Էկո քաղաքականություն. Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը վարչապետ Սարգսյանը և նախարարները մասնակցել են մաքրման աշխատանքներին

Էկո քաղաքականություն. Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը վարչապետ Սարգսյանը և նախարարները մասնակցել են մաքրման աշխատանքներին

Photolure

Վարչապետ Սարգսյանը և նրա որդի Աբգարը Հրազդանի կիրճը մաքրելիս:

Շրջակա միջավայրի պահպանման միջազգային օրը Երևանի Հաղթանակի, Կիևյան և Դավիթաշենի կամուրջներին հարող տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներով մեկնարկել է «Մաքուր Հայրենիք» ազգային ծրագիրը, որին անձամբ մասնակցել են ծրագրի նախաձեռնողը`ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության այլ անդամներ: Վարչապետն ասել է իր նախարարներին, որ անցյալ ամիս նամակ է ստացել «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստներից, որոնք «Մաքուր Հայրենիքի» կոչ են անում: Այս ամենն էլ խթան է հանդիսացել նման ծրագրի իրականացման համար:

«Մաքուր Հայրենիք» հայեցակարգն ունի բավական լուրջ և հեռագնա իմաստ։ Մենք պետք է լինենք հետևողական, որպեսզի այս նախաձեռնությունը տարածվի բոլոր մարզերում, և անպայման կմասնակցենք այդ ակցիաներին»,- սեփական ձեռքերով աղբը հավաքելու օրինակ ծառայելուց հետո ասել է վարչապետը, որը դրել էր նարնջագույն ձեռնոց, սև ակնոց, կապույտ գլխարկ և սպիտակ վերնաշապիկ` «Բնապահպան» գրությամբ: Նրա որդին` Աբգարը, նույն հանդերձանքով, օգնում էր հորը մաքրելու տարածքը:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն` ծրագիրը մշակել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մաքրման և բնապահպանական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Նման նախաձեռնությունը ողջունում են նաև բնապահպանները: «էկոլուր» բնապահպանական-տեղեկատվական հասարակական կազմակերպության տնօրենն ասում է, որ նման նախաձեռնություններ հաճախակի պետք է լինեն:

«Անհրաժեշտ է լուծել նաև այլ բնապահպանական խնդիրներ, որոնք առաջացել են, օրինակ` Զանգու գետը խողովակի մեջ անցկացնելուց հետո, որը խախտել է [Երևան] քաղաքի էկոհամակարգը: Բացի այդ, անհրաժեշտ է կարգավորել նույն Հրազդանի կիրճում գործող տարբեր մասնավոր կառույցների գործունեությունը, որպեսզի նրանք չաղտոտեն [Հրազդանի կիրճում կառուցված] իրենց ժամանցի օբյեկտների [սրճարանների և ռեստորանների] շրջակա տարածքը»,- «ԱրմենիաՆաուին» հայտնում է Ինգա Զարաֆյանը:

Ծրագիրը կշարունակվի հետագայում` տեղադրելով լրացուցիչ աղբարկղեր և Հրազդանի ձորի սանիտարական, բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ վահանակներ։ Նախատեսվում է նաև ստեղծել տարածքի սանիտարական վիճակի պահպանման համար վերահսկողություն սահմանող հանրային հիմունքներով գործող հանձնախումբ:

«Մաքուր Հայրենիք» ծրագիրը նաև համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, մասնակցում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և մի շարք ոչ պետական այլ կազմակերպություններ:
Inside Armenianow