Լեռնաձոր. ապրելով անորոշության մեջ
Ալյոշա Հակոբյան
Լեռնաձորը Երևանից 340 կմ հեռավորության վրա է գտնվում: Սյունիքի մարզկենտրոնից` Կապանից, հեռու է 20 կմ, Քաջարանից, որտեղ գտնվում է մարզի արտադրական հսկաներից մեկը`Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը`6 կմ: Ի տարբերություն Հայաստանի հեռավոր գյուղերի, որտեղ գործազրկությունը մեծ չափերի է հասնում, Լեռնաձորում այդ վտանգը չկա: Գյուղի բնակչության 70 տոկոսն աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այս գյուղի մասին առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի աղբյուրներում` պատմիչ Փավստոս Բուզանդի մոտ: Այն պատմակայն Հին Ձորքի գավառն է: Ավելի վաղ ժամանակներում գյուղը կոչվել է Տիր, ապա`Քրդիկանց` ի պատիվ Քրդիկ իշխանի: «1920-ականներին, չըմբռնելով հնագույն անվանումների կարևորությունը, գյուղն անվանափոխեցին Լեռնաձոր,- բացատրում է Լեռնաձորի դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը:- Գյուղը ներկայիս տարածք է տեղափոխվել լեռան հակառակ կողմից 1958 թվականին, որտեղ գտնվում էր Քրդիկանցը»: Տասը տարի անց`1968-ին, երկրաշարժն ավերում է գյուղացիների տները: Գյուղապետ Ստեփան Պետրոսյանն ասում է, որ տնակները, որոնք նախատեսված էին 17 տարվա համար, ծառայել են գրեթե 40 տարի: «2005 թվականից սկսած, երկար սպասումներից հետո, կառավարությունը վերջապես անհատույց վարկեր տրամադրեց գյուղացիներին` նոր տներ կառուցելու համար: Այսօր գյուղացիների գրեթե 30 տոկոսն արդեն նորակառույցներում է,- ասում է նա,-սակայն հիմա էլ մի այլ խնդիր է մարդկանց անորոշության մեջ թողել…»: Լեռնաձորում թեժ քննարկվող թեման ուրանի հանքերն են: Գյուղացիները ցույց են տալիս դիմացի լեռան լանջին` 300 մ հեռավորության վրա գտնվող ուրանի հանքերը: «Ուրանի ծրագրի հետ կապված մարդիկ մնացել են շվարած`կառուցե՞ն մինչև վերջ իրենց տները, թե՞ չկառուցեն, առանց այն էլ էկոլոգիապես մաքուր տարածքում չենք ապրում, մեր կողքին Քաջարանի արտադրական հսկան է, ընդերք են շահագործում, բաց հանք է: Եթե սկսեն ուրանի հանքերը շահագործել, երևի թե միակ պատճառը կդառնա, որ լեռնաձորցիները լքեն իրենց տները»,- ասում է գյուղապետը: Հայաստանի ամբողջ տարածքում ուրանի պաշարների հետազոտության և ուրանի հանքավայրերի շահագործման մենաշնորհը տրված է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին: Ուսումնասիրություններն սկսվել են 2009 թ. օգոստոսի 5-ից և տևելու են մինչև 2014 թ. օգոստոսի 23-ը: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին բնապահպանության նախարարության տված լիցենզիան, որը շոշափում է Հայաստանի ողջ բնակչության շահերը, հասարակական քննարկման չի դրվել, թեպետ Հայաստանը 2001 թ. վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որով սահմանվում է հասարակության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումների կայացմանը: «Լեռնաձորցու կարծիքը մի հատ հարցնեին էլի, դա նույն է, որ Ղարաբաղի հարցը լուծեն առանց ղարաբաղցիների: Առաջինը մեր կյանքն է վտանգվելու: Նույնիսկ Ղափան տեղափոխվելը չի փրկի, բոլորս էլ կիրթ մարդիկ ենք ու լավ հասկանում ենք, որ պետք է նվազագույնը 60 կմ հեռու բնակվել ուրանի շահագործվող հանքերից»,-ասում է Ռաֆիկ Պետրոսյանը: Գյուղապետն ասում է, որ իրենց ոչինչ չեն ասում, մինչդեռ լեռնաձորցիներն ուզում են իմանալ իրենց հետագա ճակատագիրը: «Մեր վերջն ի՞նչ է լինելու, գուցե գյո՞ւղն են տեղափոխելու»,- հարցնում է գյուղապետը: Ու մինչ «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն շարունակում է իր հետազոտություններն ուրանի հանքերում, լեռնաձորցիները շարունակում են ապրել անորոշության մեջ: 74-ամյա Մարուսյա Ղուկասյանը տան բակում չորաթան է պատրաստում ձմռան համար: Բակի պարաններից կախված են ավելուկի հյուսքերը: Նրա ամուսինը` 78- ամյա Ալյոշա Հակոբյանը, ով Կապան-Մեղրի ճանապարհաշինարարներից է եղել, ասում է, որ ուրանի հանքերից մեկն էլ Կապան-Մեղրի ճանապարհի տակ է գտնվում: «Այդ ճանապարհով ամեն օր հարյուրավոր մեքենաներ են անցնում: Հայաստանի միակ ճանապարհը փակում են, որ ուրան բաց անե՞ն: Մարդիկ կփախչեն այս կողմերից, էլ ո՞վ կմնա Քաջարանի կոմբինատում աշխատելու»,- հարցնում է Ալյոշա Հակոբյանը: Լեռնաձորցի 65-ամյա Լյուդվիգ Գևորգյանն էլ, ձեռքով սրբելով պատշգամբի երկաթե բազրիքը, ասում է. «Տեսեք` ինչ դեղին փոշի է, քամին Քաջարանից է բերում-հասցնում այստեղ, ու մենք սա շնչում ենք, հիմա էլ` ուրանը: Դա կլինի դանդաղ մահ բոլորիս համար»:
Other Articles in Features
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.