Էլ ոչ մի «Միլանո». Երևանի կենտրոնում գտնվող հայտնի բուտիկներից մեկը օտարվել է` հանրային շահից ելնելով

Էլ ոչ մի «Միլանո». Երևանի կենտրոնում գտնվող հայտնի բուտիկներից մեկը օտարվել է` հանրային շահից ելնելով

Photolure

Փակվել է «Միլանո» խանութը, իսկ ունեցվածքը՝ բռնագանձվել:

Երկարատև դատական գործընթացներից հետո երեկվանից չի գործում Երևանի ամենահին (բացվել է 1995 թ.) ու թանկարժեք բուտիկներից մեկը` «Միլանոն»: Երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցներն օտարել են եռահարկ վաճառասրահի առաջին հարկի ամբողջ գույքը:

Խանութի սեփականատերն այդ քայլը «հափշտակություն» է որակել:

Խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանն այսօր ԴԱՀԿ աշխատակիցների հետ պայմանավորվեց, որ երկրորդ հարկի գույքն արդեն ինքն իր աշխատակիցների հետ կգույքագրի և կտեղափոխի խանութից:

Աբովյան 4 հասցեում գտնվող վաճառասրահի տարածքը դատարանի որոշմամբ 2007 թ.-ից ճանաչվել է որպես հանրային գերակա շահ: Տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն, որի ղեկավարը սփյուռքահայ Ավետիս Կարագուլյանն է։ Կարագուլյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ դեռ չի կարող ասել, թե ինչ է պատրաստվում կառուցել օտարված տարածքում:

Ղուկասյանն իր հերթին «ԱրմենիաՆաուին» պատմեց, որ մարտի 9-ին` օրվա երկրորդ կեսին, իրենք ծանուցում են ստացել գույքի օտարման վերաբերյալ, սակայն չեն հասցրել մինչև հաջորդ օրը առավոտյան (երբ ԴԱՀԿ աշխատակիցները ներկայացել են վաճառասրահ) պատշաճ գույքագրել և խանութից տեղափոխել եվրոպական թանկարժեք հագուստը:

«Այնպիսի տպավորություն էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները այդպես հապշտապ, անփութորեն, բարբարոսաբար ու առանց պատշաճ գույքագրման շաքարավազի պարկերի ու ծխախոտի արկղերի մեջ տեղափոխեցին այդ թանկարժեք հագուստը, որպեսզի մեզ ահաբեկեն»,- ասում է Ղուկասյանը:

Ղուկասյանը հրաժարվում է ազատել իրեն պատկանող տարածքը, քանի որ, ինչպես ինքն է ասում, համաձայն չէ իրեն առաջարկված փոխհատուցման հետ: Ըստ Ղուկասյանի` Կարագուլյանն իրեն առաջարկում է փոխհատուցում եռահարկ շենքի միայն առաջին հարկի`125 քմ (200 մլն դրամ` 521 հազար դոլար) համար:

Ղուկասյանն առայժմ չի կարող ստանալ Կարագուլյանի կողմից դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցված գումարը, քանի որ ունի 17 մլն դրամի (44.700 հազար դոլար) չվճարված հարկային պարտավորություններ: Ղուկասյանն այդ հարկային վճարներն էլ համարում է «նկարված թվեր» ու կարծում է, որ ինչ-որ ազդեցիկ մեկին շտապ անհրաժեշտ է այդ տարածքը:
Inside Armenianow