89 տարի առաջ, մարտի 16-ին. որոշ տեղեկություններ ներկայիս հայ-թուրքական սահմանի մասին

89 տարի առաջ, մարտի 16-ին. որոշ տեղեկություններ ներկայիս հայ-թուրքական սահմանի մասին


Այսօր, ինչպես երբեք, հաճախ է խոսվում հայ-թուրքական սահմանի, ինչպես նաև այն ապաշրջափակելու անհրաժեշտության մասին:

Այս օրերին շատ հայկական կազմակերպություններ պատճառ ունեն կրկին հիշելու «ակունքների» մասին, քանի որ հենց 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ստորագրվեց «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը, որն էլ որոշեց խորհրդաթուրքական սահմանի հայկական հատվածի ուրվագիծը:

Փաստաթղթի ստորագրման պահին պայմանավորվող կողմերը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ չէին. Թուրքիան Ազգերի լիգայի անդամ է դարձել 1932 թ., Խորհրդային Ռուսաստանը` ընդհանրապես չի ճանաչվել, իսկ ԽՍՀՄ-ը անդամակցել է Լիգային միայն 1934 թ.:

Այսինքն` պայմանավորվող կողմերը ինքնահռչակ կազմավորումներ են եղել, և նրանց ստորագրած պայմանագիրը չէր կարող ընդունվել միջազգային մակարդակով:

Քեմալական Թուրքիան բոլշևիկյան Ռուսաստանից պարգև է ստացել Ախուրյան և Արաքս գետերի աջ ափամասը Արարատ լեռան հետ միասին:

Այդ ժամանակ էլ երկու պետությունները անդրկովկասյան հանրապետությունների վարչական վերաբաժանում են իրականացրել:

Խորհրդային Հայաստանի տարածքն այն ժամանակ ընդգրկում էր Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հողերը: Հայաստանի խորհրդայնացման երկրորդ օրը «Պրավդա» թերթը (№ 273) հրապարակեց Իոսիֆ Ստալինի` ազգությունների գործերի ժողկոմի «Կեցցե~ Խորհրդային Հայաստանը» նամակը, որում հատուկ շոշափվել էր այդ կողմը.

«Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը հոժարակամ հրաժարվում է վիճելի մարզերից և հռչակում է Զանգեզուրի, Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի հանձնումը Խորհրդային Հայաստանին»:

Մոսկովյան համաձայնագիրը ստորագրվել է միայն որպես Խորհրդային Հայաստանի մաս Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի ճանաչումից չորս ամիս անց: Սակայն թուրքական կողմի պնդմամբ` տվյալ դրույթը վերանայվել է հենց մոսկովյան պայմանագրով, ինչի հետևանքով հայկական երկու շրջաններ բոլշևիկները հանձնեցին Խորհրդային Ադրբեջանին:

Այսպիսով, այս փաստաթղթում երկու պայմանավորվող կողմերը` Ռուսաստանը և Թուրքիան, որոշում են ընդունել երրորդ պետության` Խորհրդային Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո հանձնել չորրորդ պետության` Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը:

Թեև գործընթացի դերակատարներից ոչ մեկը միջազգային իրավունքի սուբյեկտ չէր, խնդրի նման լուծումը նախադեպ ծնեց. երկու տասնամյակ անց բոլշևիկները և նացիստներն օգտագործեցին այդ փորձը Մոլոտով-Ռիբենտրոպ դաշնագիրը կնքելիս, երբ երկու պայմանավորվող կողմերը իրենց ցանկությամբ տնօրինեցին երրորդ պետության` Լեհաստանի ճակատագիրը:

Քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքված Մոսկվայի պայմանագիրը «ժամանակակից հայկական սահմանի» վերաբերյալ մինչ օրս համարժեք գնահատականի չի արժանացել:

Խորհրդային Միության առաջնորդները ընդդիմացել են իրենց պատմական հողերը վերադարձնելու հայերի ձգտումներին:

1953 թ. «Պրավդա» թերթում պաշտոնապես հաղորդվում է. «Խորհրդային Միությունը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, քանի որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները, հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման հնարավոր են համարել հրաժարվել Թուրքիայի նկատմամբ իրենց տարածքային պահանջներից»:

Սահմանի հարցը չի կորցրել իր սրությունը նաև հաջորդ խորհրդային առաջնորդի` Լեոնիդ Բրեժնևի ղեկավարության օրոք:

1973 թ. դեկտեմբերին` խորհրդաթուրքական պայմանավորվածության համաձայն` երեք խորհրդային անդրկովկասյան հանրապետությունների իրավասու ներկայացուցիչները պետք է ստորագրեին «գոյություն ունեցող սահմանների անփոփոխելիության» մասին կետը:

Թուրքիայում Հայաստանը ներկայացնում էր գնդապետ Գուրգեն Նալբանդյանը: Նա հրաժարվում է Խորհրդային Հայաստանի անունից ստորագրել «գոյություն ունեցող սահմանների անփոփոխելիության» մասին կետը` անգամ չնայած խորհրդային ղեկավարության ճնշման:

«Սահմանի մասին» հարցի զարգացման նոր փուլն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ, որում Երևանն ու Անկարան վերահաստատել են «հավասարության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները»:

Հենց գոյություն ունեցող սահմանների անփոփոխելիության մասին արձանագրային դրույթը չէր կարող ընդունվել հայերի մեծ մասի` մեր աշխարհասփյուռ հայրենակիցների և ՀՀ քաղաքացիների կողմից:

Թուրքիան, նախևառաջ, փորձում էր հասնել հենց իր համար այդքան կարևոր կետի ստորագրմանը. 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում 1921 թ. մարտի 16-ին ստորագրված Մոսկվայի պայմանագիրը ի վերջո «միջազգային հավանության և ճանաչման» արժանացավ:
Inside Armenianow