Ընտրելով հայ ժողովրդի պատմության ամենաակնառու գործչին. hայկական հեռուստանախագիծն անվանել է ազգի ամենակարկառուն գործչին

Ընտրելով հայ ժողովրդի պատմության ամենաակնառու գործչին. hայկական հեռուստանախագիծն անվանել է ազգի ամենակարկառուն գործչին


Հայ ժողովրդի պատմության մեջ ամենակարկառուն գործչին ընտրելու նպատակով ստեղծված հայկական հեռուստանախագիծը մեծ հետաքրքրություն է արթնացրել թե´ Հայաստանում, թե´ արտասահմանում: Այս մասին են ասում նախագծի հեղինակները` վերլուծելով կայքէջի այցելուների արձագանքները:

«Հայ TV» հեռուստաընկերությամբ և «Հ1»-ի արբանյակայինով հեռարձակված «Մենք հայ ենք» հեռուստանախագիծը հասանելի էր հայկական սփյուռքի համայնքներում, որի ընթացքում ստուդիայում գտնվող փորձագետները քննարկումներ են անցկացրել հայ ժողովրդի պատմության ամենաակնառու 12 գործիչների մասին: Նախագիծը տևել է 12 շաբաթ, և յուրաքանչյուր շաբաթ քննարկումներով հագեցած հաղորդում է պատրաստվել մեկ գործչի մասին: Այնուհետև հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել քվեարկելու նախագծի ինտերնետային կայքում` ընտրելով բոլոր ժամանակների ամենանշանավոր գործչին, իսկ արդյունքները պաշտոնապես կամփոփվեն նախագծի ուրբաթօրյա հաղորդման ժամանակ:

Սակայն փորձագետների թեժ քննարկումներով և բավական նոր ու հետաքրքիր բացահայտումներով անցկացված նախագծի «հաղթողն» արդեն հայտնի է: Պետական, ռազմական գործիչ, իշխող կուսակցության գաղափարախոսության` նժդեհականության հիմադիր Գարեգին Նժդեհը (1886-1955)` ստանալով ավելի քան 29000 քվե, հաղթող է ճանաչվել` 4000 քվեով ավելի ստանալով իր մրցակցից` 5-րդ դարի սպարապետ Վարդան Մամիկոնյանից:

Քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ Մամիկոնյանն ու Նժդեհը հետևում են թողել մյուս տասը գործիչներին, ի թիվս որոնց` մ.թ.ա. 1-ին դարի Տիգրան Մեծ արքայից արքային (8000 քվե), հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին, պոետ Եղիշե Չարենցին, սրբերի շարքը դասված պոետ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն, աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, երգիչ և երաժշտագետ Կոմիտասին, Խորհրդային Հայաստանի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին, 4-րդ դարի Արշակունյաց Պապ թագավորին, Կիլիկյան Հայաստանի առաջին թագավոր Լևոն 2-րդին (Լևոն Մեծագործ, 1150-1219), 20-րդ դարի կաթողիկոս Վազգեն I-ին, Խորհրդային Հայաստանի հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին:

Վերջին մի քանի ամիսների հեռուստատեսային վիճահարույց քվեարկությունների («Եվրատեսիլի» նախընտրական փուլ, «Հայսուպերսթար») ֆոնի վրա «Մենք հայ ենք» նախագիծը, կարելի է ասել, միակն է, որի ձայների հաշվարկի վերաբերյալ խոսակցություններ և դրանք վիճարկելու սպառնալիքներ չեն լինի (հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր մրցակիցները պատմական դեմքեր են, և նրանցից ոչ մեկը ողջ չէ):

2009-ի հոկտեմբերից սկսված նախագծի կայքէջում (www.menqhayenq.am), որը հասանելի է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, այցելուների առաջարկով կազմվել էր ազգանվեր գործունեությամբ աչքի ընկած ու կյանքից արդեն հեռացած 128 հայ գործիչների ցուցակ, որից հետո քվեարկությամբ ձևավորվեց նախագծի եզրափակիչ փուլի 12 թեկնածուների ցուցակը:

Նախագծի հեռուստատեսային փուլում ամեն գործչի վերաբերյալ պատրաստվում էր մեկ հաղորդում, որին ներկայացնում էր համապատասխան խոսնակը, և ցուցադրվում էր վավերագրական ֆիլմ` օրվա հերոսի վերաբերյալ, ինչպես նաև մասնակից փորձագետները և լսարանը բանավիճում էին հիմնական խոսնակի հետ: Նախագծի հեղինակ և վարող Արթուր Բախտամյանն ասում է, որ թանկարժեք ու մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիրը միանման հեռուստատեսային դաշտում նորություն մտցրեց:

«Ես վստահ եմ, որ նախագիծը ստացվեց, չնայած վերջին հաղորդումների ժամանակ հեռուստադիտողի մոտ հեռուստատեսային կախվածություն առաջացավ: Նա սկսեց սպասել հերթական հաղորդմանը: Շատ նամակներ ենք ստացել, որ շարունակենք ծրագիրը, սակայն ես կարծում եմ, որ յուրաքանչյուր բան համեղ ու հետաքրքիր է դառնում իր ավարտով»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Բախտամյանը:

Խոսելով առաջին հորիզոնականը զբաղեցրած ականավոր դաշնակցական գործիչ Նժդեհի մասին` Բախտամյանն ասում է, որ նրա ընտրությունը ժողովրդի կողմից ընդհանրապես չի կապվում այն բանի հետ, որ նա Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության խորհրդանիշն է:

«Վստահաբար, Նժդեհը հասարակության մեջ ունի միանգամայն ուրիշ պատկեր, չի նույնացվում իշխանության հետ: Նա իր հստակ դերն ունի»,- ասում է Բախտամյանը:
Inside Armenianow