ԵԱՀԿ-ն կխթանի Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը

ԵԱՀԿ-ն  կխթանի Հայաստանում  մրցակցային միջավայրի  բարելավմանը


Հունիսի 2-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի խթանելու Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումը:


Համագործակցության հուշագրով նախատեսվում է ամրապնդել իրավակիրառական բազան, խթանել սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն ասել է, որ անհրաժեշտ է հավասար պայմաններ ապահովել հայ գործարարների համար, որը կարևոր է երկրում ավելի լավ գործարար միջավայր ստեղծելու համար:

«Հակամենաշնորհային օրենսդրության և հանձնաժողովի իրավունակության ամրապնդումը, փոքր ու միջին բիզնեսի արդյունավետ և համապարփակ զարգացման վրա կենտրոնացումը կարող են ամուր հիմքեր ստեղծել տնտեսության զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար»,- ասել է նա:

Փոխըմբռնման հուշագրով ԵԱՀԿ գրասենյակը կօժանդակի մրցակցային կանոնների և չափորոշիչների մշակմանը` ըստ միջազգային չափանիշներին համապատասխանող գնահատման ընթացակարգերի: Այն կօգնի նաև զարգացնելու և ներկայացնելու ցուցիչների ընդգրկուն համակարգ` ամրապնդելու մրցակցային արդյունավետ քաղաքականություն ու կօժանդակի Միջազգային մրցակցային ցանցի հետ Հայաստանի համագործակցությանը:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հավելել է. «Հայաստանի մրցակցային օրենսդրությունը բարեփոխվում է և, մասնավորապես, նախատեսվում է հանձնաժողովի վերահսկողության իրավասությունների ամրապնդում»:

Inside Armenianow