Ղարաբաղյան հակամարտություն. փորձագետները խոսում են «փոքր քայլեր» ձեռնարկելու անհրաժեշտության մասին

Ղարաբաղյան հակամարտություն. փորձագետները խոսում են «փոքր քայլեր» ձեռնարկելու անհրաժեշտության մասին

Photolure

Հայ-թուրքական հարաբերությունները կախված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացից, և այդ մասին հայտարարում է արդեն ոչ միայն թուրքական կողմը, այլև միջազգային փորձագետները:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ևս հաստատել է, որ «Թուրքիան չի դադարում արձանագրությունները վավերացնելու համար նախապայմաններ առաջ քաշելուց. գլխավոր պայմանը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին»:

Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ղարաբաղյան կարգավորման հետ շաղկապելու մասին, ասել է. «Խոսքը վերահսկվող տարածքներից հայկական բանակի դուրսբերման կամ էլ ինչ-որ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին չէ, խոսքն ընդամենը մի փոքր քայլ առաջ գնալու մասին է»: Այս մասին նա հայտարարել է Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ:

«Փոքր քայլ» արտահայտությունն արդեն առաջին անգամ չէ, որ հնչում է փորձագետների շրջանակներում: Ճիշտ է, դեռ ոչ ոք չի պարզել, թե ի´նչ փոքր քայլի մասին է խոսքը, եթե դա զորքերի դուրսբերումը և համաձայնագրի ստորագրումը չէ:

«Ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է ապահովի Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է նրա համար անվտանգության երաշխիքներ, տարածքների վերադարձ, ինչպես նաև պատերազմից առաջ Ղարաբաղում բնակվող մարդկանց վերադարձ, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև միջանցքի պահպանում, միջազգային խաղաղարար ուժերի առկայություն»,- Երևանում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն:

Իսկ Ղարաբաղում ԼՀՂ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ղարաբաղը պաշտոնապես չի ստացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները:

Ղարաբաղում, բնականաբար, տեղյակ են սկզբունքների մասին, քանի որ անցյալ տարի փաստաթուղթը հրապարակվել է, և այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- հայտարարել է Ղուլյանը:

Այդուհանդերձ, Ստեփանակերտում որոշել են քայլեր ձեռնարկել` ուղղված բանակի ամրապնդմանը և բանակցություններին Արցախի ներգրավմանը:

Մարտի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստը`նվիրված բանակային շինարարության և փրկարարական ծառայության ոլորտներում մի շարք ծրագրային միջոցառումների իրականացմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը Արցախի` որպես լիիրավ կողմ մասնակցությամբ հակամարտության կարգավորման առանցքային բաղադրիչներից մեկն է:

Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքով` Լեռնային Ղարաբաղի բնակչության ցանկությունը`մասնակցել բանակցություններին, որոնք շոշափում են իրենց կենսական շահերը, միանգամայն արդարացի է, սակայն դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ղարաբաղի բոլոր բնակիչները, այդ թվում նաև նրանք, ովքեր ապրում էին այնտեղ հակամարտությունից առաջ, վերադառնան իրենց նախկին բնակության վայրեր: «Ինչ-որ պահ Լեռնային Ղարաբաղը դուրս մղվեց բանակցություններից, և այժմ նրա վերադարձի համար պետք է իրենց համաձայնությունը տան երկու կողմերը»,- ամփոփել է ֆրանսիացի դիվանագետը:
Inside Armenianow