«Իմ թշնամին` իմ ընկերը». Երևանում տեղի ունեցան հայ-ադրբեջանական հակամարտության մասին ֆիլմերի շնորհանդեսները

«Իմ թշնամին` իմ ընկերը». Երևանում տեղի ունեցան հայ-ադրբեջանական հակամարտության մասին ֆիլմերի շնորհանդեսները

Photolure

Մարտի 11-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ խտասկավառակի շնորհանդես, որում ընդգրկած ֆիլմերը նկարահանել են ղարաբաղցիները և ադրբեջանցիները «Կինոերկխոսություններ» նախագծի շրջանակներում: Նախագիծն արդեն չորս տարի է` իրականացվում է, նկարահանվել է 22 ֆիլմ, որոնք պատմում են հակամարտությունից տուժած հայ և ադրբեջանցի սովորական մարդկանց կյանքի մասին:

Նախագիծն իրականացվում է բրիտանական «Հաշտության պաշարներ» կազմակերպության, «Ինտերնյուս» միջազգային լրատվամիջոցների զարգացման կազմակերպության Երևանի և Բաքվի գրասենյակների և Ստեփանակերտի մամուլի ակումբի օժանդակությամբ: Սա միակ հարթակն է, որի վրա տեղի են ունենում ղարաբաղցիների ու ադրբեջանցիների միջև ուղղակի շփումներ:

Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեցին «Իմ թշնամին` իմ ընկերը» և «Կովկասի զարմուհին» ֆիլմերը: Նշված ֆիլմերից առաջինը երկու իրավապաշտպանների մասին է, որոնց հաջողվել է Ղարաբաղում և Ադրբեջանում գերությունից փրկել հարյուրավոր մարդկանց:

«Հաշտության պաշարներ» կազմակերպությունից նախագծի ղեկավար Ջենի Նորթոնը նշեց, որ գլխավոր նպատակն է հակամարտության երկու կողմերում գտնվող մարդկանց հնարավորություն տալ զրուցելու միմյանց հետ, հասկանալ իրար և հաղթահարել թշնամու կերպարը:

«Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպությունից նախագծի համակարգող Հարություն Մանսուրյանը նշեց, որ կա ևս մի նպատակ. ցույց տալ պատերազմներում մարդկային գործոնը, ապացուցել, որ պատերազմը խնդրի լուծում չէ:

Հաջողվե՞ց հասնել այս նպատակներին: «ԱրմենիաՆաուի» հետ զրույցի ընթացքում նախագծի ղարաբաղցի մասնակիցների պատասխանները միանշանակ չէին: Կինոռեժիսոր Արինա Խաչիկյանն ասաց, որ մինչ այդ երբեք չէր հանդիպել ադրբեջանցիների հետ, և նրա համար հետաքրքիր էր շփվել նրանց հետ, թեև սկզբում, իր իսկ խոսքով, շատ էր վախենում: Ռեժիսոր Արմինե Մարտիրոսյանը խոստովանեց, որ նախագիծն իր վրա ինչ-որ առումով հակառակ ազդեցություն ունեցավ. նա համոզվեց, թե ինչ դժվար է աշխատել մի կողմի հետ, որը քեզ որպես թշնամի է ընկալում:

Ֆիլմերը ցուցադրվել են նաև Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ բուռն բանավեճ է ընթացել: Ելույթ ունեցողներից շատերը նշել են, որ նման նախագծերը վաղաժամ են, որ լրագրողներն «առաջ են ընկնում» և թուլացնում Ղարաբաղի դիրքերը: Սակայն, նաև կարծիքներ հնչեցին, որ շփումները և համատեղ նախագծերն անհրաժեշտ են, քանի որ առանց շփումների հակառակ կողմի` որպես թշնամու կերպարի ներկայացումն ավելի կատարյալ է դառնում: Իսկ նման նախագծերի շնորհիվ հաջողվում է «կոտրել» թեկուզև ոչ մեծ խումբ մարդկանց կարծրատիպը:
Inside Armenianow