Մուսալեռի խոհանոցից. կոլոլակով թանապուր
Առաջին գործողությունը բրինձը խաշելն է: «Վերցնում ենք մեկ թեյի բաժակ երկար բրինձ և խաշում 0,5 լ ջրով: Պետք է թողնել գազօջախին եփի այնքան, մինչև կաթսայի մեջ քիչ ջուր մնա,- բացատրում է Հասմիկը: - Ու մինչև բրինձը կեփի, պատրաստում ենք քուֆթայով կոլոլակները»: Նա նախապես թրջել է թասի մեջ լցրած 200 գ բլղուրը: Այնուհետև Հասմիկն այդ զանգվածին է ավելացնում 200 գ քուֆթայի միսը և սկսում ձեռքերով շաղախել: «Պետք է ձեռքերով «խոսել» մսի ու բլղուրի հետ, այնքան, մինչև կդառնա համասեռ զանգված: Պետք է զգալ` ինչպես են միսն ու բլղուրը ձուլվում իրար, դա շատ կարևոր է»,- ասում է նա: Մի քանի րոպեից սկուտեղը լցվում է փոքրիկ, համաչափ կոլոլակներով: 200 գ քուֆթայի ու բլղուրի խճողակից ստացվում է 20 կոլոլիկ: Հասմիկն անցնում է կոլոլակով թանապուրի պատրաստման հաջորդ քայլին և 100 գ կարագ է դնում փոքրիկ թասի մեջ, ավելացնում մեկ թեյի գդալ կարմիր պղպղեղ, կրկին անցնում ձեռքով աշխատանքին: Նրա ձեռքերի ճկուն շարժումներից կարագը կարմրում է: Արդյունքում կարագը հալչում է ու դառնում փափուկ ու կարմիր զանգված: Հասմիկը գազօջախի վրայից վերցնում է խաշած բրինձը: «Հիմա պետք է քուֆթայի կոլոլակներում փոքր փոսիկներ անենք և այնտեղ կարմիր պղպեղով հունցված փոքր կարագի կտորներ դնենք»,- բացատրում է Հասմիկը` վերցնելով կոլոլակներից մեկը: Նա ցուցամատով վարպետորեն փոքրիկ փոսիկ է բացում, մեջը դնում մի փոքր կարագի կտոր ու նորից կոլոլակը բերում իր նախկին տեսքին` կլորացնելով: Կոլոլակները պատրաստ են, և նա անցնում է հաջորդ գործողությանը: Հետո 1 լ մածունը հարում է փայտե գդալով, որին ավելացնում է 200 գ թթվասեր, և այդ երկուսը միասին լավ ծփելուց հետո ավելացնում խաշած բրնձին: Կաթսան նորից դնում է գազօջախին մարմանդ կրակի վրա ու անընդհատ խառնում: Այդ զանգվածին ավելացնում է նաև 1 լ եռացրած ջուր (կամ տավարի մսի արգանակ) ու նորից շարունակում խառնել մինչև եռալը: Հասմիկն ասում է, որ կարևոր է զանգվածն այնքան խառնել, մինչև սկսի եռալ: Նա ասում է, որ այս կերակուր պատրաստելը սովորել է իր մուսալեռցի տատից: «Նրանք 1915 թ. ջարդերից մազապուրծ են եղել և գաղթել Սիրիա, իսկ 1946-ին` հայրենադարձվել Հայաստան: Մուսալեռցիների խոհանոցը շատ հարուստ է ու համեղ: Եթե այն լավ ուսումնասիրենք, ապա կտեսնենք, թե նրանք ինչքան շատ են օգտագործել խաշած աղացած ձավար»,- ասում է Հասմիկը` փայտե շերեփը պտտելով բրնձով թանապուրի մեջ: Թանապուրի երեսին պղպջակներ են հայտնվում: Այն սկսում է եռալ: Հասմիկը վերցնում է սկուտեղով լի կոլոլակները և մոտենում կաթսային: Նրա ձեռքերից քուֆթայի փոքրիկ գնդերը սահում են ճերմակ թանապուրի մեջ: Հասմիկը խոհանոցի մի անկյունից հանում է չորացրած անանուխի (նանա) տերևները, որպեսզի ավելացնի կոլոլակով թանապուրին: Մինչև այդ ավելացնում է կես ճաշի գդալ աղ: Անանուխն այն բույսերից է, որը հայկական խոհանոցում մեծ տեղ է գրավում: Հայ կանայք ամռանն այն չորացնում են ձմռանն օգտագործելու համար: Այս բույսն ավելացնում են ապուրներին, աղցանին, պանրին, բանջարեղենով ու մսով կերակուրներին: Անանուխով թեյի թուրմն օգնում է գլխացավի, սրտխփոցի, սրտխառնոցի ժամանակ, վերացնում մարսողության խանգարումները: Երբ Հասմիկի փշրում է անանուխի չորացրած տերևները թանապուրի մեջ, կերակուրի ճերմակ գույնը տեղ-տեղ դարչնականաչավուն է դառնում: Հասմիկը անջատում է գազօջախը, կաթսան ծածկում կափարիչով ու ասում, որ հինգ րոպեից կարելի է համտեսել: «Ես փորձում եմ պահպանել իմ տատից սովորած մեր ավանդական կերակուրները: Աղջիկներս էլ արդեն աստիճանաբար սովորում են ինձնից, ու հետագայում էլ իրենք կպատրաստեն իրենց ընտանիքներում: Այ էս ձևով է սերունդներին փոխանցվում, պահպանվում ազգային խոհանոցը»,- ասում է Հասմիկ Մկրտչյանը: Կոլոլակով թանապուր պատրաստելու համար անհրաժեշտ են 200 գ բլղուր (խաշած աղացած ձավար) 200 գ քուֆթայի միս Մեկ թեյի բաժակ երկար բրինձ 100 գ կարագ 1 լ մածուն 200 գ թթվասեր 1 լ եռացրած ջուր կամ տավարի մսի արգանակ 1 թեյի գդալ կարմիր պղպեղ Մի քանի տերև անանուխ (կարելի է նաև չորացրած) Պատրաստման եղանակը Մեկ թեյի բաժակ բրինձը խաշել այնքան ջրով, որ եփելուց հետո շատ քիչ ջուր մնա կաթսայում: Խաշել առանց աղի: Այնուհետև թասի մեջ լցնել 200 գ բլղուրը և ջրով թրջել, ավելացնել 200 գ քուֆթայի միս և ձեռքով այնքան շաղախել, որ ստացվի համասեռ զանգված: Ապա այդ զանգվածից պատրաստել փոքրիկ կլորավուն մսագնդեր: Մեկ այլ տարայում դարձյալ ձեռքով շաղախել 100 գ կարագը մեկ թեյի գդալ կարմիր պղպեղի հետ այնքան, որ դառնա համասեռ փափուկ զանգված: Այնուհետև ցուցամատով քուֆթայի մսի գնդիկներում փոսիկներ բացել և այն լցոնել կարագից ու կարմիր պղպեղից պատրաստած զանգվածով: Թողնել լցոնած մսագնդերը հանգստանան ու անցնել հաջորդ քայլին: 1 լ մածունը 200 գ թթվասերի հետ լավ ծփել և ավելացնել կաթսայի խաշած բրնձին ու դնել գազօջախին` մարմանդ կրակին: Անընդհատ խառնել և ավելացնել 1 լ եռացրած ջուր կամ (տավարի մսի արգանակ): Խառնել այնքան ժամանակ, մինչև եռա: Եռալուց հետո լցնել պատրաստած կոլոլակները: Ավելացնել կես ճաշի գդալ աղ (ըստ ճաշակի): 15 րոպե եփելուց հետո ավելացնել անանուխի տերևներ ու անջատել գազօջախը: Հինգ րոպեից կարելի է մատուցել:
Other Articles in Mama Makes It Better
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.