Խուսափելով «Ց» բառի՞ց. դաշնակցականները Օբամայի հրավերը որակում են որպես «հերթական ծուղակ» ապրիլքսանչորսյան ելույթից առաջ

Խուսափելով «Ց» բառի՞ց. դաշնակցականները Օբամայի հրավերը որակում են որպես «հերթական ծուղակ» ապրիլքսանչորսյան ելույթից առաջ

Photolure

Օբաման Սարգսյանին հրավիրում է Վաշինգտոն «լարվածությունը մեղմելո՞ւ», թե՞ «ծուղակը գցելու»:

Որոշ հայ քաղաքական գործիչներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Սերժ Սարգսյանին ապրիլի կեսին Վաշինգտոն այցելելու հրավերը համարում են «հերթական ծուղակ» և Օբամայի համար «հերթական պատրվակ» Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ուղերձում խուսափելու «ցեղասպանություն» բառից: (Հրավիրված է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:)

Մարտի 12-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Քլինթոնը Սարգսյանին է փոխանցել Բարաք Օբամայի հրավերը` Վաշինգտոնում մասնակցելու Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել ապիլի 12-13-ը:

Ըստ Հայ հեղափոխական դաշնակցության` «սա ծուղակ է, որն առիթ է տալու Օբամային խուսափելու «ցեղասպանություն» բառից»:

«Խնդիրն այն է, որ Սարգսյանը չի կարող մերժել այս հրավերը, և միակ բանը, որ նա կարող է այս դեպքում անել, հստակ հայտարարելն է, որ Թուրքիան տապալել է գործընթացը, որ Թուրքիան նախապայմաններ է դնում և այլն, այսինքն` հստակ դիրքորոշում արտահայտել»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը:

Մարտ ամսվա ընթացքում ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երկու փաստաթուղթ է ընդունվել: Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 252 բանաձևը, որը սակայն դեռ պետք է դրվի Կոնգրեսի լիագումար նիստի քվեարկությանը: Իսկ մարտի 11-ին էլ Շվեդիայի խորհրդարանը կրկին մեկ ձայնի առավելությամբ (131:130) ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Երկու դեպքում էլ Թուրքիայի արձագանքը բուռն էր` դեսպանի հետկանչ, տնտեսական համագործակցության դադարեցման սպառնալիքներ և այլն:

Նման իրադարձությունների համատեքստում, ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի, Օբամայի քայլը միտված է «լարվածությունը թուլացնելուն»:

«Սակայն, սա հերթական բեմականացումն է, որ ցույց տրվի, թե առկա է առաջընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում, որն էլ հերթական առիթը կդառնա Օբամայի համար խուսափելու «ցեղասպանություն» բառից»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Շաքարյանը:

Թուրքագետը կանխատեսում է, որ հանդիպման ընթացքում «պայմանավորվածություն ձեռք կբերվի, որ երկու կողմերն էլ հայտարարություն անեն, թե (Հայաստանն ու Թուրքիան) հավատարիմ են մնում արձանագրությունների տառին և պիտի շարունակեն կարգավորման գործընթացը»:
Inside Armenianow