վարչակազմի արձագանքի համեմատությամբ` հանձնաժողովի անդամների ակնարկները, հիրավի, խորաթափանց էին: Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ հանդես եկողներից շատերը անթաքույց զղջում էին, որ իրենց քվեարկությունը թելադրված է ոչ թե խղճով, այլ քաղաքական անհրաժեշտությամբ: Ոմանք անգամ անկեղծորեն ներողություն էին խնդրում: Որպես մարդու իրավունքները արժևորող (որը շարունակական գործընթաց է) երկրի ներկայացուցիչներ՝ նրանք ներքուստ չեն կարող չունենալ զգացմունքների բախում: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կլիներ Թուրքիայի խորհրդարանի այն պատգամավորի վերջը, որն Անկարայի քաղաքականությանն աջակցեր` միաժամանակ իր զղջումն արտահայտելով: Բավական է այստեղ որպես վառ օրինակ նշել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի ցավալի դեպքը, երբ վերջինս բարկացրեց իր վերադասներին: Սա մեզ հուշում է, որ ցեղասպանության շուրջ բանավեճում հարցի բարոյական կողմը, անգամ ճշմարտության կողմը կանգնածների համար, շատ ավելի պարզ է, քան դրա հետևանքով առաջացած քաղաքական գլուխկոտրուկը: Մինչ ոմանց համար գուցեև անհասկանալի պահեր կան այս բանավեճում, մի բան միանշանակ է. գոյություն չունի մի այնպիսի կատարյալ կառույց, որտեղ հնարավոր է չարիքը սահմանող համապարփակ օրինագիծ ընդունել: Այդուհանդերձ, եթե թուրքերն առաջնորդվեին այն նույն բարոյական պարտքի զգացումով, ինչպիսին արտահայտվեց բանաձևի քննարկումների ժամանակ, Թուրքիայի ղեկավարությունից առնվազն հարգալից անհամաձայնության փորձ կակնկալվեր: Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այնքան մտահոգ լիներ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացով», որքան հանձնաժողովի անդամներն էին փորձում համոզել միջազգային հանրությանը, նա պետք է որ արձագանքած լիներ` ասելով նման մի բան. «Մինչ Թուրքիայի Հանրապետությունը ցավում է ցանկացած մարդկային կյանքի կորստի համար, այդ թվում նաև՝ հայերի, որոնք այս կայսրության մասն են կազմել շուրջ մեկ դար առաջ, մենք նաև ցավում ենք, որ հանձնաժողովը նման որոշում է կայացրել...» Փոխարենը՝ նախագահը պատասխանը սկսեց այսպես և ելույթի ընթացքում ավելի հարգալից չդարձավ. «Ցավում եմ այս որոշման համար, որը բացարձակապես անխոհեմ եմ համարում»: Նրանք, ովքեր հավատացած են, որ ճշմարտությունն իրենց կողմն է, չպետք է վախենան անհամաձայնությունից: Եվ անգամ վրդովմունքի մեջ բարոյապես անբասիր մարդկանց զսպում են հեռատեսությունն ու զգուշությունը: Փոխարենը՝ Թուրքիայի վարչապետը 1,5 միլիոն նահատակված հոգիներին առնչվող փաստաթուղթն անվանեց «կատակերգություն»: Նման լկտիությունն ու ամբարտավանությունը քննադատելու փոխարեն` Օբամայի վարչակազմը, ճիշտ այնպես, ինչպես դրա նախորդները, խուճապահար եղավ թուրքերի բարձրացրած հիստերիայից: Եվ այդպես վարվելով ԱՄՆ-ը, որն առաջնորդելու հնարավորություն ունի, ինքն իրեն տարավ մի ուղղությամբ, որը շեղվում է իր իսկ որդեգրած և գովեստի արժանի ուղուց, այն է` հաղթահարել խարանող պատմությունը: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.