NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow
Թասի մեջ լցրած բլղուրի հատիկները թրջվում են ջրով: Փայտե շերեփով խառնելուց ջուրն ավելի է տարածվում հատիկների մեջ: Բլղուրը խոնավանում է, թասի հատակին աննշան ջուր է մնում:
«Պետք է հատիկները լավ շաղախել, որպեսզի բլղուրը ջուրը լավ ուտի: Իհարկե, ավելի լավ է ձեռքով շաղախել` խոնավությունը ճիշտ զգալու համար»,- ասում է 36-ամյա Հասմիկ Մկրտչյանը:
Հասմիկն անցնում է թաբուլե պատրաստելուն: Թաբուլեն հայկական խոհանոցում (նաև Մերձավոր Արևելքում) հաճախ պատրաստվող աղցաններից է: Բլղուրը և բազմատեսակ կանաչիները` մաղադանոսը, համեմը, կանաչ սոխը, սամիթը, թարխունը, թաբուլեի հիմնական բաղադրամասերն են: Սովորաբար թաբուլե պատրաստում են գարնանը և աշնանը, երբ առատ կանաչեղեն է լինում:
Թրջած բլղուրը պետք է մեկ ժամ մնա, մինչև հատիկներն ուռչեն: Ու մինչ բլղուրը կներծծի ջուրը, Հասմիկն անցնում է կանաչեղենը կտրատելուն: Այն շատ կարևոր է թաբուլեի համի ու արտաքին տեսքի համար:
Համեղ թաբուլե պատրաստելու համար պետք է մեկական կապ մաղադանոս, համեմ և սոխ ունենալ:
«Սամիթն ու թարխունն այդքան շատ չենք կտրատում: Կարելի է կես կապ էլ մառոլ (հազար) կտրատել, որը հետաքրքիր համ է տալիս թաբուլեին»,- ասում է նա:
Հասմիկի խոհանցում ասես փոքրիկ գարուն լինի: Կանաչիները կտրատելուց հետո Հասմիկն անցնում է հաջորդ կարևոր գործին` սկսում է գդալով խառնել բլղուրն այնպես, որ հատիկներն իրարից անջատվեն:
«Ավելացնում ենք կտրատած կանաչիները, 2 ճաշի գդալ տոմատի մածուկ: Սև պղպեղն ու աղը`ըստ ճաշակի»,- բացատրում է Հասմիկը:
Այդ ամբողջի վրա նա ճզմում է մեկ կիտրոնի հյութը, ավելացնում 0,5 լ ձեթ ու սկսում լավ խառնել ողջ զանգվածը: Հասմիկն ասում է, որ ձեթից բլղուրն ու կանաչիները գեղեցիկ փայլ են ստանում:
Տասը րոպե անց Հասմիկը մատուցում է մառոլի ու խաղողի տերևներով զարդարած թաբուլեն:
Թաբուլե պատրաստելու համար անհրաժեշտ են
1 կգ բլղուր (սպիտակ աղացած ձավար)
1 կապ մաղադանոս
1 կապ համեմ
1 կապ կանաչ սոխ
Կես կապ մառոլ
Կես կապ թարխուն և սամիթ
1 հատ կիտրոն
2 ճաշի գդալ տոմատի մածուկ
0,5 լ ձեթ
Աղը և սև պղպեղը` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1 կգ բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի հատակին աննշան ջուր մնա: Մինչև բլղուրի հատիկները ներծծում են ջուրը, մանր կտրատել կանաչիները`համեմ, մաղադանոս, կանաչ սոխ, սամիթ, թարխուն, մառոլ: Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա: Ավելացնել 2 ճաշի գդալ տոմատի մածուկ, աղն ու սև պղպեղը`ըստ ճաշակի, 0,5 լ ձեթ: Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել: Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.