Ընդդեմ անապատացման. բնապահպանների կոչերը մնացել են ձայն բարբառո հանապատի

Ընդդեմ անապատացման. բնապահպանների կոչերը մնացել են ձայն բարբառո հանապատի

Photo: www.armeniatree.org

«Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամը օգնել է կերպարանափոխել Հայաստանի շատ տարածքներ, ինչպես այս մեկը Խոր Վիրապում(առաջ և հետո):

Ըստ բնապահապանության փորձագետների` Հայասատանի տարածքի 80 տոկոսին սպառնում է անապատացումը: Սակայն բնապահպանները նշում են, որ իրավիճակը շտկելու ուղղությամբ պետության կողմից գրեթե ոչինչ չի ձեռնարկվում, և ցանկացած ջանքեր անտեսանելի են մնում ընդերքն անխնա շահագործելու պատճառով: Երևանում կանաչ տարածքների հաշվին շինարարություն է իրականացվում, իսկ գյուղատնտեսական հողերի աղակալումը համարվում է անապատացման վտանգի գլխավոր պատճառ:

Հունիսի 17-ին` Անապատացման դեմ պայքարի միջազգային օրը, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ, Անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանը հայտարարեց, որ 2002-ին կոնվենցիային միանալուց ի վեր Հայաստանում ընդամենը երկու պիլոտային ծրագիր է իրականացվել (ընդհանուրը` 70 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ) և մշակվել է անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր:

Թե ստույգ ի´նչ գործողություններ են ներառված ազգային ծրագրում և քանի տարի հետո հնարավոր կլինի կրճատել Հայաստանում անապատացման գործընթացները հարցին Վարդևանյանն անորոշ պատասխան տվեց: Նա հանկարծ հիշեց, որ ընդերքն օգտագործողները հիմնադրամ են ստեղծել, որտեղ գումարներ են մուտքագրվում հանքերի բաց շահագործումից տուժած էկոհամակարգերի վերականգնման համար, սակայն թե որքա´ն գումար է մուտքագրվել այդ ֆոնդ, Վարդևանյանը դժվարացավ ասել:

«Սևանի մակարդակը բարձրացել է, չէ՞»,- օրինակ բերեց Վարդևանյանը` այսքանով եզրափակելով անապատացման դեմ պայքարի արդյունքների թվարկումը:

Ի տարբերություն Վարդևանյանի լավատեսական տրամադրությունների`հայ բնապահպանները արդեն մի քանի տարի շարունակ լրջորեն ահազանգում են Հայաստանի անապատացման մասին: Նույնիսկ Համաշխարհային բանկը Հայաստանի իշխանություններին զգուշացրել է Հայաստանի վերահաս անապատացման մասին:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է 10 տոկոս, չնայած բնապահպանական կազմակերպությունները, հիմք ընդունելով իրենց հետազոտությունները, պնդում են, որ դրանք ընդամենը 8 տոկոս են կազմում, մինչդեռ 20-րդ դարի սկզբին անտառածածկ տարածքները կազմում էին Հայաստանի տարածքի 25 տոկոսը: Եվս 20 տարի անապատացման շարունակման դեպքում` Հայաստանում անտառները համարյա կվերանան:

Ըստ Վարդևանյանի` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում անապատացում առաջացնող հիմնական գործոնները ապօրինի ծառահատումներն են, արոտավայրերի գերարածեցումը և գյուղատնտեսության ոչ ճիշտ կազմակերպումը:

Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որ անապատացումը ծավալվի:

«Գյուղատնտեսական մշակովի հողերը կրճատվում են, բերրի հողերը աղակալում են, անտառները հատվում են, անխնա շահագործվում է ընդերքը, իսկ հանքարդունաբերությունը մեր արդյունաբերության մեջ գերակա ճյուղ է համարվում»,- ասում է Սանասարյանը:

Սրան հակառակ` Հայաստանի անտառները վերահսկող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում նկատվում է ապօրինի անտառահատումների նվազում:

«Օրինակ` 2003 թվականին «Հայանտառի» ենթակայության տակ գտնվող տարածքներում գրանցվել է 27 հազար ապօրինի ծառահատում, իսկ անցյալ տարի ապօրինի հատված և գրանցված ծառերի թիվը հասել է մոտ 2000-ի»,- ասում է Պետրոսյանը:

Մյուս կողմից բնապահպանները շարունակում են պնդել, որ Հայաստանում անտառահատումները շարունակվում են:

«Ամեն տարի մեծ քանակությամբ լավորակ փայտանյութ է արտահանվում եվրոպական երկրներ, իսկ վատորակ փայտը մնում է»,- ասում է Սանասարյանը:

90-ականներին էներգետիկ ճգնաժամի տարիներին ապօրինի ծառահատումների վնասը փոխհատուցելու նպատակով վերջին տարիներին «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և բնապահպանական մի քանի կազմակերպություններ ծառատունկեր են իրականացրել Հայաստանի տարբեր մարզերում, որոնք լիարժեք անտառ են դառնում տնկելուց 15-20 տարի հետո միայն:

Վերջերս, օրինակ, Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամի (Armenian Tree Project) և «Հայանտառի» հետ համատեղ Լոռու մարզի երեք գյուղական համայնքներին կից անտառազուրկ տարածքներում իրականացրել է 630 հա անտառատնկման աշխատանքներ: Ծրագիրի նպատակը կլիմայի փոփոխության ազդեցությունների մեղմացումն է Հայաստանում անտառային լանդշաֆտների վերականգնման միջոցով: Հայաստանի անտառների վերականգնման գործում մեծ ավանդ ունի հատկապես «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամը նշանակալի ներդրում է իրականացրել Հայաստանում անտառների վերականգնման նպատակով: Ոչ առևտրային կազմակերպությունը հիմնվել է ԱՄՆ-ում, որն արդեն 15 տարի ծառատունկի աշխատանքներ է իրականացնում Հայաստանում:

Inside Armenianow