Արտահերթ ընտրություննե՞ր. ՀԱԿ-ն ասում է` սպասեք և տեսեք…

Արտահերթ ընտրություննե՞ր. ՀԱԿ-ն ասում է` սպասեք և տեսեք…

INNA MKHITARYAN

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին հայտարարեց գործողությունների ծրագրի մասին, ըստ որի` ընթացիկ տարվա ամռանը Հայաստանում արտահերթ ընտրություններ են անցկացվելու: ՀԱԿ-ին չանդամակցող կուսակցությունների մեծ մասի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու նախադրյալներ չեն տեսնում, սակայն գրեթե բոլոր կուսակցություններում սկսվել են վերադասավորումներ, ինչպես նաև նախընտրական նախապատրաստություն հիշեցնող գործողություններ:

«Տնտեսական խնդիրները լուրջ ազդեցություն են ունեցել Հայաստանի վրա, կրճատվել են տրանսֆերտները, Հայաստանի տնտեսական գործողությունները այնքան դինամիկ և արդյունավետ չեն եղել: Այս ամենը կարող է սոցիալական դժգոհություն առաջացնել: Լարվածություն կարող են առաջացնել նաև արտաքին քաղաքական գործընթացները, ասենք, օրինակ` հայ-թուրքական բանակցությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է, և անձամբ ես չեմ կանխատեսում այնպիսի զարգացում, որը կբերի արտահերթ ընտրությունների»,- ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:

Միևնույն ժամանակ, «Օրինաց երկիր» կուսակցությունում անսպասելիորեն որոշել են զբաղվել կուսակցության ուժեղացմամբ: Ընդ որում, ուժեղացումն արտահայտվել է տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանին և արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին հետ կանչելով: Հետաքրքիր է, որ կուսակցության քաղխորհուրդը որոշել է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում ներկայացնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանի, իսկ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ, ինչպես պարզվեց, ինչ-որ ժամանակից «Օրինաց երկրի» քաղխորհրդի անդամ են:

ԶԼՄ-ները սկսել են լուրեր տարածել, որ այս վերադասավորումներն ըստ էության նախաձեռնել են իշխանությունները` «Օրինաց երկրի» դիրքերը թուլացնելու նպատակով. 2009 թ. մայիսին կուսակցությունը չկարողացավ ընտրվել Երևանի ավագանու կազմում:

Հանրապետական կուսակցության հասցեին սուր ելույթ է ունեցել նրա կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ հանրապետականների ղեկավարած կառավարությունը համարժեք չի արձագանքում ճգնաժամին և հարկային բեռը թուլացնելու փոխարեն փորձում է այն խստացնել: Իսկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հասցեին Գագիկ Ծառուկյանն ասել է, որ նա տնտեսությունից ոչինչ չի հասկանում և չի տիրապետում երկրի տնտեսական վիճակին:

Ուշագրավ է նաև, որ Սերժ Սարգսյանը կադրային փոփոխություններ է կատարել իր լրատվական շրջապատում: Նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության և ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը, որը մինչ այդ Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն էր: Ընդդիմադիր մամուլում այս մասին տեղեկությունն անմիջապես մեկնաբանվել է որպես նախապատրաստություն ընտրություններին:

Արտահերթ ընտրություններ նշանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը քաղաքական ուժ, որը լայն հասարակական աջակցություն է վայելում և հաստատակամորեն պահանջում է իշխանափոխություն: Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, որ մտադիր է սպասել, մինչև իշխանություններն իրենք իրենց փակուղի կքշեն: Դա կարող է պատահել երկու պատճառով` սոցիալական դժգոհություն` կապված վատթարացող տնտեսական իրավիճակի, և կամ ղարաբաղյան հիմնախնդրի անընդունելի լուծման հետ: Եթե իրավիճակն այդ ոլորտներում վատթարանա, ապա, ըստ ՀԱԿ-ի`արտահերթ ընտրություններ կնշանակվեն:
Inside Armenianow