Առաքելական և Ուղղափառ` գիրկընդխառն. Համայն Ռուսիո պատրիարքն ավարտում է Հայաստան կատարած կարևոր այցը

Առաքելական և Ուղղափառ` գիրկընդխառն. Համայն Ռուսիո պատրիարքն ավարտում է Հայաստան կատարած կարևոր այցը

Photolure

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայոց ցեղասպանության հուշակոթողին ծաղիկներ դնելիս:

Այսօր ավարտվում է Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինի եռօրյա այցը Հայաստան, որի ընթացքում նա և իր հայ պաշտոնակիցը կարևորեցին երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև առկա ամուր կապերը:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինը մասնակցել է տարբեր միջոցառումերի. Հայաստան իր այցի առաջին օրը` մարտի 16-ին, Կիրիլ պատրիարքն այցելել է Օշական և ծաղկեպսակ դրել 1826-1828 թթ. Ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին: Հաջորդ օրը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի միջև համաձայնագիր է կնքվել Էջմիածին և Սերգիև Պոսադ քաղաքների միջև` որպես քույր քաղաքներ երկու հայրապետների հովանու ներքո:

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու և Ռուս ուղղափառ եկեղեցու դարավոր հարաբերությունները հատկանշող քրիստոնեական եղբայրության և գործակցության ոգուն` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է. «Ձերդ Սրբություն, այս օրերին մեր եկեղեցին և մեր ժողովուրդը պիտի վայելեն Ձեր սերն ու օրհնությունը, աղոթքն ու զորակցությունը` փոխադարձաբար մատուցելով Ձեզ և Ձեր անձի միջոցով հայ ժողովրդի անվերապահ սերը և երախտագիտության ջերմ զգացումները հանդեպ Ռուս եկեղեցին, ռուս մեծ ժողովուրդը և Ռուսաստանի պետությունը, որ դարեր շարունակ սիրով և եղբայրաբար ընդունել և շարունակում են հյուրընկալել և եղբայրական հոգատարություն ցուցաբերել բազմահազար հայորդիների, ովքեր բնակություն են հաստատում Ռուսաստանի Դաշնության սահմաններում»:

Կիրիլ պատրիարքն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանը եղել է քրիստոնեության օրրաններից մեկը:

«Յուրաքանչուր ոք, ով ժամանում է Հայաստան, չի կարող չհիանալ Արարատով, որտեղ հանգրվանել է Նոյյան տապանը: Ես հոգու թրթիռով զգում եմ, որ այս մեծ հողի վրա տառացիորեն յուրաքանչյուր քար անխոս վկայությունն է մեծ ու փառավոր իրագործումների, սխրանքների ու նվաճումների, որոնք իրենց անկասելի ազդեցությունն են թողել ողջ մարդկության պատմության ընթացքի վրա»,- ասել է նա

Մարտի 17-ին Կիրիլ պատրիարքն այցելել է նաև Քանաքեռում գտնվող ռուսական եկեղեցի: Պատրիարքն այստեղ իր խոսքում կոչ է արել աջակցել, սատարել մեկմեկու` պահպանելով հավատքը, լեզուն, մշակույթը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նույնպես ելույթ է ունեցել Քանաքեռում. «Մեր ժողովուրդների պատմությունը եղել է հավատքի հաղթանակի պատմություն: Քաղաքական պարտություններ մենք կրել ենք, բայց երբեք մեր ժողովուրդները չեն կրել հավատքի պարտություն»,- ասել է նա:
Inside Armenianow