Ամփոփելու ժամանակը. Հանրային խորհրդի անդամներն ասում են, որ մեկ տարվա ընթացքում նրանք էական աշխատանք են կատարել

Ամփոփելու ժամանակը.  Հանրային խորհրդի անդամներն ասում են, որ մեկ տարվա ընթացքում նրանք էական աշխատանք են կատարել

Photolure

Գրիգոր Բադիրյան (ձախից), Աստղիկ Գևորգյան, Հովիկ Մուսայելյան

Հանրային խորհրդի (նախագահի հրամանագրով ստեղծված մարմին, որում ընդգրկված են երկրի առաջատար հասարակական գործիչներ և մտավորականներ) անդամներն ասում են, որ թեև խորհուրդը կարողացել է անդրադառնալ հասարակական առավել մեծ հնչեղություն ստացած խնդիրներին, սակայն եղել են կարևոր խնդիրներ, որ բաց են թողնվել:

«Գոյության մեկ տարվա ընթացքում Հանրային խորհուրդը կառուցվածքային առումով կայացել է, իսկ բովանդակային առումով կայացման ճանապարհին է»,- ասում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցական մարմնի կարգավիճակով Հանրային խորհուրդը ստեղծելու հրամանագիրը ստորագրել էր դեռ 2008-ի հունիսին, իսկ 2009-ի մարտի 11-ին նախագահը հաստատեց Հանրային խորհրդի կանոնադրությունը և նշանակեց խորհրդի 12 անդամներին: Այնուհետև ընտրվեցին խորհրդի մյուս 24 անդամները, որոնք գիտության, արվեստի, բիզնեսի, հասարակական կազմակերպությունների հայտնի ներկայացուցիչներ են: Այժմ խորհուրդն ունի 12 հանձնաժողով՝ 66 ենթահանձնաժողովներով: Մեկ տարվա ընթացքում Հանրային խորհրդին 400 դիմում-բողոք ու մոտ 100 առաջարկություն է հասցեագրվել։

Հանրային խորհուրդն այս մեկ տարվա ընթացքում զգալի քննադատության արժանացավ մամուլում և առցանց միջավայրում: Քննադատության մի մասը վերաբերում էր խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, որը 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հակառակորդներից մեկն էր և հանդես էր եկել Սարգսյանի հասցեին լուրջ քննադատությամբ: Ոմանք էլ Հանրային խորհուրդը որակեցին որպես նախագահի ստեղծած [թոշակառու քաղաքական գործիչների] ակումբ, որի անդամները երկար ժամանակ «երազում էին ունենալ գրասենյակային մեծ սեղան ու քարտուղարուհի» (Democrat անունով հայ բլոգերի բնորոշմամբ):

Խորհրդի անդամները, սակայն, ասում են, որ գործունեության մեկ տարին ապացուցում է, որ խորհուրդը շատ հետաքրքիր գործիք է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը վեր հանելու համար: Ըստ խորհրդի անդամ Աստղիկ Գևորգյանի, որը նաև Ժուռնալիստների միության նախագահն է, մեկ տարվա ընթացքում այն ունեցել է ակտիվ շնչառություն, զբաղվել կարևոր խնդիրներով ու գտել որոշակի հանգուցալուծումներ դրանց համար (համաներումը, բնապահպանական խնդիրներ, հեռուստաեթերի որակի բարձրացումը, լրագրողների մասնագիտական վարքականոնի հարցը և այլն):

«Չկա հարց, որը մերը չէ, հանրությանը հուզող բոլոր հարցերը նաև մեզ են վերաբերում»,- համոզված է Գևորգյանը:

Գևորգյանը նաև ասում է, որ խորհուրդը շատ ազատ է և երբեք չի վարանում խնդիրների վերաբերյալ սուր բնորոշումներով դիմել ՀՀ նախագահին:

Խորհրդի անդամ, «Սինոպսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ խորհրդի կարևոր ձեռքբերումներից է համարում խորհրդի առաջարկությամբ հեռուստառադիոեթերի չափորոշիչների ընդունումը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից:

«Թե այս գործընթացը վերջնարդյունքում ինչի´ կհանգի, այս պահին դժվար է ասել, բայց բոլորս ենք տեսնում, որ եթերում արդեն դրական տեղաշարժ կա»,- հավելում է փորձառու լրագրող Գևորգյանը: Մուսայելյանն էլ տեղեկացրեց, որ խորհուրդը երկու օրից աշխատանքներ է սկսելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ ինտերնետը բնակչության համար ավելի հասանելի դարձնելու ծրագրի վրա:

«Մենք մեկ ամիս հանձնաժողովի հետ կաշխատենք և կփորձենք վեր հանել այն բոլոր խնդիրները, խոչընդոտները, որոնք խանգարում են ինտերնետ հասանելիությանը և, ընդհանրապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը մեր երկրում»,- ասաց Մուսայելյանը:
Inside Armenianow