Թեժ մրցակցություն. բջջային օպերատորները մրցում են սմարթֆոնների վաճառքի ոլորտում

Թեժ մրցակցություն. բջջային օպերատորները մրցում են սմարթֆոնների վաճառքի ոլորտում


Հայաստանում շարունակվում է բջջային օպերատորների թեժ մրցակցությունը, որոնք տարատեսակ սակագնային պլաններ ու բաժանորդների համար հետաքրքիր ակցիաներ տրամադրելուց զատ, այժմ մրցակցում են իրենց սպասարկման կենտրոններում բջջային հեռախոսների վաճառքի ոլորտում:


Վերջերս Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ռուսաստանյան «ՎիվաՍել-ՄՏՍ» և ֆրանսիական հեռահաղորդակցության ոլորտի հսկաներից` «Օրանժ Արմենիա» (Հայաստանում սկսել է գործել անցյալ տարվա նոյեմբերից) ընկերությունները կարծես թեժ մրցակցություն են սկսել Google-ի կողմից ստեղծված Android օպերացիոն համակարգով HTC սմարթֆոնների վաճառքի ոլորտում:

(Android-ը բաց ծրագրային կոդով համակարգ է, որով աշխատող հեռախոսները ունեն մի շարք առավելություններ` ձայնային կառավարում, Google Earth, Google Maps ծրագրերի և սոցիալական ցանցերի դյուրին կառավարում և այլն):

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մայիսի 17-ին հայտարարեց, որ «Վիվա-Սելը» Հայաստանում HTC (սմարթֆոնների համաշխարհային արտադրող) ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է և ռազմավարական գործընկերը: Երկու ընկերությունների միջև ապրիլի 10-ին ստորագրված համագործակցության մասին համաձայնագրով «ՎիվաՍելը-ՄՏՍ» համարվում է HTC ընկերության ապրանքատեսակների մանրածախ իրացումն իրականացնողը: Այժմ «ՎիվաՍելը-ՄՏՍ»-ում վաճառվում է HTC Tattoo և HTC Hero մոդելները` համապատասխանաբար` 135 հազար և 195 հազար դրամ արժողությամբ (մոտ 350 և 557 դոլար):

Իր հերթին «Օրանժ» ընկերությունը մոտ երկու շաբաթ առաջ արդեն հայտարարություն էր տարածել, որ իր խանութներում մեկնարկում է HTC սմարթֆոնների վաճառքը: «Այսպիսով, «Օրանժն» առաջինն է, որը հայկական շուկայում առաջարկում է նորարարական Android օպերացիոն համակարգով գործող հեռախոս»,- ասվում է «Օրանժի» մամլո հաղորդագրության մեջ:

«Օրանժի» խանութներում այժմ վաճառվում է միայն HTC Tattoo մոդելը` 149 հազար (387 դոլար) դրամով:

Սակայն HTC ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային ղեկավար Անդրեյ Կորմիլցևը Երևանում մայիսի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ HTC սմարթֆոնները հայկական շուկայում մոտ տասը օր առաջ «Օրանժ Արմենիայի» կողմից վաճառքի են հանվել թյուրըմբռնման արդյունքում։ Կորմիլևցը սակայն այդպես էլ չասաց, թե հետագայում իրենց արտադրած հեռախոսները, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից բացի, իրավունք ունե՞ն վաճառել այլ ընկերություններ ևս:

Նշենք, որ HTC ընկերության պաշտոնական կայքում (htc.com) «Որտե՞ղ գնել» (where to buy) բաժնում Հայաստանում երկու վայր է նշված` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակը և Unicopm խանութը: Unicopm-ում վաճառվում է HTC-ի վեց մոդել:

«Օրանժ Արմենիայի» հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց, որ սմարթֆոնները «Օրանժը» ձեռք է բերել իր եվրոպական գործընկերներից, չնայած շրջանառվող այն լուրերին, որ ընկերությունը դրանք գնում է Unicomp-ից:

«France Telecom-ը («Օրանժի» սեփականատերը) և HTC-ն գլոբալ գործընկերներ են, և այդ սմարթֆոնները վաճառելու դեպքում մենք որևէ իրավական և այլ բնույթի խնդիրներ չունենք»,- ասաց Մարտիրոսյանը` ավելացնելով, որ շուտով վաճառքի կհանվի նաև HTC Desire մոդելը:

Մարտիրոսյանն ասաց, թե առայժմ հնարավոր չէ ասել, թե ինչպես են վաճառվում սմարթֆոնները Հայաստանում, քանի որ դեռ մեկ ամիս է, ինչ դրանք վաճառքում են:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի» հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանն իր հերթին «ԱրմենիաՆաուին» փոխանցեց, որ չի կարող մեկնաբանել «Օրանժի» գործողությունները: Նա նաև նշեց, որ իրենց խանութներից գնված հեռախոսները ունեն 12 ամսվա պաշտոնական երաշխիք և անսարքության դեպքում կարող են վերանորոգվել աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ գործում է HTC ընկերությունը:

Բջջային երրորդ օպերատոր «Բիլայնն» առայժմ չի պատրաստվում իր խանութներում սմարթֆոններ վաճառել: Ընկերության մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանն ասաց, որ այժմ «Բիլայնի» խանութներում վաճառվում է միայն «Բիլայն» հեռախոսը` ամսական 990 դրամով (մոտ 2,60 դոլար), որը նախատեսված է բոլորովին այլ թիրախային խմբի համար:

Inside Armenianow