Քաղաքական ինտրիգ. «Օրինաց երկրի» վերադասավորումը շահարկումների տեղիք է տալիս

Քաղաքական ինտրիգ. «Օրինաց երկրի» վերադասավորումը շահարկումների տեղիք է տալիս

Photolure

Բաղդասարյանի խոսքով` իրենց որոշումը համաձայնեցվել է նախագահի հետ, քանի որ նրանք «քաղաքական թիմ են»:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, կոալիցիոն անդամ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն անհեթեթություն է համարում տարածված լուրերը, թե իր կուսակցությանը քվոտայով պատկանող նախարարներին փոխել է պարտադրանքով:

«Միակ հարցը պետք է լինի` համաձայնեցվա՞ծ է արդյոք ՀՀ նախագահի հետ այդ որոշումը: Իհարկե, պարտադիր, որովհետև մենք քաղաքական թիմ ենք, և մեզ համար շատ կարևոր է, որ մեր նախարարների թեկնածուները հավանության արժանանան հանրապետության նախագահի կողմից»,- մարտի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Բաղդասարյանը:

Մարտի 15-ին ՕԵԿ-ը հետ էր կանչել իր երեք նախարարներից երկուսին` տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանին և արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին` նրանց փոխարինելով ոչ կուսակցության անդամներ, առավել հայտնի որպես նախագահ Սերժ Սարգսյանի թիմի ներկայացուցիչներ` ՀՀ նախագահի խորհրդական Մանուկ Վարդանյանով ու ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Երիցյանով:

ՀՀ նախագահի` նախարարներին նշանակելու մասին հրամանագրից հետո են միայն նրանք անդամագրվել կուսակցությանը, ինչն էլ շատերին մտածելու տեղիք է տալիս, որ այս ամենը պարտադրվել է վերևից:

«Սա ակնհայտ է, քանի որ ընթանում է վերադասավորումների գործընթաց, նախագահն ուժեղացնում է իր թիմը, և ՕԵԿ-ը հենց այն թույլ օղակն էր, որին կարող էր հեշտությամբ պարտադրել իրեն ցանկալի թեկնածուներին, ինչը դժվար կլինի «Բարգավաճ Հայաստանի» դեպքում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է քաղաքական և տնտեսական վերլուծաբան Նարինե Մկրտչյանը:

Մինչդեռ Բաղդասարյանը պնդում է, որ ընտրել է Արմեն Երիցյանին և Մանուկ Վարդանյանին, «քանի որ իրենք բավական լավ և մտերիմ հարաբերություններ ունեն, միասին անցել են երկար քաղաքական ճանապարհ», իսկ Շահգելդյանի ու Սարգսյանի «կարիքն ունենք կուսակցական գործունեության մեջ»:

«Կուսակցությունում մեկնարկել է ներկուսակցական քաղաքական բարեփոխումների լուրջ գործընթաց,- պարզաբանում է Բաղդասարյանը: - Շահգելդյանը, ինչպես նախկինում, կզբաղվի կուսակցության քաղաքական-գաղափարական բարեփոխումներով, իսկ Գուրգեն Սարգսյանը` տնտեսական ոլորտով»:

1998 թ.-ից երեք անգամ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված ԱԺ նախկին խոսնակ, նախագահի թեկնածու 41-ամյա Բաղդասարյանը հայտարարեց, որ չի պատրաստվում մասնակցելու 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

«Կմասնակցենք միայն խորհրդարանական ընտրություններին, քանի որ մենք նախագահ Սերժ Սարգսյանի հետ ռազմավարական համագործակցության դաշինք ենք կնքել և միասին պետք է իրականացնենք նախանշված ծրագրերը»,- ասում է Բաղդասարյանը:
Inside Armenianow