Սպառողը միշտ սխա՞լ է. սպառողների իրավունքների խախտումները սովորական են Հայաստանում

Սպառողը միշտ սխա՞լ է. սպառողների իրավունքների խախտումները սովորական են Հայաստանում

Photolure

Ըստ Մելիտա Հակոբյանի՝ Հայաստանում սննդի ապահովություն չկա:

Ըստ տեղական կազմակերպությունների`սպառողների իրավունքները Հայաստանում պաշտպանության կարիք ունեն:

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով` Հայաստանում գրեթե չկա մի ոլորտ, որտեղ սպառողների իրավունքները չխախտվեն:

Նա նշել է, որ աշխարհում սպառողների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունների հիմնական սկզբունքները` անվտանգության, տեղեկատվություն ստանալու, լսված լինելու, ընտրության, հիմնական կարիքների բավարարման, վնասների փոխհատուցման, սպառողական կրթության և առողջ միջավայրի, Հայաստանում չեն պահպանվում:

«Եթե 90-ականներին մեր նորաստեղծ կազմակերպությունը հույս ուներ, որ իր կարգախոսը կլինի «Սպառողը շուկայի թագավորն է», ապա այսօր տեսնում ենք, որ սպառողը շուկայի վասալն է»,- ասում է Մելիտա Հակոբյանը:

Անդրադառնալով «Սննդի անվտանգության մասին» օրենքին, որի մշակմանը մասնակցել է նաև իրենց կազմակերպությունը, նա ասում է. «Դուք այսօր տեսնո՞ւմ եք այդ անվտանգությունը, որ մարդ հանգիստ կարող է գնալ խանութ, առևտուր անել ու դուրս գալ: Չկա, քանի որ ներմուծված ապրանքների պիտակները սխալ են թարգմանում, թարգմանությունն էլ փակցնում են ժամկետների վրա, որպեսզի մարդը ժամկետը չտեսնի: Սա լրիվ խախտում է սպառողների իրավունքները»:

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նույն մտահոգություններն ունի: Նա ասում է, որ սպառողների շահերը խախտվում են` սկսած ապրանքների թերակշռումից մինչև սխալ պիտակավորումը:

Ըստ Սաֆարյանի` 2001-2009 թթ. հայ սպառողների ծախսերը կազմել են 36 մլրդ դոլար, ծախսերի կեսը ներմուծված ապրանքների հաշվին է եղել:

2008 թ. Հայաստանից արտահանվել են 1,057 մլրդ դոլարին համարժեք ապրանքներ, ներմուծվել` 4,4 մլրդ դոլարին համարժեք ապրանքներ: 2009-ին արտահանվել են 697,8 մլն դոլարին համարժեք ապրանքներ, ներմուծվել` 3,3 միլիարդի ապրանքներ:

«Բացասական հաշվեկշիռը 4,7 անգամ հօգուտ ներմուծման է: Մենք` իբրև սպառող այդքան միջոցներ ծախսելով դրսից բերված ապրանքները գնելու համար, կարող էինք իրավասու լինել պահանջելու, որ ներդրված միջոցները նպաստեին տեղական տնտեսության զարգացմանը: Սեփական սպառողը ամենաանշահախնդիր ներդրողը կարող է լինել երկրի տնտեսության զարգացման համար»,- ասում է նա:

Այս տարվա հունվարին Հայաստանի կառավարությունն ընդունել է արդյունաբերության վերականգնման հայեցակարգ: Սաֆարյանի կարծիքով` գուցե սա հիմք հանդիսանա, որ հետո օրենսդիրն ընդունի օրենք արդյունաբերության մասին:

«Նաև գտնում ենք, որ մենք պետք է ունենանք մի մարմին, որը պետք է կարգավորի և ղեկավարի արդյունաբերության գործընթացները»,- ասում է Սաֆարյանը:
Inside Armenianow