Ծովն աչքերում. Մուսա դաղից մինչև Մուսա լեռ ցեղասպանություն վերապրածի հիշողությունները
Մովսեսն ու կինը՝ Իսկուհին Մուսա լեռից «Մեր գյուղը`Քեբուսիեն, ծովի ափին էր: Էս իմ աչքերը այ էդ մեր ծովի գույնի են»,-ասում է 100-ամյա Մովսես Հանեշյանը: «Այծերին տանում էի արածեցնելու, հենց սովածանում էի, այծի կաթ էի խմում: Երեկոյան, երբ տուն էի բերում, տատս ասում էր`այս այծը կաթ չունի, ես էլ ասում էի` ես եմ կերել: Այ էտ մեր այծի կաթն է ինձ մինչև հիմա պահել»: Նրա կապույտ ծով աչքերից արցունքները հոսում են, բայց Մովսեսը կարծես դրանք չի էլ նկատում ու շարունակ պատմում է: Միտքը կտրտվում է, բայց արագ վերհիշում է ու շարունակում: «Ես Նեկտարի ու Աբրահամի որդին եմ: Նրանք, ովքեր մոտ էին, հասցրին բարձրանալ Մուսա լեռ, մենք չհասցրինք ու ընկանք շրջափակման մեջ»,- հիշում է Մովսեսը: Մուսա լեռը, որը հանրահայտ է դարձել նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Die vierzig Tage des Musa Dagh) վեպի շնորհիվ, Թուրքիայի ներկայիս Հաթայի նահանգի այն փոքրաթիվ հայաբնակ շրջաններից էր, որի բնակիչները չենթարկվեցին թուրքական կառավարության 1915 թվականի հուլիսի 26-ի հրամանին: Ըստ այդ հրամանի` հայերին տրվում էր մեկ շաբաթ ժամանակ իրենց տները թողնելու և դեպի Սիրիական անապատներ շարժվելու համար Մուսա լեռան վեց գյուղերի բնակիչները չեն ենթարկվում այդ հրամանին և, բարձրանալով Մուսա լեռ, անցնում են ինքնապաշտպանության: Հետագայում հայերին օգնության են հասնում ֆրանսիական նավերը: Մովսես Համեշյանը Մուսա լեռան Քեբուսիե գյուղից է: «Մենք չհասցրինք բարձրանալ լեռան վրա: Մեր խումբն աքսորեցին Դեր Զոր: Ով չէր կարողանում քայլել, հրացանի կոթով խփում էին ու սպանում, երեխան մոր փորի մեջ անգամ սպանում էին: Ոչ մի պետություն դա չէր անի, բայց թուրքը արել է, թուրքը ֆաշիստ է»,- դառնությամբ է վերհիշում Մովսեսը: Սիրիական անապատներով անցնելիս Մովսեսի հորը ճանաչող մի ծանոթ արաբ թուրքերին գումար է առաջարկում Մովսեսի ու նրա հոր համար: Թուրքերը համաձայնում են ու նրանց հանձնում արաբներին: 1919 թ. հուլիսին մուսալեռցիներին հնարավորություն է տրվում վերադառնալու հայրենիք, որտեղ գյուղերի փոխարեն ավերակներ են գտնում: Սակայն 20 տարի անց` 1939 թ. հուլիսի 23-ին, բրիտանական դիվանագիտությունը Թուրքիային է շնորհում Ալեքսանդրետի նահանգը, այդ թվում նաև` Մուսա լեռը: Մուսալեռցիների համար անհնար է դառնում այդ վայրերում ապրելը, նրանք ընդմիշտ լքում են իրենց գյուղերը: Փոխադրվում են Պասիտի բացատը (Սիրիայի ծովափ), ապա մեծ տառապանքով ու կորուստներով` Լիբանանի կիսաանապատ` Այնճար: «Այնճարոմ նորից էն թռչունների նման սկսեցինք մեր բույնը կառուցել, ապրեցինք մինչև 1947 թիվը, իսկ հետո նորից բռնեցինք գաղթի ճանապարհը, այս անգամ` դեպի Խորհրդային Հայաստան»,- ասում է նա: Մովսեսը ցույց է տալիս այգու խաղողի վազերը, որոնք նոր է հանել հողի տակից: «Այս տարի էլ հանեցի, ես չհանեմ` նեղանում են, հա´, հաստա´տ, սրանք էտելուց իմ մատները պիտի կպնեն, ինձ ճանաչում են, սպասում,- ասում է նա ու շարունակում: -Եկանք էս գյուղը, էս տունը տվեցին ու մինչև հիմա ստեղ եմ ապրում: «Է~յ ջան Ստալին» երգելով էինք հայրենիք գալիս, մնայինք օտարության մեջ` ի՞նչ անեինք»: Մովսեսն ապրում է Երևանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ոսկեհատ գյուղում: Վեց երեխա ունի, թոռներ ու ծոռներ: Կինը` 90-ամյա Իսկուհին, նույնպես մուսալեռցի է: Նա խոհանոցում կերակուր է պատրաստում ու մեկ-մեկ խառնվում խոսակցությանը, երբ տեսնում է` ամուսինը չի կարողանում ինչ-որ բան հիշել: Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելիս Մովսեսի կապույտ աչքերը ալեկոծվում են: «Մեր նախագահին ստիպում են, որ գնա թուրքերի հետ բարեկամության: Ով չի տեսել ջարդը, եղեռնը, նա կուզի, որ սահմանը բացվի, բայց ես չեմ ուզի: Ես տեսել եմ այդ ցավը, դաժանությունը, տեսել եմ, թե ինչպես էին մարդկանց մորթում ու գցում Եփրատ գետը»,- դողդողացող ձեռքերը օդում թափահարելով` արդարություն է պահանջում նա: Դաժանությունների ու փորձությունների մի ամբողջ դար կուտակված արցունք է թափվում Մովսեսի աչքերից: «Մեծ մարդ եմ ու կյանքիս փորձից ելնելով եմ ասում, որ այդ սահմանի բացումը մեզ հարկավոր չէ, էն լավ բան չի բերի իր հետ»,- ասում է նա ու ափերի մեջ ճզմում խաղողի վերջին հատիկները:
Other Articles in Features
|
Readers' comments
-Mher Kaynakjyan, AM
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.